Հռոմի պապը կոչ է արել սուլթանին դադարեցնել հայերի կոտորածը. հրապարակուել է նոր գիրք

Հռոմի պապը կոչ է արել սուլթանին դադարեցնել հայերի կոտորածը. հրապարակուել է նոր գիրք

Գերմանացի պատմաբան եւ լրագրող Միխայել Հեսեմանի «Հայոց ցեղասպանութիւնը» գիրքը, որը ներկայացնում է Վատիկանի արխիւներից գաղտնի փաստաթղթեր, հրատարակուել է Հայաստանում, յայտնում է Էջմիածնի Մայր Աթոռի մամուլի ծառայութիւնը։

Նշւում է, որ գիրքը հրատարակուել է Էջմիածնի Մայր Աթոռի հրատարակչութեան կողմից։

Հեսեմանն ասել է, որ 2008 թուականին ինքը մուտք է գործել Վատիկանի արխիւներ եւ պատահաբար յայտնաբերել է մի թղթապանակ, որը պարունակում էր հայերի հալածանքների մասին նիւթեր։

«Ես գտայ աւելի քան 3000 էջ փաստաթղթեր, որոնք լոյս են սփռում այդ իրադարձութիւնների վրայ։ Հռոմի պապը անձամբ երկու անգամ գրել է սուլթանին՝ կոչ անելով դադարեցնել կոտորածները», – նշել է նա։

Յայտնաբերումից ցնցուած՝ Հեսեմանը կապ է հաստատել իր ընկերոջ՝ Գերմանիայում բնակուող Ազատ Օրդուխանեանի հետ։ Օրդուխանեանն իր հերթին կապ է հաստատել Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի եւ այլ մարմինների հետ՝ պարզելու համար, թէ արդյօք հայերը գիտեին այդ փաստաթղթերի մասին։ Պարզուել է, որ ոչ։

Գրքի հեղինակի խօսքով՝ փաստաթղթերը Վատիկան են հասել տարբեր աղբիւրներից. այս տեքստէրը թոյլ են տալիս վերականգնել այդ ողբերգական իրադարձութիւնների ամբողջական պատկերը։

Նամակները, վկայութիւնները եւ զեկոյցները ուսումնասիրելով՝ հետազօտողը եզրակացնում է, որ Հայոց ցեղասպանութիւնը նախապէս ծրագրուած դաւադրութիւն էր։

«Մենք յայտնաբերեցինք Սուրբ Աթոռ ուղարկուած ցնցող վկայութիւններ եւ զեկոյցներ։ Այս նիւթերը հրապարակուել են իմ գրքում Գերմանիայում 2015 թուականին եւ դեր են խաղացել Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանութեան ճանաչման գործում», – նշել է Հեսեմանը։

Նա ընդգծել է, որ անկախ եւ չէզոք աղբիւրները յատկապէս արժէքաւոր են։ Արխիւային տուեալների համաձայն՝ փորձեր են արուել կանխելու կոտորածները։ Մասնաւորապէս, որոշ գերմանացիներ դիմել են կանցլերին եւ զինուորական հրամանատարութեանը, կաթոլիկ եկեղեցին փորձել է միջամտել, իսկ Հռոմի պապ Բենեդիկտոս XV-ը (1914-1922) նամակներ է գրել օսմանեան սուլթան Մեհմեդ V-ին։ Սակայն այս ջանքերը չէն դադարեցրել բռնութիւնը։

Հեսեմանը եզրակացրել է, որ հայկական ողբերգութիւնը յանգեցրել է յետագայ այլ ցեղասպանութիւնների։

Share