Դպրոցականը թքել էր Փաշինեանի մեքենայի վրայ. եկեղեցու միջադէպից յետոյ եւս մէկ տղայի են ձերբակալել

Դպրոցականը թքել էր Փաշինեանի մեքենայի վրայ. եկեղեցու միջադէպից յետոյ եւս մէկ տղայի են ձերբակալել


Կիրակի օրը Ծաղկազարդի տօնին, ժամը 15–ի սահմաններում, Սուրբ Աննայ եկեղեցում Նիկոլ Փաշինեանի մասնակցութեամբ միջադէպից յետոյ եւս մէկ դէպք է գրանցուել։ Այս մասին Facebook–ի իր էջում յայտարարեց փաստաբան Ռուբէն Մելիքեանը։

Նա պատմեց հետեւեալը. «Միքայել անունով 18 տարեկան մի տղայ դուրս է գալիս աղբը թափելու, տեսնում է վարչապետի շարասիւնը, մօտենում է եւ թքում է Նիկոլ Փաշինեանի մեքենայի վրայ։ Երբ հարցնում են՝ ինչի ես դա արել, ասում է՝ որովհետեւ թուրքը ծախել է մեր հողերը։

Միքայելին ձերբակալում են, խուլիգանութեան կասկածով։ Ես մի քանի ժամ յետոյ ներգրաււում եմ։ Այս ընթացքում, որ ես նաեւ մի քիչ պասիւ էի, դրանով էր պայմանաւորուած, երեխայի մօտ էի այցելում ԶՊՎ։ Այսօր հրաւիրում են մէզ Էրեբունի բաժնում, դատախազի որոշումն են ներկայացնում, սա որակում են որպէս խուլիգանութիւն։ Շատ հետաքրքիր բան, ոչ միայն թքելու փաստը, այլ «թուրքը ծախել է մեր հողերը» արտայայտութիւնն է հիմք ընդունուել։ Դա խուլիգանութեան էլեմենտ է դիտւում, անպարկեշտ արտայայտութիւն։

Իհարկէ, ես մասնակի համաձայն եմ, «թուրքը ծախել է մեր հողերը» արտայայտութեան ոչ ճշգրիտ լինելու մասով, որովհետեւ կեանքում թուրքը իր հողերը չի ծախում։ Սրան թուրք անուանելը ճիշտ չի, անարդար է թուրքերի նկատմամբ։ Այդպիսի կերպար թուրքերի մէջ չես կարող գտնել, այդպիսի դաւաճան։

Բայց դատախազը գտնում է, որ դա անպարկեշտ արտայայտութիւն է»։

Ռուբէն Մելիքեանի խօսքով, Միքայելի ծնողները պարկեշտ մարդիկ են, ինքն էլ գերազանցիկ աշակերտ է։

«Ես էլ իմ երեխեքին դաստիարակում եմ, որ երեխեքը ջան, մի թքեք, չի կարելի։ Մեր երեխեքը Ալէն Սիմոնեանից վատ օրինակ են վերցնում։ Նա բոլոր հարցերում եղել է վատ, այդ թւում նաեւ այդ հարցում, նա վատ ուսանող է եղել, վատ դերասան, նա շատ լաւ է մենակ շողոքորթելուց։

Եթէ Ալէն Սիմոնեանի մեղադրական դատաւճիռը բերեին դնէին սեղանին, ես կ’ընդունէի, կասէի՝ հա ես էլ եմ այստեղ մեղադրւում, բայց էս ի՞նչ երկիրը։ Այսինքն Ալէն Սիմոնեանը մարդու երեսին թքի, դա յանցագործութիւն չի, երեխէն, որ իր դիրքորոշումը արտայայտել է այդ ոչ շատ քաղաքաւարի ձեւով, դա յանցագործութեօ՞ւն է, այդպէս ո՞նց կը լինի։ Այդպէս ակնյայտ խտրական վերաբերմունք կը լինի՞։ 48 ժամ էլ նստեց երեխան։

Նրանց խուլիգանութիւն չի, սա խուլիգանութեօ՞ւն է։ Ալէն Սիմոնեանը թքում է մարդու երեսին, այսինքն մարդու երեսը աւելի երկրորդական է քան վարչապետին սպասարկող աւտօ՞ն։ Ալէն Սիմոնեանի դատաւճիռը լինի սեղանին, հարց չկայ, ես էլ կասեմ՝ ես էլ եմ մեղաւոր, ես էլ եմ խուլիգան, ինձ էլ տարեք, դատեք։ Բայց եթէ էդ մարդու արածը յանցագործութիւն չէր ըստ քննչական մարմինների, այդ ո՞նց եղաւ այս արարքը յանցագործութիւն է։ Կամ պրոբլեմը նրա մէջ է, որ քննչական մարմինները անկողմնակալ չէն, կամ էլ հարցը այն է, որ դա թոյլատրելի արարք է։

Հիմա Միքայելն ունի մեղադրեալի կարգավիճակ Քրեական օրէնսգրքի «խուլիգանութիւն» յօդուածի առաջին մասով, կիրառուել է բացակայելու արգելք խափանման միջոցը»,–ասաց նա։

News.am

Share