ՀՀ պետական կառոյցներին արգելւում է «Արցախ» բառն անգամ օգտագործել, մինչդեռ Ադրբեջանն իր համար պարբերաբար հնարում է նոր ցեղասպանութիւններ. Էլիբեգովա

ՀՀ պետական կառոյցներին արգելւում է «Արցախ» բառն անգամ օգտագործել, մինչդեռ Ադրբեջանն իր համար պարբերաբար հնարում է նոր ցեղասպանութիւններ. Էլիբեգովա

Մինչ Նիկոլ Փաշինեանը հրաժարւում է Արցախում կատարուածն իրական անունով կոչել ու այն գնահատել որպէս էթնիկ զտում, փոխարէնը յայտարարում է, որ 1915 թ-ի Հաեօց Ցեղասպանութեան ճանաչումն այլեւս ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւն չէ, Ադրբեջանի ՄԻՊ-ը միջազգային հանրութիւնից պահանջում է 1918 թ․ իրադարձութիւնները ճանաչել «հայերի կողմից ցեղասպանութիւն»։

Ադրբեջանագէտ Անժելայ Էլիբեգովան «Փաստինֆոյի» հետ զրոյցում նկատում է՝ Ադրբեջանի իշխանութիւնների իրական նպատակը խաղաղութիւնը չէ։ «Իրենք հայկական կողմի առաջ դնում են պահանջներ չբարձրաձայնել այդ հարցերը, իրենց համար որեւէ խնդիր չստեղծել,իսկ ՀՀ փաստացի իշխանութեան կողմից նոյնիսկ արգելւում է պետական որեւէ կառոյցներին առհասարակ «Արցախ» բառը օգտագործել։ Ակնյայտ է, որ Ադրբեջանի պահանջների եւ ներկայ իշխանութիւնների դիրքաւորումն համընկնում է, հակառակ դէպքում գոնէ ինչ-որ արձագանք կը լինէր, երբ Ադրբեջանը ինքն իր համար պարբերաբար հնարում է նոր ցեղասպանութիւններ, վարում է հակահայկական քարոզչութիւն, շարունակում է հայատեացութիւն տարածել, եւ որեւէ արձագանք այստեղից պետական մակարդակով դրան չկայ։ Այստեղից հետեւութիւն, որ դա որեւէ խնդիր ներկայ Հայաստանի իշխանութիւնների համար բացարձակ չի առաջացնում»։

Անդրադառնալով, վերոյիշեալ տարեգրութեամբ իրադարձութիւններին՝ Էլիբեգովան նշեց, որ մի քանի տարի առաջ Գուբայ քաղաքում ադրբեջանցիները յայտնաբերել են ինչ-որ մասսայական գերեզմանոց, որը, ըստ տեղացիների, դարասկզբի գերեզմանոց է, արդիւնքում որեւէ միջազգային փորձաքննութիւն չի արուել, որեւէ յստակ գիտական մօտեցում այդտեղ չի դրսեւորուել՝ հասկանալու համար, թէ դրանք ինչ մարդկանց մասունքներ են։ Մինչդեռ, այդտեղ այդ ժամանակահատուածում բնակչութիւնը խառն է եղել, իսկ իրենք միանգամից սկսեցին պնդել, որ ադրբեջանցիներ են, սակայն չկայ որեւէ վկայութիւն, որ այդտեղ, օրինակ, լեզգիներ կամ հէնց հայեր չէն թաղուած։
Փորձագէտի փոխանցմամբ՝ ադրբեջանցիները սկսել են պնդել, որ այդտեղ եղել է մուսուլմանական ինչ-որ բնակչութիւն, սակայն դա փաստող որեւէ վկայութիւն չկայ։ «Արդիւնքում, միանգամից հնարեցին պատմուածք, որ դրանք ադրբեջանցիներ են, որոնց այդտեղ հայերը սպանել են, մինչդեռ որեւէ վկայութիւն չկայ, որ այդ մարդիկ առհասարակ եղել են սպանուած, բռնութեան ենթարկուած, օրինակ, նրանք կարող էին մահացած լինել տիֆից, որովհետեւ այդ ժամանակահատուածում այդ տարածաշրջանում եղել է տիֆի համաճարակ։ Այսինքն, յայտնի չէ, թէ իրականում այդ մասսայական գերեզմանոցում ովքեր են, ինչի հետեւանքով են այդ մարդիկ մահացել, ինչ է այդտեղ տեղի ունեցել՝ որեւէ փաստաւաւերագրական ապացոյց մինչ օրս ներկայացուած չէ, բայց ադրբեջանական կողմը առանց ապացոյցի միանգամից ներկայացրել է, թէ դրանք իբր ադրբեջանցիներ են, որոնց իբր սպանել են այդտեղի հայերը։ Քանի որ իրենք ունէին մեծ կարիք հնարելու իրենց համար ցեղասպանութիւն՝ հայերի օրինակով՝ արել են»։

Ադրբեջանագէտն ընդգծեց, որ սա իրականում ադրբեջանցիների կողմից յօրինուած նմանատիպ մի քանի դրուագներից ընդամէնը մէկն է։ «Ես մօտ 20 հատ նման յօրինուած պատմութիւն եմ հաշուել, երբ իրենք հնարում են ցեղասպանութեան դէպքեր։ Հայկական կողմը նախկինում նոյնիսկ պնդել է միջազգային փորձաքննութեան անցկացման անհրաժեշտութիւնը, բայց դա եղել է մինչեւ ներկայ իշխանութիւնները, որոնք առհասարակ ոչ մի խնդրահարոյց բան չէն տեսնում, երբ Հայաստանին եւ հայ ժողովրդին մեղադրում են ցեղասպանութեան մէջ։ Նախկինում հայկական կողմը պնդել է, որ պէտք է անկախ միջազգային փորձաքննութիւն անցկացուի, որ հասկանալի լինի, թէ ի վերջոյ ովքեր են եղել եւ ինչ պատճառով են այդ մարդիկ մահացել։

Փոխարէնը, Ադրբեջանը արագ կառուցեց յուշահամալիր, որտեղ առաջին մի քանի տարին նոյնիսկ փոքր երեխաներին տանում՝ ցոյց տալու մարդկանց գանգերը եւ ոսկորները հողիից դուրս եկած, յետոյ մի քիչ տեսքի բերեցին, ու սկսեցին այդտեղ տանել միջազգային պատուիրակութիւններ, բայց ամէն դէպքում, այնտեղ բաւական ահասարսուռ պատկեր է, որի ստեղծման իրական նպատակը ադրբեջանական իշխանութիւնների կողմից այդ ոսկորները մաքսիմալ քարոզչական նպատակով օգտագործելն է։ Ովքե՞ր են այդտեղ թաղուած, ինչից են այդ մարդիկ մահացել, մինչ օրս որեւէ գիտական ապացոյց այդ ամէնի շուրջ չկայ։ Ադրբեջանին շատ պէտք է ունենալ ցեղասպանութիւն, եւ իրենք համար առիթը բաց չէն թողում այդ մասին խօսել»։
Նա ընդգծեց, որ քանի որ Ադրբեջանը բաւական հետեւողական են, ուստի, եթէ որեւէ հակազդեցութիւն հայկական կողմից չլինի, իրենք իհարկէ, յաջողելու են։

Share