Հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանաւոր տէրութեան» մեխանիզմը

Հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանաւոր տէրութեան» մեխանիզմը

Հայ գերիների հարազատները խնդրում են գործարկել «Հովանաւոր տէրութեան» մեխանիզմը:
Ադրբեջանում ապօրինի պահուող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները խնդրում են Միջազգային մարդասիրական իրաւունքի շրջանակում գործարկել «Հովանաւոր տէրութեան» մեխանիզմը:
«Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոն»-ի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ապօրինի պահուող հայ գերիների հարազատները նամակով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանին, Շուեյցարիայի Համադաշնութեան արտաքին գործերի դաշնային դէպարտամենտի ղեկավար Իգնացիոյ Կասիսին, ինչպէս նաեւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի նախագահ Միրեանայ Սպոլեարիչ Էգերին, որպէսզի գործարկուի «Հովանաւոր տէրութեան» մեխանիզմը:

«Մեր խորին մտահոգութիւնն ենք յայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գրասենեակի ամբողջական փակման կապակցութեամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդէն իսկ ծանր վիճակը՝ մէզ թողնելով նրանց ճակատագրի եւ կացութեան վերաբերեալ խորը անորոշութեան մէջ։

Կոչ ենք անում Հայաստանին պաշտօնապէս դիմել Շուեյցարիայի Համադաշնութեան կառավարութեանը, որպէսզի շուեյցարական կողմը ստանձնի «Հովանաւոր տէրութեան» դերը։ Սա անհրաժեշտ եւ հրատապ քայլ է մեր հարազատների իրաւունքների, անվտանգութեան եւ արժանապատուութեան պաշտպանութիւնը միջազգայնօրէն ճանաչուած մեխանիզմներով ապահովելու համար։

Մենք գիտակցում ենք, որ «Հովանաւոր տէրութեան» ինստիտուտը վերջին տասնամեակների ընթացքում չի կիրառուել ու կարող է անսովոր թուալ այսօրուայ համատեքստում, սակայն բացառիկ եւ ապօրինի հանգամանքները, որի հետ առնչւում ենք, պահանջում են հէնց այսպիսի բացառիկ միջոցներ»,- ասւում է Ադրբեջանում ապօրինի պահուող հայ գերիների հարազատների ու ներկայացուցիչների նամակում:

Նրանք նշել են, որ առնուազն 19 անձ այս պահին պահւում է Բաքւում. «այս իրավիճակը յանգեցրել է իրաւունքի պաշտպանութեան լուրջ վակւումի՝ ստեղծելով բռնութեան ենթարկուելու, վատ վերաբերմունքի արժանանալու եւ նոյնիսկ բռնի անյետացման բարձր ռիսկեր»:

«Ժամանակն ունի վճռորոշ նշանակութիւն։ Շարունակուող յապաղումը կարող է աւելի խորացնել ապօրինի պահուող անձանց տառապանքները եւ մեծացնել նրանց կեանքի ու ֆիզիկական անձեռնմխելիութեան նկատմամբ սպառնալիքները։ Ուստի կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան եւ Շուեյցարիայի կառավարութիւններին ձեռնարկել համապատասխան քայլեր իրենց մանդատի շրջանակում, եւ դա անել ճիշտ ժամանակին։ Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին խնդրում ենք աջակցել, որպէսզի ապահւուի միջազգային իրաւունքի արդիւնաւետ կիրառումը եւ էթնիկ հայերի իրաւունքների պատշաճ պաշտպանութիւնը՝ շարունակուող խախտումների պայմաններում»,-նշւում է նամակում։

Share