Ներկայացնում ենք Մէդիամաքս կայքի հրապարակած American Enterprise Institute վերլուծական կենտրոնի աւագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի «Արդեօք Հայաստան-Ադրբեջան խաղաղութիւնը կը լինի՞ հերթականը, որ կը խափանուի» յօդուածի հայերէն թարգմանութիւնը։
Մայքլ Ռուբին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արժանի է Խաղաղութեան Նոբէլեան մրցանակի։ Նա ներգրաւուած է եղել Գազայի եւ Իրանի շուրջ զարգացումներում եւ պնդում է, թէ վերջ է դրել Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ «հազարամեայ վէճին»՝ անտեսելով այն փաստը, որ Հնդկաստանի բաժանումից դեռ 80 տարի էլ չի անցել։ Նա նաեւ յայտարարել է Ռուանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետութեան միջեւ խաղաղութեան հաստատման մասին։ Մինչդեռ Գազայում «Համաս»-ը շարունակում է հրաժարուել զինաթափուելուց։ Նոյնը վերաբերում է նաեւ Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ին։ Իրանի հետ ձեռք բերուած փոխըմբռնման յուշագիրը տասը օր անգամ չգործեց։ Իսկ Կոնգոյի նախագահ Ֆելիքս Չիսեկեդին, կարծես, աւելի շահագրգռուած է իր երկրի ինքնիշխանութեան հաշուին Չինաստանին զիջումների գնալ՝ սահմանադրութեանը հակասող երրորդ ժամկէտն ապահովելու նպատակով, քան Թրամփին տուած խոստումները կատարելու կամ այն ահաբեկչական խմբաւորումներին զսպելու մէջ, որոնց գործունէութեան հետեւանքով տարածաշրջանում անվտանգութեան իրավիճակը կտրուկ վատթարացել է։

Այժմ թւում է, թէ Թրամփի խաղաղարար ջանքերի գլխաւոր ձեռքբերումը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերուած համաձայնութիւնը, փլուզման եզրին է։ 2025 թուականի օգոստոսի 8-ին Թրամփը Սպիտակ տանը հիւրընկալեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանին։ Առաջնորդները համատեղ յայտարարութիւն ստորագրեցին, որի նպատակն էր վերջ դնել տասնամեակներ շարունակուող ռազմական հակամարտութեանը։ «Մենք վերջապէս հասանք խաղաղութեան հաստատմանը։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտաւորւում են ընդմիշտ դադարեցնել բոլոր ռազմական գործողութիւնները, բացել առեւտրային, տրանսպորտային եւ դիւանագիտական կապերը, ինչպէս նաեւ յարգել միմեանց ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը»,– յայտարարեց Թրամփը։
Հրադադարից յետոյ Թրամփն որդեգրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «միջանցքի» վերաբերեալ առաջարկը՝ այն վերանուանելով «Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման» (TRIPP)։ Խօսքը ԱՄՆ-ի կողմից կառավարուող տրանսպորտային միջանցքի մասին է, որը նախատեսուած է Թուրքիայի եւ Ադրբեջանի էքսկլաւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու, ինչպէս նաեւ Նախիջեւանը Հայաստանի տարածքով բուն Ադրբեջանին կապելու համար։
Միջանցքի վերաբերեալ Թրամփի վարչակազմի պատկերացումն ի սկզբանէ թերի էր երկու պատճառով։ Նախ՝ եթէ Թուրքիան եւ Ադրբեջանը վերացնէին Հայաստանի շրջափակումը, նման միջանցքի անհրաժեշտութիւնը կը վերանար։ Երկրորդ՝ Ադրբեջանի համագործակցութիւնն Իրանի հետ հարկադրուած չէ. 2022 թուականին Ադրբեջանը գործարկեց Իրանի տարածքով անցնող միջանցք։
Մինչ Փաշինեանը վերահաստատում է Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագիր կնքելու իր յանձնառութիւնը՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Ադրբեջանի յաղթանակից յետոյ Հայաստանն այլընտրանք չունի, նրա քննադատները շարունակաբար կասկածի տակ են դնում Ալիեւի անկեղծութիւնը։ Ադրբեջանի պահանջներն աճում են հայկական զիջումներին զուգահեռ եւ գնալով աւելի յաճախ անհեթեթութեան հասնում։ Արարատ լեռը Հայաստանի խորհրդանիշն է եղել դեռեւս Հայոց ցեղասպանութիւնից առաջ եւ պարզ եղանակին ծառայում է որպէս Երեւանի ֆոն։ Այդուհանդերձ, Ալիեւն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջում են, իսկ Փաշինեանը համաձայնում է Հայաստանի խորհրդանիշների շարքից հեռացնել Արարատը՝ պատճառաբանելով, որ այն այժմ գտնւում է Թուրքիայի տարածքում։
Ալիեւը հասկացնել է տալիս, որ, չնայած Փաշինեանի զիջումներին, հաշտեցումն Ադրբեջանի օրակարգում չկայ։ 2026 թուականի հոկտեմբերի 2-ին իր կուսակցութեան համագումարում ելոյթ ունենալիս Ալիեւը յայտարարել է. «Ճիշտ է, Հայաստանի նախկին ղեկավարները պատերազմական յանցագործներ են եւ պէտք է կրեն իրենց պատիժը, սակայն հէնց Հայաստանի գործող իշխանութիւններն էին, որ տարածքային պահանջներ ներկայացրին մեզ եւ վիրաւորեցին ադրբեջանական ժողովրդի արժանապատուութիւնը՝ անպատշաճ ու անքաղաքակիրթ յայտարարութիւններով։ Մենք դա երբեք չպէտք է մոռանանք»։
Տարբեր վարչակազմերի օրօք խաղաղութեան հաստատման գործընթացի հիմնական խոչընդոտներից մէկն այն է, որ Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը թերագնահատում են գաղափարախօսութեան դերը։ Դիւանագէտների համար յարմար է այն պատկերացումը, թէ բոլոր հակամարտութիւնների հիմքում ընկած են սովորական, կենցաղային բնոյթի դժգոհութիւններ։ Այս տրամաբանութեան շրջանակում խաղաղութեան հասնելու համար անհրաժեշտ է գտնել զիջումների եւ փոխզիջումների այն «կախարդական բանաձեւը», որը թոյլ կը տայ հանգուցալուծել իրավիճակը։ Սակայն երբ որոշումների կայացումը պայմանաւորուած է գաղափարախօսութեամբ, տնտեսական պայմանների բարելաւումն այլեւս չի կարող ծառայել որպէս համաձայնութեան հասնելու խթան։ Երբ գաղափարախօսութիւնը կապուած է կրօնի հետ, Պետդեպարտամենտը յատկապէս հակուած է թերագնահատելու դրա դերը։ Քանի որ Միացեալ Նահանգներում Եկեղեցին անջատուած է պետութիւնից, չափազանց շատ դիւանագէտներ կրօնին վերաբերւում են որպէս երկրորդական գործօնի։
Պատմութեան չիմացութիւնը նոյնպէս կարեւոր դեր է խաղում։ Երբ դիւանագէտները երկու-երեք տարին մէկ փոխում են իրենց պատասխանատուութեան ոլորտը կամ նշանակման վայրը, նրանք աստիճանաբար կորցնում են պատկերացումը հակամարտութիւնների ակունքների եւ նախկինում տրուած խոստումների մասին։ Ալիեւի իշխանութեան գալուց ի վեր Բաքւում պաշտօնավարել է ԱՄՆ-ի ինը տարբեր դեսպան՝ չհաշուած գործերի ժամանակաւոր հաւատարմատարներին, որոնցից ոմանք պաշտօնավարել են նոյնքան երկար, որքան լիիրաւ դեսպանները։
Արդիւնքում՝ թէ՛ Բայդենի, թէ՛ Թրամփի վարչակազմերի օրօք Հարաւային Կովկասի հարցերով զբաղուող պաշտօնեաները չեն ըմբռնում հակամարտութեան արմատական պատճառները եւ չեն տարբերակում իրական վայրագութիւնները, օրինակ՝ Բաքուի ջարդերը, մեծ մասամբ կեղծ պնդումներից, ինչպիսին է, օրինակ, այսպէս կոչուած «Խոջալուի ցեղասպանութեան» մասին պնդումը։ Նրանք նաեւ թերի պատկերացում ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հիմքում ընկած սահմանադրական խնդիրների մասին։
Սակայն Ալիեւի յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ խաղաղութիւնը նրա նպատակը չէ։ Ինչպէս Պաղեստինի ազատագրման կազմակերպութեան հանգուցեալ նախագահ Եասեր Արաֆաթը, Ալիեւը բանակցութիւնները կ՚օգտագործի զիջումներ կորզելու համար, ապա պարզապէս կը հեռանայ բանակցութիւնների սեղանից՝ շարունակելով իր գլխաւոր նպատակի իրագործումը՝ վերացնել այն պետական կազմաւորումը, որի գոյութիւնը նա երբեք չի կարող ընդունել։ Մինչ Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութիւնը ներկայացնում է որպէս գործարքի արուեստի օրինակ, Ալիեւի կողմից Հայաստանի՝ որպէս «Արեւմտեան Ադրբեջանի» մասին հռետորաբանութեան սաստկացումը յուշում է, որ նա Թրամփին ընկալում է ոչ թէ որպէս դաշնակցի, այլ որպէս մի յիմարի, որի հետ կարելի է կոպիտ վարուել։
Եթէ Թրամփը հրաժարուի ընդունել, որ իր միջնորդութեամբ ձեռք բերուած խաղաղութիւնը վտանգուած է, իսկ Փաշինեանը շարունակի գործել մոլի խաղացողի պէս՝ յոյս ունենալով, որ եւս մէկ խաղադրոյքով կը կարողանայ փոխհատուցել դիւանագիտական անյաջողութիւնների շարքը, ապա երկու առաջնորդների իրական ժառանգութիւնը կը լինի Հայաստանում քրիստոնէութեան վախճանին նպաստելը։
Թարգմանութիւնը՝ Դիանա Մանուկեանի
Այս յօդուածը թարգմանուել եւ հրապարակուել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցութեամբ։ Յօդուածում արտայայտուած մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի կամ Օրակարգի տեսակէտները։
