ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Մհեր Մելքոնեանի ֆեյսբուքեան գրառումը.
«Հայաստանի Հանրապետութիւնում արդարադատութեան համակարգը այսօր գտնւում է ոչ թէ բարեփոխումների, այլ՝ լրջագոյն արժեզրկման փուլում։ Այն, ինչ ներկայացւում է որպէս իրաւական պետութեան կայացման գործընթաց, իրականում վերածուել է իշխանութեան կենտրոնացման եւ քաղաքական վերահսկողութեան մեխանիզմի։
Փաշինեանական իշխանութիւնն այսօր փաստացի ձեւաւորել է մի միջավայր, որտեղ արդարադատութիւնը կորցրել է իր հիմնարար առաքելութիւնը։ Օրենքի գերակայութեան փոխարէն հաստատուել է քաղաքական նպատակայարմարութեան գերակայութիւն, իսկ դատական համակարգի անկախութիւնը փոխարինուել է կեղծիքով ու ընտրովի արդարադատութեամբ: Այս պայմաններում արդարադատութիւնը դառնում է ոչ թէ հաւասարութեան եւ իրաւունքի պաշտպանութեան երաշխիք, այլ՝ ընտրովի կիրառուող գործիք, որի միջոցով լուծւում են քաղաքական խնդիրներ։ Սա արդէն վտանգաւոր նախադէպ է, քանի որ խարխլում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահութիւնը եւ ստեղծում անկանխատեսելի իրաւական միջավայր։
Սուրբ Աննայ եկեղեցում տեղի ունեցած միջադէպից յետոյ կալանաւորուած 18-ամեայ Դաւիթ Մինասեանի դէպքը այս համակարգի բնութագրիչ օրինակներից է։ Երկամսեայ կալանքի ընթացքում նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացումը Աբովեան ՔԿՀ-ում եւ նրա յետագայ տեղափոխումը Նաիրի ԲԿ ոչ միայն հումանիտար խնդիր է, այլեւ իրաւական եւ քաղաքական լրջագոյն ազդակ։ Սա ցոյց է տալիս, որ մարդու հիմնարար իրաւունքները կարող են երկրորդական դառնալ քաղաքական հաշուարկների համատեքստում։
Արդարադատութիւնը չի կարող լինել կիսատ, պայմանական կամ ընտրովի։ Այն կայ՛մ կայ, կայ՛մ չկայ։ Եւ այնտեղ, որտեղ այն դադարում է լինել իրական, սկսւում է իրաւական բեսպրեդելը:
Պետութիւնը չի կարող կառուցուել վախի, ընտրովի օրէնքի եւ քաղաքական հաշուեյարդարի վրայ։ Այն կառուցւում է վստահութեան, իրաւունքի եւ արդարութեան հիման վրայ։ Երբ այդ հիմքերը խարխլւում են, փլուզումը դառնում է ոչ թէ հաւանականութիւն, այլ՝ անխուսափելիութիւն:
Ցաւօք, այս սկզբունքները վաղուց անտեսւում են փաշինեանական իշխանութեան կողմից։ Նրանք վաղուց արդարադատութիւնը օգտագործում են ոչ թէ արդարութիւն հաստատելու, այլ սեփական խնդիրները լուծելու, քաղաքական հաշուեյարդար իրականացնելու եւ իրենց իշխանութեան վերարտադրութիւնը ապահովելու համար։
Եւ որքան երկար շարունակուի այս կեղծ իրականութիւնը, այնքան աւելի ծանր ու անդառնալի կը լինի դրա հետեւանքը։
Հետեւաբար, հարցն այլեւս մէկն է՝ վերականգնել իրական արդարութիւնը…»:
