«Րաֆֆի» պատի օրացոյցը դադարել է իր հրատարակութեան 84րդ տարի լրացնելով

«Րաֆֆի» պատի օրացոյցը դադարել է իր հրատարակութեան 84րդ տարի լրացնելով

Ռոբերտ Մարգարեան

84 տարիներից յետոյ այս տարի առաջին անգամ ոչ միայն Թեհրանի ու Իրանի հայաշատ քաղաքների, նաեւ սփիւռքեան հեռաւոր քաղաքաների հայկական խանութների ցուղցափեղկերն ունեցան մի խոշոր բացակայ՝ «Րաֆֆի» օրացոյցները:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները եթէ ոչ առաջինն, առնւազն առաջիններից մէկն էին որ հայկական խանութների ցուցափեղկերից աւետում էին նոր տարւայ գալուստը:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները հաւատարիմ մնալով իրենց կոչմանն ամենաճշգրիտ կերպով ներկայացրեցին հայկական կրօնական ու ազգային տօները:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները եղան ամփոփ տարեգիրք իրենց մէջ ներառելով թիկունքում թողնւած տարւայ ոչ միայն հայկական աշխարհի՝ Հայաստան-Սփիւռք-Արցախ, այլ Իրանի ու աշխարհի իրադարձութիւնները:

«Րաֆֆի» օրացոյցները լոյս աշխարհ եկան 1941 թւականին՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներին, իրանահայ մշակութային, կրթական ու գաղափարական հանրայայտ գործիչ Տաճատ Պօղոսեանի ջանքերով ով շուրջ 40 տարի՝ մինչեւ 1981 թւականը կազմեց ու հրատարակեց օրացոյցները: Նրա վախճանումից յետոյ, սկսեալ 1982 թւականից օրացոյցների հրատարակման աշխատանքները կատարեցին հերթաբար նրա դուստրը՝ Արմինէ Պօղոսեանը, ապա որդին՝ Մարտիկ Պօղոսեանը, այնուհետեւ հարսը՝ Էռա Պօղոսեանը, իսկ վերջին տարիներին՝ Համլետ Յակոբեանը: 1982 թւականից յետոյ «Րաֆֆի» օրացոյցները կազմել են Արշալոյս Աբգարեանը (1982-1992), Ռոբերտ Մարգարեանը (1993-2013 եւ 2017-2025) եւ Արա Աւանէսեանը (2014-2016) շարունակ պահպանելով ու հաւատարիմ մնալով օրացոյցի հիմնադրի մշակած ու դաւանած արժէքներին ու սկզբունքներին:

Այս տարի «Րաֆֆի» օրացոյցները պիտի նշէին իրենց գոյութեան 85-ամեակը:

Ծրագրել էինք բացառիկ համարով նշել օրացոյցի 85-րդ տարին ու հնարաւորութեան դէպքում դա շարունակել ու բոլորել 90-ն ու 100-ը: Սակայն երկրում տիրող տնտեսական ծանր պայմաններն ու դրան զուգահեռ մի շարք տեխնիկական պատճառներ մեր կամքից անկախ խափանեցին մշակւած ծրագրերն ու մեր երազանքների իրականացումը:

«Րաֆֆի» օրացոյցների կեանքի սլաքները կանգ առան 84-ի վրայ: Գուցէ ժամանակաւոր: Դա դեռ չգիտենք:

84 տարի շարունակ «Րաֆֆի» օրացոյցները փորձեցին լաւագոյն կերպով իրականացնել իրենց վստահւած առաքելութիւնն ու դա շարունակում է մնալ անաւարտ քանի որ ժողովրդին ծառայելու առաքելութեան համար որեւէ վերջակէտ գոյութիւն չունի ու դա անաւարտ է:

Իսկ թէ որտե՞ղ ու ինչպէ՞ս կշարունակւի «Րաֆֆի» օրացոյցների անաւարտ մնացած առաքելութիւնը դա արդէն ժամանակը ցոյց կը տայ:

Իսկ մինչ այդ «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմի կողմից մեր խորին շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնն ենք յայտնում մեր հետեւորդներին, ովքեր 84 տարիներ շարունակ վստահեցին մեզ, կանգնած մնացին մեր կողքին ու աջակցեցին մեզ:


Ցաւալի լուր իրանահայ համայնքի համար:

Իրանահայերի երկրորդ ամենահին հրատարակութիւնը՝ «Րաֆֆիի պատի օրացոյցը», դադարեցւել է։

Հրատարակիչ և հիմնադիր՝ Տաճատ Պօղոսեան։ Վերջին խմբագիր և հրատարակիչ՝ Ռոբերտ Մարգարեան։ Հիմնադրման տարի՝ 1942։ Հրատարակման ժամանակահատված՝ տարեկան։ 2025 թուականի հրատարակութիւնը 84-րդ և վերջին համարն է։ Էջերի քանակը՝ միջինում 24-ից 32 էջ։ Հրատարակման վայրը՝ Թեհրան։

Իրանում հայկական պատի օրացույցները եզակի երևույթ են։ Դրանք օգտագործուում են Իրանի բազմաթիւ հայկական տներում՝ բոլոր տարիքի մարդկանց կողմից։ Իրանի ամենահին հայկական պատի օրացույցներից մեկը «Րաֆֆիի պատի օրացույցն» էր, որը նշեց իր 80-ամյակը 2021 թուականին։

«Րաֆֆի պատի օրացույցը» ներառում էր Իրանի և ամբողջ աշխարհի հայ համայնքի նախորդ տարվա ամենակարևոր րադարձութիւնները՝ լուսանկարների հետ միասին։ Օրացույցում ներառուած էին նաև Իրանում կազմակերպված բոլոր մշակութային և կրոնական միջոցառումները, հայ և իրանցի պաշտօնեաների հանդիպումները, տարբեր առիթներով հայկական եկեղեցիներում, միութիւններում և դպրոցներում անձկացուած ծրագրերը, ինչպես նաև նախորդ տարում մահացած յայտնի իրանահայերի և աշխարհասփյուռ հայերի կենսագրութիւնները՝ լուսանկարներով։ Օրացույցի գլխավոր էջերի հակառակ կողմում միշտ ներառուած էին օգտաշատ նութերով։

Եթե տարեվերջին չնետեիք օրացույցը և պահեիք այն, աստիճանաբար կունենայիք նշուած բոլոր միջոցառումների մի ամբողջական արխիվ։

Րաֆֆի պատի օրացոյցների մոտ 2300 էջերը ներկայացնում էին այս հսկայական գանձը։ Օրացոյցի էջերի վերջում կար երազահան յաւելուած՝ այբբենական կարգով։

«Կանթեղ» և «Նաիրի» պատի օրացոյցները Իրանում հրատարակւող ևս երկու յայտնի պատի օրացույցեր են սակայն «Րաֆֆի օրացույցը», «Ալիք» օրաթերթից յետոյ երկրորդ ամենահին հրատարակութիւնն էր, որը հրատարակուել է Իրանի հայ համայնքի համար։


Տաճատ Պօղոսեան (1905, Հաֆթուան — 1981, Թեհրան, Իրան), հայ մանկավարժ, խմբագիր։ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան անդամ։

Կենսագրութիւն
Տաճատ Պողոսեանը ծնուել է 1905 թուականին Ատրպատականի Սալմաստի գաւառի Հաւթուան գիւղում (Իրան)։ Սովորել է Էջմիածնի Գեւորգեան ճեմարանում, 1918 թուականին՝ ճեմարանի փակուելուց յետոյ, Թաւրիզի թեմական կենտրոնական դպրոցում։ 1923 թուականից դասաւանդել է իրանահայ դպրոցներում։ 1935 թուականից աշխատել է «Ալիք» օրաթերթի խմբագրութիւնում, 1949-1955 եւ 1973-1974 թուականներին եղել է գլխաւոր խմբագիր, 1937-1939 թուականներին՝ «Նաւասարդ», 1943-1946 թուականներին՝ «Լոյս» գրական եւ գիտական հանդէսների (Յովսեփ Թադեւոսեանի հետ) հրատարակիչ-խմբագիր։

1942 թուականից եղել է Թեհրանի «Մոդեռն» տպարանի կառավարիչ, 1968 թուականից՝ տպարանի սեփականատէր. տպագրել է հիմնականում դասագրքեր իրանահայ դպրոցների համար, նաեւ գեղարուեստական, պատմական եւ այլ գրքեր (Հովհաննես աւագ քհն. Հաճեանի «Հայոց տաժանքի ճամբաներով» (հ. 1–2, 1965) երկը, Ն. Գորոյեանցի «Պարսկաստանի հայերը» (1968) ուսումնասիրութիւնը եւ այլն)։ 1969-1970 թուականներին լոյս է ընծայել «Րաֆֆի» տարեգիրքը, իսկ նաև հիմնադիր հրատարակիչն է եղել նոյնանուն պատի օրացոյցի 1941 թուականից։

Տաճատ Պողոսեանը մահացել է 1981 թուական Թեհրանում։

Share