Սպասում ենք ձայների վերահաշուարկին՝ ԲՀԿ-ն կմտնի՞ ԱԺ, թէ ոչ, արդիւնքում կիմանանք՝ ԱԺ ընդդիմութիւնը կ’ունենայ ապօրինութիւններին դէմ կանգնելու գործիքակազմ, յետոյ հանդէս կը գանք յայտարարութեամբ
Սպասում ենք ձայների վերահաշուարկին՝ ԲՀԿ-ն կմտնի՞ ԱԺ, թէ ոչ, արդիւնքում կիմանանք՝ ԱԺ ընդդիմութիւնը կ’ունենայ ապօրինութիւններին դէմ կանգնելու գործիքակազմ, յետոյ հանդէս կը գանք յայտարարութեամբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստանի» ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետեանը:
«Գիտեմ, որ շատերի մօտ նեարդերը տեղի են տալիս, քանի-որ բոլորս ամէն ինչ ներդրել ենք պայքարի համար, կ’ուզէի մի քանի բան ասել, որի վրայ հիմա աշխատում ենք: Գնում է ձայների վերահաշուարկ, ձայների վերահաշուարկի արդիւնքում կիմանանք՝ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը մտնում է խորհրդարան, թէ ոչ, այդ դէպքում կը հասկանանք, ԱԺ ընդդիմութիւնը հնարաւորութիւն կ’ունենայ գլխաւոր դատախազ եւ այլ պաշտօնեաներ ընդունելու ժամանակ իր խօսքը ասել, որից յետոյ հանդէս կը գանք յայտարարութեամբ: Իմացեք, որ ձեր հետաքրքրութիւնը մեր համար առաջնային է, եթէ մենք կարողանանք այնպէս անենք, որ ընդդիմութեան ձայնը հաշուի առնուի դատարանի նախագահներ նշանակուելուց, դա հաւասարակշռելու է եւ քաղբանտարկեալների հարցը փորձելու ենք լուծել:
Իսկ եթէ ոչ, ու տեսնենք, որ արդիւնք չի լինելու, արդէն հանդէս կը գանք յայտարարութեամբ: Իշխանութեան փոփոխութեան համար երկու տարբերակ կայ՝ մէկը ընտրութիւնն է, միւսը փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը: Փողոցային պայքարի արդիւնքում Ազգային ժողովի պատգամաւորների մեծամասնութիւնը պէտք է քուէարկի փոփոխութեան օգտին, այդտեղ մի հարց է գալիս: Եթէ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնից պատմականօրէն ընդամէնը 8 պատգամաւոր փոխի իր դիրքորոշումը, Փաշինեանը կորցնում է աթոռը, իհարկէ, ընտրութիւններից յետոյ դա բարդ է, բայց 5 տարուայ ընթացքում մենք այդտեղ մեծ հնարաւորութիւն կարող ենք տեսնել»,- նշել է Կարապետեանը:
