Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը հնարաւոր չէ կասեցնել. օգոստոսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։
«Մեր խնդիրն է, որ նոյնիսկ հանրաքուէի չհասցնենք այն խայտառակ նախագիծը, որն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ձեւակերպում են այս իշխանութիւնները։ Արարատ Միրզոյեանը կ՚ասի, Փաշինեանը կ՚ասի, կ՚ելնեն վերեւ, կ՚իջնեն վար՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը հնարաւոր չէ կասեցնել։ Իրենք չունեն թուրքական այն միլիարդաւոր դոլարները, որն անցնող տասնամեակներին Թուրքիան ծախսում էր, միշտ ձախողում էր»,- ասել է նա։
Մանուկեանի պնդմամբ՝ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը եղել է մեր ժողովրդի ամբողջ գործունէութեան հիմքերից մէկը։
«Ի վերջոյ, պէտք է գիտակցենք, որ միայն ՀՀ-ի՝ իրենց պատկերացրած հպարտ քաղաքացիներով չէ, որ հաստատւում է Հայոց ցեղասպանութիւնը, եւ ամբողջական հայութեան, ամբողջական Սփիւռքի իրաւունքների հարց է, արդարութեան վերատիրացման հարց է։ Միաժամանակ իշխանութիւնների այն չքմեղանքը, թէ ամէն երկիր իր շահով է առաջնորդւում, այդ տրամաբանութեան շրջանակներում ՀՀ-ն որեւէ միջպետական յարաբերութիւն չպէտք է հաստատի, քանի որ ցանկացած պետութիւն որեւէ համագործակցութիւն Հայաստանի հետ իրականացնում է՝ հաշուի առնելով նաեւ իր շահերը, որը նաեւ ձեռնտու է լինում ՀՀ-ին։ Իսկ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն իրականում միայն հայ ժողովրդինը չէ, ՀՀ-ինը չէ, դա համամարդկային խնդիր է, որովհետեւ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնն է, որի ուսումնասիրութիւնը նաեւ հիմք է դրել Լեմկինի կողմից «ցեղասպանութիւն» բառի ու տերմինի հասկացութեան ամրագրմանը, եւ այս առումով ցանկացած երկրում սա նաեւ սեփական օրակարգ է»,- ասել է նա։
Գեղամ Մանուկեանը յաւելել է, որ այն խուսանաւումը, որն այս իշխանութիւններն իրականացնում են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հետ կապուած, որեւէ կերպ համադրելի չէ նախորդ տասնամեակներում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման այն մեծ յաղթարշաւի հետ, որն իրականացւում էր ՀՀ արտաքին քաղաքականութեան եւ Հայ Դատի գրասենեակների յանձնախմբերի՝ Դաշնակցութեան համահայկական կառոյցի ջանքերով։
Մանրամասն՝ տեսանիւթում
