ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերու պատասխանատու Գէորգ Ղուկասեան Օգոստոսի 17-ին գրած է.
«Իմ մասնագիտական ու քաղաքական արժանապատւութիւնն իհարկէ ինձ թոյլ չի տայ իջնել Արման Եղոյեանի մակարդակին ու արձագանգել այսօրուայ զազրախօսութիւններին։
Մեր ազգային հարցերի վերաբերեալ իմ պատասխանատըւութիւնն էլ իր հերթին ինձ թոյլ չի տայ քաղաքական հակառակորդին քաղաքականապէս ոչնչացնելու համար ասել ու հրապարակել Հայ դատի համակարգի առանցքային գործիչների կողմից միայն վերջին տարիների ընթացքում իրականացուած գործողութիւններ, որոնք էապէս նպաստել են Հայաստանի Հանրապետութեան դիմակայունութեանը։
Պատմութիւնը եւ ապագայում հրապարակուելիքը մի օր ամէն ինչ իր տեղը կը գցի։ Որքան էլ մեծ է խօսելու գայթակղութիւնը, ես այսօր կը լռեմ, որովհետեւ Հայաստանի ու հայութեան շահերի պաշտպանութիւնը մեզ համար բացարձակ ու անսակարկելի անհրաժեշտութիւն է։ Միայն մի բան կ’ասեմ, Արման Եղոյեանը չգիտի իր թուարկած մարդիկ ինչ են անում, գիտէ՞ք ինչու չգիտի, որովհետեւ նոյնիսկ իրենց թիմի կազմում այդ կշիռը չունի։ Այդ թիմի համար նա հերթական մի ճամարտակ է…
Առաւելագոյնը, որ կարող եմ անել, այն է, որ անյոյս խորհուրդ տամ Արման Եղոյեանին, որ կարդայ, նոյնիսկ կարող եմ գրքերը նշել։
Սամուէլ Հանթինգթոնը իր «Ո՞վ ենք մենք» յայտնի գրքում պնդում է, որ «հայրենի պետութիւնների՝ սփիւռքի հետ մօտ յարաբերութիւնները եւ համագործակցութիւնը ժամանակակից միջազգային յարաբերութիւնների առանցքային երեւոյթներից են», իսկ Եոսի Շէյնը մի ամբողջ գիրք է նուիրել սփիւռքերի անդրազգային քաղաքական դերակատարութեանը իր «Սփիւռքը եւ ազգակցութիւնը միջազգային յարաբերութիւններում» յայտնի աշխատութիւնում։ Վերջինս, ակադեմիական այդ առաջադրանքը կատարել է հայկական ու հրէական սփիւռքերի բազմամակարդակ վերլուծութեամբ։ Իսկ Հանթինգթոնը, մեծ տեղ է յատկացրել հէնց Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ուսումնասիրութեանը։
Յ.Գ. Ես համոզուած եմ, աւելին ասեմ, անուններով պատկերացնում եմ արտաքին գործերի նախարարութիւնում եւ տարբեր դեսպանատներում աշխատող դիւանագէտների, ովքեր հաւանաբար հայհոյել են Եղոյեանին՝ այսօրուայ ելոյթի համար…»։
