Միջազգային իրաւունք․ երբ արժէքները դառնում են ընտրովի

Միջազգային իրաւունք․ երբ արժէքները դառնում են ընտրովի

Իրենց ժողովրդավար հռչակած պետութիւններն այսօր խօսում են ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների, օրէնքի գերակայութեան եւ համամարդկային արժէքների մասին։ Սակայն ներկայ իրողութիւնները վկայում են, որ այդ արժէքները գործնականում պաշտպանւում են այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախւում քաղաքական, տնտեսական կամ աշխարհաքաղաքական շահերին։

Արցախի կորուստը դարձաւ դրա ամենացաւալի օրինակներից մէկը։ Տարիներ շարունակ Արցախի ժողովուրդը միջազգային հանրութեանը փորձում էր հասցնել իր հիմնարար պահանջը՝ ճանաչել իր պատմական հայրենիքում ապրելու, սեփական ինքնութիւնը պահպանելու եւ անվտանգ գոյութիւն ունենալու իրաւունքը։ Բազմաթիւ միջազգային կառոյցներ այս ամէնի մասին իրազեկուած էին, այցելել էին Արցախ եւ սեփական աչքով տեսել իրականութիւնը։

Սակայն, երբ Արցախը ամիսներ շարունակ շրջափակուած էր, երբ հազարաւոր մարդիկ զրկուած էին սննդից, դեղորայքից եւ տարրական կենսապայմաններից, մարդու իրաւունքների ու ժողովրդավարութեան մասին բարձրաձայնող միջազգային կեդրոնները սահմանափակուեցին յայտարարութիւններով՝ աչք փակելով սովի եւ էթնիք զտման ենթարկուած ժողովրդի ճակատագրի վրայ։

Այսօր Արցախում ոչնչացւում է ամենահին քրիստոնեայ ազգերից մէկի մշակութային ժառանգութիւնը, իսկ Բաքուի բանտերում մեր հայրենակիցները շարունակում են պայքարել՝ դեռեւս պահպանելով միջազգային իրաւունքի եւ արդարադատութեան նկատմամբ հաւատը։ Սակայն դարձեալ տիրում է անտարբերութիւն, եւ գործնական որեւէ քայլ չի ձեռնարկւում։

Լուռ է նաեւ այդ իրաւունքների պահանջատէր կողմը։ Այսօր հարց է առաջանում՝ ո՞վ է միջազգային հարթակներում հետեւողականօրէն պաշտպանելու Արցախի ժողովրդի իրաւունքները։ Հայաստանի ներկայ իշխանութիւնը հրաժարւում է ստանձնել այդ պարտաւորութիւնը՝ փակուած համարելով Արցախի էջը, մինչդեռ միջազգային իրաւունքը կարող է լիարժէք գործել միայն այն դէպքում, երբ դրա պահանջատէրը նաեւ պետութիւնն է։

Պէտք է փաստել, որ տեղահանութիւնը չի վերացնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքի, ինքնութեան, մշակութային ժառանգութեան, սեփականութեան, անվտանգութեան եւ հաւաքական վերադարձի հետ կապուած իրաւունքները։ Այդ իրաւունքները շարունակում են գոյութիւն ունենալ՝ անկախ քաղաքական զարգացումներից։

Այս պայքարի նպատակը ոչ միայն պատմական արդարութեան վերականգնումն է, այլեւ միջազգային իրաւունքի այն հիմնարար սկզբունքների պաշտպանութիւնը, որոնք կոչուած են կանխելու ուժի կիրառմամբ ժողովուրդների իրաւունքների ոտնահարումը։ Եթէ աշխարհը համակերպուի այն մտքի հետ, որ էթնիք զտման եւ բռնի տեղահանութեան հետեւանքները կարող են ընդունուել որպէս անշրջելի իրողութիւն, ապա վտանգի տակ կը յայտնուեն նոյն այն արժէքները, որոնց մասին այսօր այդքան յաճախ խօսւում է միջազգային հարթակներում։

Արցախի հարցը, հետեւաբար, չի կարող համարուել փակ, քանի դեռ չեն ապահովուել արցախահայութեան հիմնարար իրաւունքները, չի տրուել տեղի ունեցած իրադարձութիւնների արդար եւ իրաւական գնահատականը, եւ պատասխանատուութեան չեն ենթարկուել մարդու իրաւունքների կոպիտ խախտումների մեղաւորները։

Պայքարը շարունակւում է, քանի դեռ կայ ժողովուրդ, որը յիշում է իր Հայրենիքը, պահպանում է իր ինքնութիւնը եւ շարունակում է պահանջել արդարութիւն՝ հիմնուելով իրաւունքի վրայ։

«Ապառաժ»-ի խմբագրական
13 Յուլիս, 2026

Share