Նիկոլը կը պառկի Էրդողանի տակ. ինչպէս է Հայաստանի վարչապետն իր ժողովրդին պատրաստում Թուրքիային ծառայելուն — Ալեքսանդր Զոսիմով
ՀՀ վարչապետ Նիկոլը բառացիօրէն քայլում է դանակի շեղբի վրայով։ Յայտարարելով, որ ռուսական ռազմաբազայի կենսական անհրաժեշտութիւն չի տեսնում, բայց թոյլ է տալիս դրա հետագայ գործունէութիւնը՝ նա շարունակում է իր երկդիմի քաղաքականութիւնը,- URA.RU-ին յայտնել է ռազմական փորձագէտ եւ պաշտօնաթող գնդապետ Վիկտոր Բարանեցը։
Չէ՞ որ հասկանում է՝ շրջապատուած է ոչ բարեկամ հարեւաններով, այդ թւում՝ Թուրքիայով, որը կարող է Հայաստանը վերածել «յետնաբակի բանջարանոցի»։ Եւ այս բոլոր վտանգները ձեռնարկւում են Վաշինգտոնին օգնելու համար, որպէսզի նա ամրապնդի իր ռազմական ներկայութիւնը Երեւանում։ Իսկ Վաշինգտոնը, ինչպէս ՆԱՏՕ-ն, քիչ հաւանական է, որ օգնի Երեւանին Անկարայի հետ բախման դէպքում։
ՀՀ վարչապետը, Գիւմրիի ռուսական ռազմաբազայի մասին յայտարարութիւններ անելով, փորձում է զգուշօրէն հարթել դէպի Երեւան Վաշինգտոնի ճանապարհը, որը վաղուց է երազում ամրապնդել այնտեղ իր ռազմական ներկայութիւնը։ Այդ իսկ պատճառով Նիկոլը պահպանում է իրեն բնորոշ երկդիմի դիրքորոշումը ռուս-հայկական յարաբերութիւններում։
— Երբ ուշադիր լսում ես նրան, այդ թւում՝ Գիւմրիի ռուսական բազայի հարցի մասին, համոզւում ես, որ դրանք, ինչպէս միշտ, երկդիմի են։ Խորամանկ հայը առիթը բաց չի թողնում երկու աթոռին նստելու համար։ Նկատեցի՞ք, որ նա ասաց. «Եթէ Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան, մենք դէմ չենք լինի. եթէ ցանկանայ թողնել, մենք պատրաստ ենք քննարկել դա»։
Նիկոլը շատ լաւ հասկանում է, որ եթէ սխալ թոյլ տայ եւ ռուսները հեռանան, ապա չափազանց դժուար կը լինի գոյատեւել փոփոխական աշխարհաքաղաքական պայմաններում, շարունակում է ռազմական փորձագէտը։ Հարեւան երկրներ կան, որոնք այնքան էլ բարեկամական չեն Հայաստանի նկատմամբ, ուստի քիչ հաւանական է, որ տնտեսապէս, քաղաքականապէս եւ յատկապէս ռազմական առումով աջակցեն Երեւանին։
Ուստի նա հիմա, պատկերաւոր ասած, կանգնած է ոտքերը լայն չռած ռուսական բազայի առաջ,- նշել է գնդապետը։
Անկեղծ ասած՝ ռազմաբազայի փակումը կարող է թուլացնել մեր դիրքերն Անդրկովկասում, բայց դա աղէտալի չէ, կարծում է Բարանեցը։ Դա չի նշանակում, որ մենք կը զիջենք մրցակիցներին գրեթէ ամբողջ Կովկասը, չնայած այնտեղ ներկայութիւնը պահպանելը, անշուշտ, անհրաժեշտ է։
«Սակայն ես կասկած չունեմ. չի հասցնի փոշի նստել ռուս զինուորների կօշիկներին Հայաստանից մեկնելու ճանապարհին, երբ միւս կողմում կը ծածանուի ամերիկեան դրօշը։ Դա պարզից էլ պարզ է։ Դա ե՛ւ Վաշինգտոնի, ե՛ւ ՆԱՏՕ-ի երազանքն է։ Պատահական չէ, որ ամենամեծ ամերիկեան դեսպանատունը գտնւում է հէնց Երեւանում»։
Սակայն Հայաստանի ներկայիս պատմութեան մէջ դեռ ամէն ինչ չի ասուել. ինչքան էլ Եւրամիութիւնը հաւաքագրի Նիկոլին եւ Վաշինգտոնը «լիզի նրա փոշոտ կօշիկները», իր վճռական խօսքը դեռ չի ասել նորին մեծութիւն հայ ժողովուրդը, նշել է փորձագէտը՝ յաւելելով, որ Հայաստանի վարչապետն արդէն տեսնում է իր սխալների հետեւանքները. ինչպէս են լոլիկները փտում, ինչպէս ոչ ոք չի գնում նրա ձուկը, որով նա խոստացել էր ողողել Եւրոպան։
«Դա զայրացնում է ժողովրդին, բայց առայժմ յաջողւում է նրան մղել երկրորդ պլան։ Այո, ընդդիմութեան որոշ շարժումներ կան, բայց նա խեղդում է դրանք։ Յիշէք Քոչարեանի պատմութիւնը. այս դէպքում նա իրեն պահում է որպէս բռնապետ»,- նշել է քաղաքագէտը։
Ամէն դէպքում կարեւոր է յիշել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի փակման հարցը դեռեւս լուծուած չէ, բայց եթէ նման անհրաժեշտութիւն առաջանայ, Ռուսաստանը չի համոզի նրան այն թողնել Գիւմրիում։ Ռուսաստանը շատ հեշտ կը տեղափոխի այն մէկ այլ տարածաշրջան, որտեղ ռազմավարական առումով անհրաժեշտ կը համարի, յաւելել է Բարանեցը։
«Սակայն ռուսական բազայի փակումից յետոյ այդ տարածաշրջանի ռազմաքաղաքական լանդշաֆտը կտրուկ կը փոխուի։ Կարծում եմ՝ այդ դէպքում Հայաստանը, որն արդէն կը կողմնորոշուի բացառապէս դէպի Միացեալ Նահանգներ, կը դառնայ ֆուտբոլի գնդակ տարբեր երկրների համար»,- նշել է փորձագէտը։
Հետաքրքիր է յատկապէս, թէ ինչպէս կ՚արձագանգի Թուրքիան, եթէ յիշենք նրա կարծրացած վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ։ Փաստն այն է, որ Անկարան արդէն պատրաստւում է իւղոտ աչք դնել Երեւանի վրայ եւ այն, այսպէս ասած, դարձնել իր «յետնաբակի բանջարանոցը»,- նշել է քաղաքագէտը։
«Ես չեմ բացառում, որ հէնց դա էլ կը լինի։ Եթէ Նիկոլը զգայ, որ անելանելի վիճակում է, կը պառկի Էրդողանի տակ եւ Հայաստանը կը դարձնի Թուրքիայի գաւառներից մէկը։ Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն չի խանգարի դրան, քանի որ Թուրքիան դաշինքի անդամ է։ Սակայն, ինչպէս գիտէք, Թուրքիան յաճախ է դէմ գնում. Էրդողանը երբեմն մարտահրաւէր է նետում Վաշինգտոնին եւ ՆԱՏՕ-ին, էլ չասեմ Եւրոպայի մասին։ Անկարային լրջօրէն դուր չի գալիս, որ իրեն քթից բռնած ման են ածում. «վարունգ» են ցոյց տալիս, բայց Եւրոպայի դուռը չեն բացում։ Ես չեմ բացառում, որ Էրդողանը հէնց այս պահին իր ուշադրութիւնը կը դարձնի Հայաստանի վրայ՝ ի հեճուկս Եւրոպայի»,- եզրափակել է Բարանեցը։
Հայաստանին չես նախանձի նաեւ տնտեսական առումով։ ԵՄ Խորհրդի կողմից ապրանքների մեծ մասի վրայ մաքսատուրքերի ժամանակաւոր չեղարկումն ինքնաբերաբար չի երաշխաւորում նրա բոլոր ապրանքների մուտքը եւրոպական շուկայ,- ասում է ՌԴ կառավարութեանն առընթեր Ֆինանսական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆոնովը։
«Եւ դրան հասնելու համար պէտք է յաղթահարել բիւրոկրատական խոչընդոտները։ Ընկերութիւնները պէտք է գնորդներ գտնեն եւ որոշեն այն ֆիրմաները, որոնք պատրաստ են գնել իրենց ապրանքները։ Ստացւում է, որ մաքսատուրքերի վերացման պահից մեծ ճեղք է բացւում՝ կապուած տեխնիկական հարցերի հետ. հաւաստագրում, հաւաստագրման համար ֆինանսաւորման եւ գործընկերների որոնում, ինչպէս նաեւ պայմանագրերի կնքում»,- թուարկել է փորձագէտը։
Աւելին, դա մի գործընթաց է, որը լոգիստիկայի լուրջ վերանայում է պահանջում։ Եւրոպա մատակարարումներն աւելի թանկ կը լինեն, քանի որ Հայաստանը տրանսպորտային միջանցքներ չունի։ Պէտք է պայմանաւորուել Վրաստանով կամ Թուրքիայով տարանցման համար, քանի որ նրանք իրենց լոգիստիկ սահմանափակումներն ու ծախսերն ունեն։
«Հասկանալի է, որ Եւրոպան այժմ քաղաքական քայլ է արել Հայաստանին ընդառաջ։ Բայց մատակարարումների իրականութիւնը կապուած կը լինի տեղական շուկաներում կատաղի մրցակցութեան հետ»,- ասել է փորձագէտը։
Եւրոպացի ֆերմերներն արդէն իսկ լարուած են արտադրութեան ծախսերի աճի եւ կլիմայական խնդիրների պատճառով։ Եւ հայկական շուկան լարուածութեան եւս մէկ կէտ է։
«Պէտք է նկատի ունենալ, որ եկող տարին շատ եւրոպական երկրների համար ընտրութիւնների տարի է լինելու։ Քիչ կառավարութիւններ կ՚որոշեն Հայաստանի համար արտօնութիւններ հովանաւորել։ ԵՄ իւրաքանչիւր երկիր ունի սեփական գործիքները, որոնք կարող են խոչընդոտել նման մատակարարումները։ Հետեւաբար, հարցը նոյնիսկ այն չէ, որ սա միայն երկու տարուայ համար է, այլ այն, թէ որքան թանկ կ՚արժենայ ԵՄ-ի կողմից տրամադրուող այս նպաստը, եւ արդեօք Հայաստանը կը հասցնի օգտուել այդ երկու տարիներից։ Ահա թէ ինչու ամէն ինչ այնքան պարզ չէ, որքան թւում է թղթի վրայ կամ նախընտրական կարգախօսներում, այդ թւում՝ բուն Հայաստանի ներսում»,- եզրափակել է Սաֆոնովը։
Թարգմանութիւնը՝ ԳՄ-ի
