ՀՅԴ Արևմտեան Ամէրիկայի Կենտրոնական Կոմիտէի և Հայկական Իրաւաբանական Կենտրոնի նախաձեռնութեամբ Երեքշաբթի, Սեպտեմբեր 22-ի երեկոյեան ժամը 7-ին հանրային հանդոպում է կայանալու կենտրոնի տնօրէն՝ Սիրանուշ Սահակեանի հետ: Հանդիպումը կայանալու է Բրբէնքի Բէշիր Մարտիրոսեան Կենտրոնիում: Հասցէն է՝ 75 E. Santa Anita Ave, Burbank, CA 91502.
Սահակեանի զեկուցման առանցքն է լինելու հայ ռազմագերիներին կապուող հարցերը:
Սիրանուշ Սահակեանը բազմափորձ մասնագէտ է, որը մարդու իրաւունքների պաշտպանութեան, դատաիրաւական բարեփոխումների եւ կոռուպցիայի կանխարգելման ուղղութիւններով կատարուած աշխատանքներում ունի աւելի քան 15 տարուայ փորձ։ Նա պաշտօնավարել է որպէս ՀՀ նախագահի օգնական, աշխատել է ՀՀ արդարադատութեան նախարարութիւնում, ղեկավարել է Կոռուպցիայի կանխարգելման յանձնաժողովը եւ հանդէս է եկել որպէս յատուկ լիազօրութեամբ դատաւոր Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում։
Պետական ծառայութիւնից զատ՝ Սիրանուշ Սահակեանը համագործակցել է «Լեգալատա» իրաւաբանական ընկերութեան հետ։ Նա «Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների» ՀԿ-ի հիմնադիր ղեկավարն է։

Որպէս փորձագէտ ներգրաւուած է եղել մի շարք կառոյցների՝ այդ թւում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ-ի, «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» ՀԿ-ի, «Սոցիալական արդարութիւն» ՀԿ-ի, Եւրոպական իրաւունքի եւ ինտեգրման կենտրոնի, ինչպէս նաեւ Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնի օրէնսդրական նախաձեռնութիւններում, լոբբիստական ծրագրերում, մոնիթորինգի, հետազօտութիւնների, ռազմավարական դատավարութիւնների եւ իրաւական խորհրդատուական աշխատանքներում։
Ներկայումս «Իրաւունքի ուղի» ՀԿ-ի համահիմնադիրն է, ինչպէս նաեւ «Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը։ Սերտօրէն համագործակցել է Արդարադատութեան ակադեմիայի եւ Փաստաբանական դպրոցի հետ՝ կազմակերպելով դատաւորների, դատախազների եւ թեկնածուների վերապատրաստման դասընթացներ, ինչպէս նաեւ մասնակցել է դասընթացների ծրագրերի մշակմանը՝ սահմանադրական իրաւունք, մարդու իրաւունքներ, ամբողջականութիւն, շահերի բախում, հանրային կառավարման սկզբունքներ եւ այլ թեմաներով։
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է եւ լիցենզաւորուած փաստաբան։ Իր մասնագիտական գործունէութեան ընթացքում յաջողութեամբ ղեկավարել է մարդու իրաւունքներին վերաբերող իրաւական բարդ գործընթացներ։
Սիրանուշ Սահակեանը ծնուել է 1983 թուականին Երեւանում։ 2000-2004 թուականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի իրաւագիտութեան բակալաւրիատում, 2004-2006 թուականներին՝ ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Միջազգային հանրային իրաւունք» մասնագիտացմամբ, 2006-2007 թուականներին՝ Էսսեքսի համալսարանի (Միացեալ Թագաւորութիւն) իրաւաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «Մարդու իրաւունքների միջազգային իրաւունք» մասնագիտացմամբ։ 2009 թուականից մինչեւ օրս ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետի հայցորդ է՝ միջազգային իրաւունք մասնագիտացմամբ։
2003-2005 թուականներին եղել է «Ժողովրդավարութիւն» հասարակական կազմակերպութեան իրաւախորհրդատու-հետազօտող, 2005-2008 թուականներին՝ ՀՀ արդարադատութեան նախարարութեան աշխատակազմի Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի հետ կապերի վարչութեան կրտսեր, այնուհետեւ՝ առաջատար մասնագէտ, 2007 թուականին՝ Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնի հետազօտող, 2008 թուականին՝ «Զոհրաբեան եւ գործընկերներ» իրաւաբանական ընկերութեան միջազգային բաժնի ղեկավար, 2008-2009 թուականներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Դատավարութիւնների մոնիթորինգային ծրագրի ղեկավար, 2009 թուականին՝ Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնի փորձագէտ, 2010 թուականին՝ Միաւորուած ազգերի կազմակերպութեան մանկական հիմնադրամի իրաւախորհրդատու, 2011 թուականին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վարչական իրաւունքի փորձագէտ։

2010-2012 թուականներին եղել է «Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտ» հասարակական կազմակերպութեան իրաւախորհրդատու, 2010-2012 թուականներին՝ «Լեգելատա» իրաւաբանական ընկերութեան գործընկեր-փաստաբան, 2009-2013 թուականներին՝ «Իրաւունքների պաշտպանութիւն առանց սահմանների» հասարակական կազմակերպութեան հիմնադիր նախագահ։
2013 թուականի ապրիլի 4-ից մինչեւ 2013 թուականի դեկտեմբերի 30-ը եղել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, իսկ 2014 թուականի յունուարի 9-ին նշանակուել է Բարձրաստիճան պաշտօնատար անձանց էթիկայի յանձնաժողովի նախագահ։
2009-2013 թուականներին դասաւանդել է Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնում, 2012-2013 թուականներին՝ ՀՀ փաստաբանների դպրոցում, իսկ 2007 թուականից դասաւանդում է ԵՊՀ իրաւաբանական ֆակուլտետի Եւրոպական եւ միջազգային իրաւունքի ամբիոնում։
Հեղինակ եւ համահեղինակ է բազմաթիւ աշխատութիւնների եւ գիտական յօդուածների, ինչպէս նաեւ «Aggravates state responsibility and Obligations erga omnes» մենագրութեան։
Պարգևադրուել է«Հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2017 թ.
Սիրանուշ Սահակեանը ներկայիս տնօրէնն է Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի: Այս հաստատութիւնը (Armenian Legal Center for Justice and Human Rights՝ ALC) 501(c)(3) կարգավիճակ ունեցող շահոյթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպութիւն է։ ALC-ն պայքարում է Հայոց ցեղասպանութիւնից եւ Արցախեան պատերազմից բխող մարդու իրաւունքների խախտումների հետեւանքները վերացնելու համար, որոնք խաթարում են տարածաշրջանային կայունութիւնը։ Բաքւում ապօրինաբար պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավատների և բոլոր հա՛ ռազմագերիների հարցերը առանցքային են Հայկական արդարադատութեան եւ մարդու իրաւունքների իրաւական կենտրոնի համար:
Իրաւական եւ կրթական նախաձեռնութիւնների միջոցով ALC-ն անդրադառնում է Հայոց ցեղասպանութեան համար Թուրքիայի Հանրապետութեան պատասխանատուութեան, ինչպէս նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան ագրեսիայի եւ ռազմական յանցագործութիւնների աշխարհաքաղաքական, տարածքային եւ մակրոտնտեսական հետեւանքներին։
Հայաստանում եւ ամբողջ աշխարհում գործող իրաւապաշտպանների ու շահերի պաշտպանների հետ համագործակցելով՝ ALC-ն շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել հայկական իրաւական շահերի պաշտպանութեան ոլորտում։
