
Վահէ Յովհաննիսեան
Այլընտրանքային նախագծեր խումբ
Մեծ հաշուով, իրականացաւ մեր հասարակութեան տասնամեակների երազանքը։ «Ես քաղաքականութեամբ չեմ զբաղւում»-ը դարձաւ մեյնսթրիմ(հիմնական ընդգրկում). Հայաստանում քաղաքականութիւն այլեւս չկայ։ Չկան քաղաքական պրոցեսներ։ Այս պահին քաղաքականութեամբ զբաղւում է մէկ հոգի։
Երկրում չկան քաղաքականութեան համար պայմաններ, չկայ քաղաքական օրակարգ, չեն գործում հանրային տրամադրութիւնների ցուցիչները, հնարաւոր չէ հասկանալ հանրային իրական տրամադրութիւնները, չկայ ինտելեկտուալ պրոդուկտի պահանջ։ Կան անհատներ, կայ անհատներից հնչող քաղաքական առողջ միտք։ Բայց սա համակարգուած քաղաքականութեան հետ ոչ մի կապ չունի։ Հետեւութիւն պէտք է անեն բոլորը՝ խորհրդարանական ուժերը, հանրային գործիչները, անազատութեան մէջ գտնուող ինտելեկտուալ մեծ պոտենցիալը, ազգային կապիտալը, մտածող մարդիկ, իրավիճակը քիչ թէ շատ ճիշտ հասկացող հանրային շերտերը։
Չքաղաքականացուած պետութիւնն ուղիղ ճանապարհ է դէպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք։
Մենք աննորմալ ռիսկային գօտում ենք, ու մեզ սպառնում են շատ լուրջ, անհաւանական ծանր ռիսկեր, եթէ մենք շարունակենք այս ոճով՝ անմիտ, պառակտուած, անկազմակերպ։
Սեփական օրակարգ՝ էապէս փոխուած բովանդակութեամբ
Մենք պարտաւոր ենք էապէս փոխել հարցադրումների, հանրային դիսկուրսի եւ, եթէ կ՚ուզէք, պայքարի ամբողջ բովանդակութիւնը։
Ինչի՞ մասին պէտք է լինի այսօրուայ քաղաքականութիւնը.
- Բռնաճնշումների դէմն առնել. անհասկանալի է, թէ ինչպէս կարող է այս հարցը չդառնալ միաւորող օրակարգ։
- Երկրում ներքին դեէսկալացիա, համակեցութեան նոր կանոնների ձեւաւորում։ Սա ենթադրում է սոցիալական եւ հանրային իրական խնդիրների շուրջ հանրութեան հետ իրական երկխօսութիւն։
- Հայաստանի այս ընթացքը հաւաքական հանրութեանը բացատրելը եւ ռացիոնալ ԱՅԼ լուծումներ առաջարկելը։ Կոպիտ ասած՝ այսօր մեզ հրամցուող «4-րդ հանրապետութեան» այլընտրանքը ոչ թէ 3-րդի կամ 5-րդի գովաբանումն է, այլ պէտք է խորութեամբ հասկանալ ու մարդկանց բացատրել, թէ իրականում ինչ սցենարներ են փորձում թաքցնել այդ թուախաղի տակ։ Հասկանալ, բացատրել եւ ԱՅԼ, իրատեսական բան առաջարկել հասարակութեանը։
Սա պէտք է տեղի ունենայ հանրային-քաղաքական միաւորների, հանրային շերտերի համագործակցութեան տիրոյթում եւ, ամենակարեւորը՝ ներհանրային երկխօսութեան պայմաններում։
Սա պահանջում է Հայաստանի շահը, եւ սա փոխադարձ կործանարար ներքին բարիկադաւորումը քանդելու ճանապարհն է։ Պէտք է վերանայուի «պայքարի» ձեւակերպումը, դրա բովանդակութիւնը։ Չի կարելի անվերջ նոյն կերպ պայքարել։ Քաղաքականութիւնը ինչ-որ դահլիճներում կամ հարթակներում խօսելը չէ, թեկուզ՝ խելօք, թեկուզ՝ սուր։ Քաղաքականութիւնը հանրային նախագծերի, հանրային պրոցեսների ձեւաւորումն ու դրանց սպասարկումն է։ Եթէ չկան այդ հանրային նախագծերն ու հանրային պրոցեսները, ապա ի՞նչը պէտք է սպասարկուի։
