Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հայ Առաքելական Եկեղեցու վեց եպիսկոպոսների դէմ յարուցուած քրէական գործով նշանակուած դատախազ Խաչատուր Գալստեանը սեփական դիմումի համաձայն ազատուել է աշխատանքից Գլխաւոր դատախազութիւնում։
Այս մասին «5-րդ ալիքին» յայտնել են Գլխաւոր դատախազութիւնից՝ միաժամանակ հերքելով, որ Գալստեանի աշխատանքից ազատուելը կապուած է տուեալ գործի հետ։
«5-րդ ալիքը», յղում անելով իրազեկ աղբիւրի, յայտնում է, որ Գալստեանին սկզբում վստահեցրել էին, թէ գործը դատարան չի հասնի եւ, ամենայն հաւանականութեամբ, կը կարճուի նախաքննութեան փուլում։ Սակայն գործն, այնուամենայնիւ, ուղարկուել է դատարան։
Ըստ աղբիւրի՝ դրանից յետոյ Գալստեանը կանգնել է ընտրութեան առաջ՝ կամ ազատուել աշխատանքից, կամ դատարանում պաշտպանել մի մեղադրանք, որը նա եւ միւս դատախազները խնդրայարոյց էին համարում։
Գործով հանրային մեղադրող է նշանակուել գլխաւոր դատախազի տեղակալ Արամ Արամեանը։
Քրէական գործը կապուած է Մասեացոտնի թեմի նախկին առաջնորդ Գէորգ եպիսկոպոս Սարոյեանի, այժմ՝ Արման Սարոյեանի, պաշտօնանկութեան եւ կարգալուծութեան հետ։ Կաթողիկոսին եւ վեց եպիսկոպոսներին մեղադրում են դատարանի որոշման կատարմանը խոչընդոտելու մէջ։
Գործը մինչ այժմ ըստ էութեան դատաքննութեան չի հասել։ Այն արդէն անցել է երեք դատաւորի ձեռքով։ Յակոբ Մանուկեանն ինքնաբացարկ է յայտնել, Սերժ Ռուշանեանը գործը փոխանցել է Երեւանի դատարան, իսկ երրորդ դատաւոր Վահագն Մելիքեանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատութեան հարցը լուծելու համար։
Այսպիսով, գործը դեռեւս չի մտել ըստ էութեան քննութեան փուլ, իսկ դատախազի աշխատանքից ազատուելը դարձել է դրա հերթական ուշագրաւ զարգացումը։
Գործը քննւում է Նիկոլ Փաշինեանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կաթողիկոսի դէմ շարունակուող յարձակումների պայմաններում։
301.am
