Եւրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ․ Էդուարդ Շարմազանով

Եւրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ․ Էդուարդ Շարմազանով

«Այս իշխանութիւնները Եւրոպայ չէն գնում, գնում են Թուրքիայ, իսկ եւրոպական որեւէ կառոյց, որեւէ պաշտօնեայ անգամ ակնարկ չէն արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում»,- Երեւանի քաղաքապետարանի մօտ ցոյցի ժամանակ, լրագրողների հետ զրոյցում ասաց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ նախկին փոխնախագահի գնահատմամբ, Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ներկայացուցիչների համար Հայաստանը պէտք է ընդամէնը իբրեւ Ռուսաստանի դէմ պլացդարմ․ «Դա փուչիկ է։ Եւրոպական միութեանը անդամակցելու օրակարգային հարց չկայ՝ ոչ Եւրոպայում, ոչ Հայաստանում, դա բոլորն էլ գիտէն։

Որ ասում են՝ գնում ենք Արեւմուտք, այդ «Արեւմուտքը» Թուրքիան է, Նիկոլ Փաշինեանը Հայաստանը տանում է Թուրքիայ։ Ակցիայի նպատակն այն է, որ ցոյց տանք, որ Հայաստանում ոչ բոլորն են Նիկոլի նման անհոգ եւ Ալիեւին ասում` «Thank you»։ Եւրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ, այն դէպքում, երբ Եւրոպայի սրտում Կոսովոն ինքնորոշուել է՝ հարցրեց Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով համաժողւում Ադրբեջանի նախագահի ելոյթը, ով յայտարարեց՝ Արցախի հայաթափմամբ լուծել են «սեպարատիզմի» հարցը․ «Ալիեւը Բաքուի բանտերում գտնուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանն անուանում է ռազմական յանցագործներ։

Ռազմական յանցագործն ինքն է, իրեն կասետային զէնք տուողները (նկատի ունի Ուկրաինայի նախագահին – Ն․ Գ)»։ Էդուարդ Շարմազանովը յիշեցնում է՝ Երեւանում է Վլադիմիր Զելենսկին, որը 44-օրեայ պատերազմի օրերին ամէն օր քաջալերում էր Ալիեւին, Կիեւի փողոցներն էլ ողողում էր Ադրբեջանի «յաղթանակների» պաստառներով։

Յիշեցնենք, ՀՀԿ-ն եւս ցոյց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից աւել քաղբանտարկեալների առկայութիւնը, Արցախի հարցի եւ արցախցիների վերադարձի իրաւունքի մասին, նաեւ Բաքւում պահուող հայ ռազմագերիների մասի, Եկեղեցու վրայ ճնշումների մասին բարձրաձայնելու համար։ Ոստիկանները թոյլ չտուեցին, որպէսզի ցոյցի մասնակիցները մայթեզրով լուռ երթ իրականացնեն։

Share