2025թ. դեկտեմբերի 30-ին, գործարար Սամուել Կարապետեանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխուել է: Կիրառուել է տնային կալանք եւ գրաւ: Այս մասին յայտարարել է Սամուել Կարապետեանի պաշտպաններից Արամ Վարդեւանեանը:
«Օրերս հերթական միջնորդութիւնը մեր թիմի կողմից ներկայացուել էր Դատարան՝ քրէական դատաւարութեան օրէնսգրքի 289-րդ յօդուածի մեխանիզմով: Դրանից ելնելով՝ այսօր դատական նիստ էր հրաւիրուել, որը ըստ այդ մեխանիզմի՝ տարբերւում էր նախորդող դատական նիստէրից եւ չէր ենթադրելու երկար տեւողութիւն: Քննութեան առնելով մեր միջնորդութիւնը՝ Դատարանը որոշեց այն բաւարարել մասնակի` կիրառելով Սամուել Կարապետեանի նկատմամբ կրկին ինտենսիւ խափանման միջոց տնային կալանք եւ գրաւ»,- յայտարարել է Արամ Վարդեւանեանը:
Նշէնք, որ Քրեական դատաւարութեան 289-րդ յօդուածի համաձայն՝ կալանաւորուած մեղադրեալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչն իրաւունք ունեն միջնորդութիւն ներկայացնելու դատարան կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարէն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին կալանքի ժամկէտը լրանալուց ոչ ուշ, քան եօթ օր առաջ։
Ամէն ինչ սկսուել է նրանից, որ «Տաշիր» խմբի սեփականատէր Սամուել Կարապետեանը 2025թ. յունիսի 17-ին news.am կայքի հարցազրոյցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանութիւն յարաբերութիւններին, ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմութիւնը, հայ եկեղեցու հազարաւոր տարիների պատմութիւնը, յարձակուել է հայոց եկեղեցու վրայ, հայ ժողովրդի վրայ…։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցութիւն։ Եթէ չյաջողուի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձեւով ենք մասնակցելու էդ ամէն ինչին»:
Յաջորդ օրը Սամուել Կարապետեանը կալանաւորուեց:
Աւելի վաղ Սամուել Կարապետեանին մեղադրանք էր առաջադրուել Քրեական օրէնսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լուացում), 422 (Իշխանութիւնը զաւթելուն, տարածքային ամբողջականութիւնը խախտելուն, ինքնիշխանութիւնից հրաժարուելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղուած հրապարակային կոչերը) յօդուածներով։ Հոկտեմբերի 13-ին փոփոխուել եւ նոր մեղադրանք էր առաջադրուել Սամուել Կարապետեանին՝ իշխանական կամ ծառայողական լիազօրութիւնները կամ դրանցով պայմանաւորուած ազդեցութիւնն օգտագործելով՝ առանձնապէս խոշոր չափերով փողերի լուացում։
