Դաւիթ Բաբայեանի ուղերձը՝ Բաքուի բանտից

Դաւիթ Բաբայեանի ուղերձը՝ Բաքուի բանտից

Վերջին 10-12 օրուայ ընթացքում երկու կարեւոր բան է տեղի ունեցել մեր դատավարութեան հետ կապուած։ Այս մասին ասւում է ադրբեջանական գերութեան մէջ գտնուող Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախկին նախարար Դաւիթ Բաբայեանի ուղերձում։

Նա, մասնաւորապէս, նշել է. «Սա լոկ դատավարութիւն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրաւունքի նկատմամբ, Աստծոյ պատուիրանների նկատմամբ դատավարութիւն է։ Եւ այսպէս, ամսի 18-ին մեզ տրամադրել են արդէն վերաքննիչ դատարանի վճռի էլեկտրոնային տարբերակը։ Բնական է, որ այնտեղ, ինչպէս նաեւ նախկինում, ոչ մի ստորագրութիւն չկայ, ոչ մի պաշտօնական նշոյլ անգամ չկայ։ Այնուամենայնիւ, բերել են եւ մեզ են տուել՝ 47 հատոր ընդհանուր ծաւալով։ Երկրորդն այն է, որ մեր պաշտպանները ներկայացրել են վճռաբեկ բողոք իրենց գերագոյն դատարան։ Երեք հոգու պաշտպաններն են ներկայացրել, միւսներին չեն ներկայացրել կամ տեղեակ չենք, որ ներկայացրել են։ Գուցէ սա խաղ է, չգիտեմ ինչ նպատակներով, այնուամենայնիւ այդ երկու կարեւոր իրադարձութիւնը տեղի է ունեցել։

Ինչ վերաբերում է այդ վճռին, ապա ասեմ, որ սա 99.9%-ով փաստօրէն արտագրուած է իրենց դատախազութեան եւ առաջին ատեանի դատարանի որոշումից, որեւէ ձեւով չի տարբերւում։ Այսինքն՝ copy-paste արած ինչ-որ մի փաստաթուղթ է, բայց, ի տարբերութիւն նախկին փաստաթղթերի, այստեղ մի փոքր այլ մարտավարութիւն են ընդունել կեղծիքների առումով։ Եթէ դատախազութիւնը եւ առաջին ատեանի դատարանը պարզապէս ստում էին, վերագրում էին բաներ, որոնք մենք չենք ասել, կամ մեր ասածն ընդհանրապէս չէր զետեղւում, այստեղ մի քիչ այլ տարբերակ են ընտրել՝ մեր ասածները գրաքննութեան են ենթարկել, որոշ կարեւոր բաներ հանել են, եւ սա համատարած է։

Օրինակ՝ երբ մեզ մեղադրում են ինչ-որ յանցաւոր միաւորման անդամ լինելու մէջ, թէպէտ այդ յանցաւոր միաւորումը նրանք չեն կարող յստակ բնութագրել, թէ ինչ է, բայց դա Արցախն է, Հայաստանն է, դա հայ ժողովուրդն է ընդհանուր առմամբ, ուրեմն մենք բերում ենք տարբեր հակափաստարկներ, որոնց նրանք չէին կարողանում որեւէ ձեւով արձագանգել։ Ես, օրինակ, բերել եմ մի քանի տասնեակ այդպիսի հակափաստարկ այդ այսպէս կոչուած յանցաւոր խմբի վերաբերեալ, որեւէ ձեւով չեն կարող որեւէ բան ասել։ Հակափաստարկներից մէկը նրանց ուղղակի կաթուածահար է անում։ Ես ասում եմ՝ եթէ դա յանցաւոր միաւորում է, ինչո՞ւ է ձեր համազգային առաջնորդը, որը ներկայիս նախագահի հայրն է, մեր Հանրապետութեան հետ գործունէութիւն ունեցել, այսինքն՝ առնչուել է ուղղակիօրէն, բանակցութիւններ է վարել պաշտօնապէս, եւ դա զետեղուած է փաստաթղթերում։ Նրանք կաթուածահար են լինում։

Վերաքննիչ դատարանի նիւթերում այդ ամէնը հանուած է, բայց գրուած է, որ ես ասել եմ, որ նման մօտեցումը նաեւ հարուածում է ձեր պետականութեան լեգիտիմութեանը։ Նրանք հանել են առաջնորդի անունը, ուղղակի գրել են, որ հարուածում է լեգիտիմութեանը։

Կամ, ասենք, ինձ մեղադրում են տնտեսական հսկայական չարաշահումների մէջ, թէպէտ երբեք բիզնեսով չեմ զբաղուել։ Ես ասում եմ՝ այնպէս էք ներկայացրել, կարծես թէ «Բրիթիշ Պետրոլիումը» իմ սեփականութիւնն է։ Կամ, ասենք, ինձ մեղադրում են, որ 1988 թուականի սեպտեմբերից մինչեւ 1991 թուականի սեպտեմբերի 28-ը եղել եմ ինչ-որ կոմիտէում, որը որոշումներ էր ընդունում պատերազմի ու խաղաղութեան մասին։ Լաւ, ասում եմ հեգնանքով, 1988 թուականի սեպտեմբերը պարզ է, 10-րդ դասարան եմ տեղափոխուել, միգուցէ սա է չափանիշը, բայց ինչո՞ւ 1991 թուականի դեկտեմբերի 28-ը, ոչ թէ 27-ը կամ 29-ը, դա անհասկանալի է։ Այսինքն՝ սա մի անմակարդակ գրաքննութիւն անցած փաստաթուղթ է։

Ինչ վերաբերում է մեր պաշտպաններին, ապա իրօք, բողոք ներկայացրել են, թէպէտ մեզ հետ չեն հանդիպել։ Բաւականին լաւ մեկնաբանուած բողոք է ներկայացուել, ես ուզում եմ շնորհակալութիւն յայտնել իմ պաշտպանին, որովհետեւ այնտեղ նշուած են բոլոր չարաշահումները օրէնքների նկատմամբ, միջազգային իրաւունքի նկատմամբ։ Այս երկրում նման մօտեցումն, իրօք, մեծ խիզախութիւն է, մարդասիրութեան եւ պրոֆեսիոնալիզմի դրսեւորում է։

Հիմա, փաստօրէն, մեկնարկում է իրենց գերագոյն դատարանում մեր բողոքի փուլը, պարզ է՝ ինչ է լինելու։ Չգիտեմ՝ երբ են այդ գործը քննելու, բայց գիտեմ՝ ինչով է աւարտուելու։ Այսինքն՝ նոյն ձեւի այդ իրաւական, քաղաքական, բարոյական խախտումները, այդ կոպտագոյն չարաշահումները տեղի են ունենալու։ Բայց մեզ համար դա չէ կարեւորը, ուղղակի փաստն է կարեւոր, որ այդ ձեւական ատեանով անցնենք հետագայում եւ պատմութեան համար, եւ մեր հետագայ քայլերի համար։

Ասեմ նաեւ, որ վերաքննիչ դատարանի նիւթերում վերջին՝ 47-րդ հատորը, 333 էջ ծաւալով, ընդհանրապէս չի ընդունուել։ Այնտեղ գրուած է որոշման հիմնաւորումը, թէ ինչու են այդ բոլոր որոշումները թողնում անփոփոխ, ընդհանրապէս չի ներկայացուել։

Բայց մենք չենք յուսահատւում, իրաւունք էլ չունենք, չենք էլ յուսահատուելու, կանգնած ենք ամուր։ Ուզում ենք շնորհակալութիւն յայտնել մեզ սատարող բոլոր մեր քոյրերին եւ եղբայրներին, թէ՛ հայրենասէր հայրենակիցներին, թէ՛ օտարազգի մեր քոյրերին եւ եղբայրներին, եւ ասենք, որ այն, ինչ դուք անում էք, շատ կարեւոր է։ Աստուած պահապան ձեզ բոլորին, շնորհակալութիւն»։

Share