Մինչ եւրոպական առաջնորդները հաւաքւում են Երեւանում ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին, իրաւապաշտպան խումբը հրապարակում է Հայաստանում յայտնի քաղբանտարկեալների ցուցակը: « Խորհրդային իշխանութեան ամենավատ դրսեւորումների ժամանակներից ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին չի բախուել պետութեան կողմից աջակցուող նման խորութեան եւ ինտենսիւութեան հետապնդումների », – ասւում է Christian Solidarity International (CSI) կազմակերպութեան կողմից այսօր հրապարակուած նոր զեկոյցում:
Զեկոյցը ներառում է Հայաստանում յայտնի քաղբանտարկեալների ցանկը, որն իր տեսակի մէջ առաջինն է, որը հրապարակուել է միջազգային իրաւապաշտպան խմբի կողմից:
Զեկոյցի հեղինակը միջազգային իրաւաբան եւ պատմաբան Փիթեր Ֆլիւն է, որը մասնագիտացած է Արեւելեան Եւրոպայում, բալթեան երկրներում եւ Կովկասում կրօնական ազատութեան հարցերում: Զեկոյցը հիմնուած է Հայաստանում նրա վերջին հետազօտական առաքելութեան արդիւնքների վրայ ։ Համատեղելով իրաւաբանական վերլուծութիւնը պատմական համատեքստի հետ՝ զեկոյցը մանրամասն նկարագրում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ «եկեղեցին պետական վերահսկողութեան ենթարկելու» փորձերը։
Զեկոյցում յիշատակուած քաղբանտարկեալների թւում են հոգեւորականները, նրանց հարազատները, փոդքաստների հեղինակները, եկեղեցական աշխատողները եւ այլ անձինք, որոնք ձերբակալուել են հայկական իշխանութիւնների կողմից եկեղեցու դէմ արշաւի ընթացքում: Քաղբանտարկեալների ցուցակը կազմուել է CSI-ի կողմից՝ Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոնի հետ խորհրդաւութիւնների ընթացքում:
Զեկոյցի հրապարակումը զուգադիպել է եւրոպական առաջնորդների Երեւան այցին․ մայիսի 4-ին այստեղ անցկացւում է Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, իսկ մայիսի 5-ին’ ԵՄ-Հայաստան պատմութեան մէջ առաջին գագաթնաժողովը:
« Եւրոպական առաջնորդները, որոնք լաւ կազմակերպուած քաղաքական միջոցառումների են մասնակցում Երեւանի կենտրոնում, պէտք է իմանան, որ նրանք գտնւում են բանտից մի քանի րոպէ հեռաւորութեան վրայ, որտեղ շինծու մեղադրանքներով պահւում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանեանը », – յայտարարել է CSI-ի հասարակայնութեան հետ կապերի տնօրէն դոկտոր Ջոել Ուելդկամպը:
2025 թուականի մայիսից վարչապետ Փաշինեանը հրապարակային քարոզարշաւ է իրականացնում ՝ փորձելով պարտադրել Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ կաթողիկոսին հրաժարական տալ։ Ինչպէս հետեւում է զեկոյցից, Փաշինեանի կառավարութիւնը կալանաւոոորել է Հայաստանի երեք արքեպիսկոպոսների, կաթողիկոսի եւ այլ բարձրաստիճան եկեղեցական առաջնորդների համար կիրառել ելքի արգելքներ, ինչպէս նաեւ փորձել է պառակտում հրահրել եկեղեցում:
2026 թուականի մարտի 12-ին Հայաստանում ժողովրդաւարութեան միջազգային դիտարանը (watchdog-խումբ, որի ղեկավարութեան կազմում է Human Rights Watch-ի նախկին գործադիր տնօրէն Քենեթ Ռոթը) նախազգուշացում է տարածել Հայաստանում ժողովրդավարութիւնից նահանջի մասին, ներառեալ « կառավարութեան կողմից դատական համակարգի եւ
անվտանգութեան ուժերի ակնյայտ օգտագործումը որպէս զէնք քաղաքական ընդդիմախօսների դէմ »։
Եկեղեցու դէմ կառավարութեան արշաւը սկսուել է 2025 թուականի մայիսին, այն բանից յետոյ, երբ կաթողիկոսը ելոյթ է ունեցել Շուեյցարիայում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմակերպած խորհրդաժողւում: Այնտեղ կաթողիկոսը հրապարակաւ հանդէս էր եկել ի պաշտպանութիւն 2023 թուականին Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների ենթարկուած Լեռնային Ղարաբաղի հայ փախստականների, եւ կոչ արել նրանց իրաւունք տալ վերադառնալու իրենց տները:
Փաշինեանը Ադրբեջանի հետ խաղաղութեան պայմանագրի ստորագրումը դարձրել է իր ազգային ծրագրի կենտրոնական կէտը եւ փախստականների վերադարձի իրաւունքի քննարկումը անուանել « վտանգաւոր » խաղաղութեան համար: Մարտին Եւրախորհրդարանում ունեցած իր ելոյթում նա Եկեղեցու առաջնորդներին մեղադրել էր Ադրբեջանի հետ նոր պատերազմ հրահրելու ձգտման մէջ։
Զեկոյցի ներածութեան մէջ CSI-ի նախագահ Ջոն Էյբները պնդում է, որ եկեղեցու դէմ Փաշինեանի կառավարութեան արշաւը պէտք է դիտարկել որպէս Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերի մի մաս ՝ « հայ ազգը թուլացնելու եւ նրան Թուրքիայի ղեկավարութեամբ տարածաշրջանում ձեւաւորուող կարգին ենթարկուելուն եւ ինտեգրուելուն դիմադրելու ունակութիւնից զրկելու » նպատաակով։
« Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին աւելի մեծ խոչընդոտ է հանդիսանում Թուրքիայի եւ Ադրբեջանի ծրագրերի համար, քան՝ ցանկացած այլ հայկական ինստիտուտ « , – յայտարարում է Էյբները:
Զեկոյցն աւարտւում է CSI-ի մի շարք պաշտօնական յանձնարարականներով եւրոպական եւ ամերիկեան քաղաքական գործիչների համար: Դրանք ներառում են․ առանց պետութեան միջամտութեան իր առաջնորդներին ընտրելու Հայ եկեղեցու իրաւունքի հրապարակային հաստատում, Հայաստանի կառավարութեանը ուղղուած կոչ՝ ազատ արձակել կալանաւորուած հոգեւորականներին եւ միւս քաղբանտարկեալներին, փոխգործակցութիւն Հայաստանում անկախ իրաւապաշտպան խմբերի հետ, Շուեյցարիայի խորհրդարանի աջակցութիւն « Լեռնային Ղարաբաղի շոոուրջ խաղաղութեան նախաձեռնութեանը »։
« Հիմա սկզբունքային եւ համակարգուած գործողութիւնների պահն է », – եզրափակում է Ֆլիւն զեկոյցում: «Հայաստանի անվտանգութիւնն ու բարգաւաճումը չէն ամրապնդուի Հայ Առաքելական Եկեղեցու ենթակայութեան հաշուին: Ընդհակառակը, դրանք կախուած են բոլոր հայերի հիմնարար իրաւունքների պաշտպանութիւնից, ինչպէս նաեւ նրանց ազգային եկեղեցուց» ։
Նշէնք, որ Christian Solidarity International-ը (CSI) միջկրօնական քրիստոնեական իրաւապաշտպան խումբ է, որը հանդէս է գալիս կրօնական ազատութեան եւ մարդկային արժանապատուութեան օգտին: Այն օգնում է կրօնական հետապնդումների զոհերին, տուժած երեխաներին եւ աղէտների զոհերին: CSI-ն ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդին առընթեր խորհրդատուական կարգավիճակ ունեցող ոչ կառավարական կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1977 թուականին Շուեյցարիայում ՝ Հանս Շտիւկելբերգերի կողմից, եւ գործունէութիւն է ծաւալում աւելի քան 20 երկրներում:
Արմինֆո
