«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է «Մամուլի ազատութեան ինդեքս 2026» զեկոյցը, որում Հայաստանը նահանջել է նախորդ տարուայ ցուցանիշից։
Զեկոյցի համաձայն՝ 2026 թուականի համաշխարհային մամուլի ազատութեան ինդեքսում Հայաստանը 16 հորիզոնականով զիջել է դիրքերը՝ աշխարհի 180 երկրների շարքում զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը։
Ինչպէս նշում է իրաւապաշտպան կազմակերպութիւնը, չնայած Հայաստանում մեդիայ դաշտի բազմազանութեանը, այն շարունակում է մնալ բեւեռացուած․ «Երկիրը բախւում է ապատեղեկատուութեան եւ ատելութեան խօսքի աննախադէպ մակարդակի, որը պայմանաւորուած է ներքաղաքական լարուածութեամբ, երկրի սահմաններին առկայ անվտանգութեան խնդիրներով, Ռուսաստանի ու Եւրամիութեան միջեւ Հայաստանի բարդ իրավիճակով»։
Կազմակերպութեան տուեալներով՝ Հայաստանում լրագրութիւնը որպէս մասնագիտութիւն յաճախ արժեզրկւում է եւ ենթարկւում ատելութեան խօսքի։ Քաղաքական գործիչները լրագրողներին յաճախ մեղադրում են «կոռուպցիայի» մէջ կամ իրենց հակառակորդների շահերը սպասարկելու մէջ։
«Լրագրողները յաճախ ենթարկւում են ճնշումների, վիրաւորանքների եւ բռնութեան ինչպս իշխանութեան ներկայացուցիչների, այնպէս էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում եւ սոցիալական ցանցերում»,- ընդգծւում է զեկոյցում։
alphanews.am
