«Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն» կազմակերպութեան նախագահ դոկտոր Ջոն Այբները եւ յանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթն անդրադարձել են Արցախի էթնիկ զտմանը եւ տարածաշրջանում Թուրքիայի կողմից քրիստոնեաների լայնածաւալ հալածանքներին։
ՎԱՇԻՆԳՏՈՆ — Անատոլիայից, իսկ աւելի ուշ՝ Արցախից (Լեռնային Ղարաբաղից) հայ քրիստոնեաներին վերացնելուց յետոյ Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ իրենց հայեացքն ուղղել են հէնց Հայաստանի Հանրապետութեան վրայ։ Այս մասին ԱՄՆ օրէնսդիրներին զգուշացրել է «Միջազգային քրիստոնէական համերաշխութիւն» (Christian Solidarity International, CSI) կազմակերպութեան նախագահ դոկտոր Ջոն Այբները՝ քրիստոնեաների համաշխարհային հալածանքներին նուիրուած Թոմ Լանթոսի անուան Մարդու իրաւունքների յանձնաժողովի լսման ընթացքում։
Այբները ելոյթ է ունեցել յանձնաժողովի՝ նոյեմբերի 18-ին կայացած «Քրիստոնեաների հալածանքներն աշխարհում. արձագանգ նոր մարտահրաւէրներին» խորագրով լսման ժամանակ, որը համանախագահել են Քրիս Սմիթը (հանրապետական, Նիւ Ջերսի) եւ Ջէյմս ՄաքԳովերնը (դեմոկրատ, Մասաչուսեթս)։
Սմիթը Թուրքիայի նախագահ Էրդողանին անուանել է «գոյութենական սպառնալիք Իսրայէլի, Յունաստանի եւ Հայաստանի համար» եւ պատմել Բաքւում Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ ունեցած իր առճակատումների մասին։
Լսման ամբողջական տեսագրութիւնը հասանելի է հետեւեալ յղումով՝ դիտել տեսանիւթը։
Դոկտոր Այբների գրաւոր վկայութիւնը հասանելի է այստեղ։
«Դոկտոր Այբներն ու յանձնաժողովի համանախագահ Սմիթն ասացին ճշմարտութիւնը՝ պարզ ու դաժան ճշմարտութիւնը, որ Թուրքիան եւ Ադրբեջանը, միաւորուած իրենց «մէկ ազգ, երկու պետութիւն» դաշինքով, աշխատում են աւարտին հասցնել այն, ինչ սկսել են 1915 թուականին՝ հայ քրիստոնեաների վերացումը իրենց բնիկ հողերից»,– յայտարարել է Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի (ANCA) գործադիր տնօրէն Արամ Համբարեանը։


«Հայոց ցեղասպանութիւնից, որը մինչ օրս անպատիժ է մնացել, մինչեւ Արցախի էթնիկ զտումը, Բաքւում պահուող պատանդներն ու Հայաստանի նկատմամբ Ալիեւի՝ «Արեւմտեան Ադրբեջան» անուան տակ ներկայացուող ագրեսիւ տարածքային յաւակնութիւնները՝ հայերին թիրախաւորող վարչակարգերը երբեք պատասխանատուութեան չեն ենթարկուել։
Ամերիկան ունի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ նրանց կանգնեցնելու համար։ Այն, ինչ բացակայել է երկու կուսակցութիւնների վարչակազմերի օրօք, այդ միջոցներն օգտագործելու քաղաքական կամքն է։ Եւ դա սկսւում է Անկարային ու Բաքուին Վաշինգտոնի տրամադրած սպառազինութեան, օգնութեան եւ դիւանագիտական հովանաւորութեան դադարեցումից»։
Թուրքիայի՝ քրիստոնեաների դէմ իրականացուող քաղաքականութեան բացայայտումը
Դոկտոր Այբներն առանձնայատուկ ուշադրութիւն է դարձրել այն երեւոյթին, որը բնութագրել է որպէս «խոցելի քրիստոնէական համայնքներին սպառնացող շարունակական վտանգ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի «մէկ ազգ, երկու պետութիւն» միաւորման գնալով աւելի ռազմականացուող եւ ծաւալապաշտական ազդեցութեան գօտիներում»։
Նրա բնորոշմամբ՝ սա «նոր ձեւաւորուող մեծագոյն սպառնալիքներից մէկն է ոչ միայն քրիստոնեաների, այլեւ կրօնական այլ փոքրամասնութիւնների համար»։
Այբները Թուրքիայի վարքագծի արմատները կապել է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման հետ։
«Ռազմատենչ, հակաժողովրդավարական, էթնոկրօնական ազգայնականութիւնը, որն այսօր խթանում է Թուրքիայում քրիստոնէական համայնքների հալածանքները, ունի պատմական խոր արմատներ։ Այն ձեւաւորուել է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման ժամանակ՝ որպէս իսլամականութեան եւ ծայրայեղ թուրքական ազգայնականութեան գաղափարախօսութիւնների համադրութիւն»,– նշել է Այբներն իր գրաւոր վկայութեան մէջ։
Նա յանձնաժողովին տեղեկացրել է, որ Թուրքիայի քրիստոնեայ բնակչութեան՝ հայերի, յոյների, ասորիների, սուրիացիների եւ արամէացիների մասնաբաժինը Հայոց ցեղասպանութեան ժամանակուայ 20 տոկոսից նուազել է մինչեւ մէկ տոկոսից պակաս։
Այբները յիշեցրել է, որ ԱՄՆ Միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովը (USCIRF) պետքարտուղարին առաջարկել է Թուրքիային ներառել կրօնական ազատութիւնների ծանր խախտումներ իրականացնող երկրների յատուկ դիտարկման ցանկում։ Սակայն այդ առաջարկութիւնը մինչ օրս չի իրականացուել։
Յանձնաժողովի համանախագահ Սմիթը, յիշեցնելով իր նախագահութեամբ անցկացուած երկու լսումները, որոնց ընթացքում նախագահին կոչ էր արուել Էրդողանի հետ Անկարայում հանդիպելուց առաջ բարձրացնել մարդու իրաւունքների հարցը, պահանջել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ շատ աւելի խիստ դիրքորոշում։
«Իմ համեստ կարծիքով՝ Թուրքիան պէտք է ներառուի Պետդեպարտամենտի յատուկ մտահոգութիւն առաջացնող երկրների (CPC) ցանկում, եւ նրա նկատմամբ պէտք է պատժամիջոցներ կիրառուեն իր գործողութիւնների համար»,– ասել է Սմիթը։
Նա յիշել է նաեւ թուրք դեսպանի սպառնալիքը՝ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իր նախագահութեամբ անցկացուած լսումների ժամանակ։
«Նա նայեց ինձ եւ ասաց. գիտէ՞ք, եթէ դուք ճանաչէք Հայոց ցեղասպանութիւնը, մենք ձեզ դուրս կը հանենք Ինջիրլիքի ռազմակայանից, որն այնտեղ ունենք։ Ահա թէ ինչպիսի բարեկամ եւ դաշնակից է ՆԱՏՕ-ում»,– ասել է Սմիթը։
Համեմատելով Էրդողանի դիրքորոշումը յետպատերազմեան Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի՝ նացիստական յանցագործութիւնների նկատմամբ որդեգրած մօտեցման հետ՝ նա աւելացրել է.
«Մինչդեռ Էրդողանի եւ այլոց կողմից մենք տեսնում ենք ժխտողականութեան այս մշակոյթը»։
Սմիթը հարցականի տակ է դրել Թուրքիային F-35 կործանիչներ եւ այլ առաջադէմ սպառազինութիւն վաճառելու հնարաւորութիւնը։
«Ես նոյնիսկ վարչակազմի որոշ ներկայացուցիչների հետ ճեպազրոյցի ժամանակ հարցրել եմ՝ Թուրքիային սպառնացող ի՞նչ վտանգ կայ, որն այնքան լուրջ է, որ նրան անհրաժեշտ են F-35-եր»,– ասել է նա։
«Պարզապէս անհաւատալի է, որ նման մարդը կարող է անպատիժ մնալ»։
Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտման դատապարտումը
Այբները նկարագրել է Ադրբեջանի սահմաններում հայկական քրիստոնէական համայնքների համակարգուած վերացումը։
«Որտե՞ղ են Նախիջեւանի, Բաքուի, Սումգայիթի եւ Կիրովաբադի հայ քրիստոնեաները»,– հարցրել է նա։
«Այդ համայնքներից վերջինը՝ Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնեաները, 2023 թուականին վտարուեցին իրենց հնագոյն հայրենիքից՝ լայնածաւալ ռազմական յարձակման միջոցով, որին նախորդել էր քաղաքացիական բնակչութեանը թուլացնելու նպատակով իրականացուած իննամսեայ շրջափակումը»։
Իր գրաւոր վկայութեան մէջ Այբները նշել է, որ Ադրբեջանը, Թուրքիայի եւ Սիրիայից բերուած հազարաւոր ջիհադականների աջակցութեամբ, շարունակում է բռնագրաւուած պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները եւ Բաքւում պահել 20 հայ քրիստոնեայ պատանդների՝ նրանց օգտագործելով որպէս ճնշման միջոց՝ իր բնորոշմամբ «կապիտուլեացիոն պայմանագրի» պայմանները թելադրելու համար։
Նա զգուշացրել է, որ Ադրբեջանի նկրտումներն այժմ տարածւում են հէնց Հայաստանի վրայ։
«Ալիեւը նպատակ է դրել Հայաստանի Հանրապետութիւնը վերածել այն տարածքի, որն ինքն անուանում է «Արեւմտեան Ադրբեջան»»,– ասել է Այբները։
«Ալիեւը պահանջում է այն ամէնի ենթարկեցումը, ինչ մնացել է քրիստոնեայ Հայաստանից, եւ դրա ներառումը թուրք-մահմեդական ազդեցութեան գօտում՝ որպէս խաղաղութեան գին… Այսպիսով, քրիստոնեայ Հայաստանը կանգնած է գոյութենական լուրջ սպառնալիքի առջեւ»։
Այբները կոչ է արել օրէնսդիրներին գործել՝ նախքան հերթական վայրագութեան իրականացումը։
«Մենք չենք կարող մշտապէս արձագանգել միայն գլխատումներին, մահապատիժներին, եկեղեցիների պայթեցումներին եւ բռնութեանը։ Մենք պէտք է հնարաւորութեան սահմաններում գործենք կանխարգելիչ կերպով, եւ Հայաստանը հէնց այդպիսի դէպքերից մէկն է»։
Յանձնաժողովի համանախագահ Սմիթը պատմել է նաեւ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած իր առճակատումների մասին։
«Ես երկու անգամ Բաքւում հանդիպել եմ Ալիեւին, վիճել նրա հետ մարդու իրաւունքների, հայերի նկատմամբ նրա գործողութիւնների եւ նոյնիսկ սեփական ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի շուրջ, երբ մարդիկ բանտ են նետւում միայն այն պատճառով, որ պահանջում են մարդու իրաւունքների յարգում»,– ասել է նա։
Սմիթը յիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում նախագահել է Արցախին նուիրուած մի քանի լսումներ, որոնցից մէկում վկայութիւն է տուել Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպոն։
«Սնունդը որպէս զէնք օգտագործելը ցեղասպանութիւն էր»,– ասել է Սմիթը։
Նա դատապարտել է նաեւ այն ընդունելութիւնը, որին Ալիեւն արժանանում է Վաշինգտոնում։
«Ալիեւը գալիս է այստեղ, եւ նրան լաւ են ընդունում։ Մինչդեռ այդ մարդը մարդու իրաւունքների զանգուածային խախտումներ է իրականացրել եւ շարունակում է իրականացնել մինչ օրս»,– ասել է նա։
Այնուհետեւ Սմիթը պատմել է, թէ ինչպէս է արգելափակուել իր ներկայացրած՝ 2015 թուականի «Ադրբեջանում ժողովրդավարութեան մասին» օրինագիծը (H.R. 4264)։
«Մենք իսկապէս առաջընթաց էինք արձանագրում։ Իսկ Պոդեստան, գիտէք, ով այստեղ ազդեցիկ լոբբիստներից մէկն է եւ մեծ գումարներ ունեցող մարդ, նրանց՝ Ադրբեջանի յաճախորդի շահերն էր ներկայացնում։ Եւ նա հասաւ նրան, որ յանձնաժողովը տապալի իմ օրինագիծը։ Սա ցոյց է տալիս, որ այստեղ երբեմն ամէն ինչ այնքան էլ ազնիւ չէ»։
Հայոց Եկեղեցու նկատմամբ հալածանքների փաստագրումը
Այբներն անդրադարձել է նաեւ Հայաստանի կառավարութեան՝ Հայ Առաքելական Եկեղեցու դէմ իրականացուող արշաւին՝ այն ուղղակիօրէն կապելով թուրքական եւ ադրբեջանական ճնշումների հետ։
Ըստ Այբների՝ այդ արշաւը սկսուել է այն բանից յետոյ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 2025 թուականի մայիսին Շուեյցարիայի Բեռն քաղաքում, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանաւորութեամբ կազմակերպուած համաժողովում, դատապարտել է Արցախի էթնիկ զտումը, Բաքւում հայ պատանդների պահումը եւ հայկական քրիստոնէական ժառանգութեան ոչնչացումը։
«Նա դեռ նոր էր հրապարակաւ արել այդ յայտարարութիւնը, երբ սկսուեցին ծանր հալածանքները»,– յանձնաժողովին ասել է Այբները։
Նրա փոխանցմամբ՝ 14 հոգեւորականների, այդ թւում՝ Կաթողիկոսի նկատմամբ, քրէական մեղադրանքներ են առաջադրուել։ Կաթողիկոսը մեղադրւում է արդարադատութեանը խոչընդոտելու մէջ, եւ նրան արգելուած է մեկնել արտերկիր։
Այբները նշել է, որ այդ գործողութիւնները «շատ առումներով զարմանալի նմանութիւններ ունեն Հայաստանում բոլշեւիկների իրականացրած հալածանքների հետ՝ առայժմ առանց սպանութիւնների»։
Նա պատմել է, որ անցեալ փետրուարին Երեւանի բանտում այցելել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանին՝ նոյն բանտում, որտեղ Ստալինի գաղտնի ոստիկանութիւնը պահել էր Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարեանին՝ նախքան 1937 թուականին նրա մահապատժի ենթարկուելը։
ԱՄՆ փոխնախագահ Վենսին CSI-ի փոխանցած նամակում Բագրատ արքեպիսկոպոսը գրել էր, որ ինքը բանտարկուած է իր «քրիստոնէական հաւատքն ու վկայութիւնը հանրային ասպարէզ բերելու համար՝ յուսալով, որ հայ ազգն ու պետութիւնը ազգային ճգնաժամի այս ժամանակաշրջանում հաւատարիմ կը մնան իրենց պատմական քրիստոնէական աւանդոյթին»։
«Ցաւօք, Բագրատ արքեպիսկոպոսի նամակն անարձագանգ մնաց»,– ասել է Այբները։
«Ասել, թէ Միացեալ Նահանգներն ու նրա արեւմտեան գործընկերներն աչք են փակել այս ամէնի վրայ, բնաւ չափազանցութիւն չէ»։
ԱՄՆ քաղաքականութեան վերանայման կոչ
Այբներն իր ելոյթն աւարտել է ԱՄՆ քաղաքականութիւն մշակողներին ուղղուած յստակ մարտահրաւէրով՝ նշելով, որ նրանք, ըստ երեւոյթին, «միանգամայն գոհ են Մեծ Մերձաւոր Արեւելքի կառավարումը Թուրքիային յանձնելու հեռանկարից»։
«Եթէ ներկայ միտումները շարունակուեն, եւ գործող քաղաքականութիւնը պահպանուի, թուրք-ադրբեջանական ազդեցութեան հսկայական ու ընդլայնուող գօտում քրիստոնէական է՛լ աւելի շատ համայնքներ կը ոչնչացուեն կամ աստիճանաբար կը վերանան»,– զգուշացրել է նա։
«Միացեալ Նահանգները կարող են կանխել այս հետեւանքը՝ նոր թափ հաղորդելով Թուրքիայի ազդեցութեան գօտում կրօնական ազատութեան պաշտպանութեանն ուղղուած իրենց աջակցութեանը եւ քաղաքական որոշումների կայացման ընթացքում առաջնահերթութիւն տալով հալածանքների ենթարկուող քրիստոնեաների ու կրօնական փոքրամասնութիւնների գոյատեւմանը»,– ասել է Այբները։
«Եթէ Միացեալ Նահանգներն ունենան կրօնական ազատութեանը աւելի մեծ առաջնահերթութիւն տալու քաղաքական կամք եւ սկսեն որոշակի արժէք տեսնել այն մարդկանց մէջ, որոնք հալածւում են իրենց քրիստոնէական հաւատքի կամ ինքնութեան համար, ես կասկած չունեմ, որ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագայ անկումը կասեցնելու համար»։
Յիշեցնելով նախագահ Ռոնալդ Ռէյգանի հաստատակամութիւնը՝ 1986 թուականին Ռէյկեաւիկում Միխայիլ Գորբաչովի հետ իր առաջին հանդիպման ընթացքում մարդու իրաւունքների հարցն առաջնահերթ դարձնելու գործում, Այբները եզրափակել է.
«Թող այս օրինակը վերակենդանանայ ամերիկեան քաղաքական ղեկավարութեան եւ հանրութեան գործունէութեան մէջ, երբ մենք առնչւում ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ՝ նրանց ազդեցութեան ընդլայնուող գօտիների հարցում»։
