Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շէնքը

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շէնքը

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են խորհրդարանի շէնքը։ Մինչեւ բռնի տեղահանումը՝ Արցախի պատգամաւորներն աշխատել են այդ շէնքում։

Ադրբեջանցի վանդալները քանդել են նաեւ Արցախի Ազատամարտիկների միութեան շէնքը։

Այս մասին ահազանգում է «Հայքի մշակութային օմբուդսմէն» հասարակական կազմակերպութիւնը։

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածուած տեսանիւթից հաստակ երեւում է, որ ադրբեջանցի վանդալները քանդել են նաեւ Արցախի Ազատամարտիկների միութեան շէնքը։ Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը»,- ասւում է ՀԿ տարածած հաղորդագրութեան մէջ:

Վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է, որ Բաքուն չի պատրաստւում հանդուրժել հայ մարդու արժանապատիւ մուտքն Արցախ. «Հայաքուէ»

Մեծ ցաւով տեղեկացանք, որ Բաքուի բռնապետական ռեժիմը քանդել է տուել Արցախի անկախ պետականութեան խորհրդանիշներից մէկը՝ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի շէնքը։ Հայ ժողովուրդը եւս մէկ անգամ համոզուեց, որ Ադրբեջանը բացարձակապէս պատրաստ չէ Հայաստանի հետ կայուն, անկեղծ ու երկարատեւ խաղաղութեան։ Այս մասին յայտարարութիւն է տարածել «Հայաքուէ» նախաձեռնութիւնը:

Յայտարարութեան մէջ նաեւ ասւում է. «Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի շէնքը քանդելը, մեր խորին համոզմամբ, Բաքուի բռնապետական վարչախմբի պատասխանն է Արցախի Ազգային Ժողովի վերջին շրջանի այն նախաձեռնութեան, որը նպատակ ունի կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենի օջախներ՝ միջազգային արդիւնաւետ երաշխիքների ներքոյ․ ուստի վանդալիզմի այս ստոր ակտը ուղերձ է առ այն, որ Բաքուն չի պատրաստւում հանդուրժել հայ մարդու արժանապատիւ մուտքն Արցախ։

Այս քայլով Բաքուն հերթական անգամ ողջ աշխարհին ցոյց տուեց իր ցեղասպան ու բարբարոս դէմքը։ Քննադատութեան չի դիմանում միջազգային հանրութեան կողմից պատշաճ արձագանքի բացակայութիւնն ընդհանրապէս, եւ ռուսական խաղաղապահ առաքելութեան անգործութիւնը՝ մասնաւորապէս։

Բաքուի նման քաղաքականութիւնը նաեւ արդիւնքն է Հայաստանի Հանրապետութիւնում իշխանութիւնը զաւթած վարչակազմի հակազգային ու անողնաշար կեցուածքի։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ թշնամու հակամարդկային գործելաոճը կը դադարի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համախումբ ու արժանի հակահարուած տա իրեն ցեղասպանել ձգտող Բաքուի վարչախմբին եւ վերականգնի իրաւունքները սեփական հայրենիքի նկատմամբ։

«ՀայաՔուէ» նախաձեռնութեան խորհուրդ

Share