Գագիկ Ծառուկեանի անունից Եւրադատարան ներկայացուած երկու գանգատներն էլ դատարանը ստացել է

Գագիկ Ծառուկեանի անունից Եւրադատարան ներկայացուած երկու գանգատներն էլ դատարանը ստացել է

Գագիկ Ծառուկեանի անունից Մարդու իրաւունքների եւրոպական դատարան ներկայացուած երկու գանգատներն էլ Դատարանը ստացել է․ տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանի փաստաբանական թիմի տարածած հաղորդագրութիւնից։

«Գանգատներով բարձրացուել են Մարդու իրաւունքների եւրոպական կոնուենցիայի 3-րդ, 5-րդ եւ 18-րդ յօդուածներով, ինչպէս նաեւ Կոնուենցիայի թիւ 7 արձանագրութեան 4-րդ յօդուածով երաշխաւորուած իրաւունքների խախտման հարցեր։ Դրանք վերաբերում են Գագիկ Ծառուկեանի նկատմամբ իրականացուող ապօրինի եւ քաղաքական շարժառիթներով պայմանաւորուած քրէական հետապնդմանը, ազատութիւնից ապօրինի զրկելուն, նրա նկատմամբ ցուցաբերուած անմարդկային ու նուաստացուցիչ վերաբերմունքին, քրէաիրաւական սահմանափակումներն իրենց համար նախատեսուած իրաւաչափ նպատակից շեղուած՝ քաղաքական նպատակներով կիրառելուն, ինչպէս նաեւ նոյն արարքների կապակցութեամբ կրկնակի քրէական հետապնդման արգելքի խախտմանը։

Ներկայացուած փաստերը, ներպետական դատավարութիւնների նիւթերը, քրէական վարոյթների ժամանակագրութիւնը եւ պետական բարձրաստիճան պաշտօնատար անձանց հրապարակային յայտարարութիւնները կազմում են փոխկապակցուած ապացոյցների ամբողջութիւն։ Դրանք ցոյց են տալիս, որ քրէական արդարադատութեան համակարգն օգտագործուել է ոչ թէ օրինական քրէաիրաւական նպատակների, այլ քաղաքական հակառակորդին հետապնդելու, մեկուսացնելու եւ հանրային ու քաղաքական գործունէութիւնից հեռացնելու համար։

Քաղաքական հաշուեյարդարը չի դառնում իրաւաչափ միայն այն պատճառով, որ ձեւակերպւում է քրէական վարոյթի որոշումներով։ Քրէական դատավարութեան արտաքին ձեւականութիւնները չեն կարող քօղարկել հետապնդման իրական նպատակը։

Երկու գանգատներով էլ ՄԻԵԴ-ից խնդրել ենք դրանց տրամադրել առաջնահերթութիւն՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնին համապատասխան։ Գանգատները վերաբերում են Կոնուենցիայի հիմնարար իրաւունքներին, այդ թւում՝ անձի ազատութեանը, ինչպէս նաեւ պետական իշխանութեան կողմից քրէական հետապնդման մեխանիզմների՝ քաղաքական նպատակով չարաշահմանը։ ՄԻԵԴ-ի ձեւաւորուած մօտեցումը վկայում է, որ նման բնոյթի՝ քաղաքական շարժառիթներով ազատութիւնից զրկման եւ Կոնուենցիայի 18-րդ յօդուածի խախտման վերաբերեալ գործերը ստանում են առաջնահերթ ընթացք եւ սովորաբար կոմունիկացւում են սեղմ ժամկէտներում։

Մենք վստահ ենք, որ գանգատների լիարժէք քննութեան արդիւնքում Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը կ՚արձանագրի Գագիկ Ծառուկեանի՝ Կոնուենցիայով պաշտպանուող իրաւունքների խախտումները։ Ներկայացուած իրաւական եւ փաստական նիւթերի համակցութիւնը, մեր գնահատմամբ, որեւէ ողջամիտ տեղ չի թողնում այն պնդման համար, թէ տեղի ունեցողը սովորական կամ քաղաքականապէս չէզոք քրէական հետապնդում է։

Այս գործերը վերաբերում են ոչ միայն Գագիկ Ծառուկեանի անհատական իրաւունքներին։ Դրանք վերաբերում են Հայաստանում քրէական արդարադատութիւնը քաղաքական հաշուեյարդարի գործիք դարձնելու անընդունելի գործելակերպին, որի համար պետութիւնն անխուսափելիօրէն կրելու է միջազգային իրաւական պատասխանատուութիւն»,- ասուած է հաղորդագրութիւնում։

Share