Հայ դատի քաղաքական եւ կազմակերպական սեմինար-քննարկում Քալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անուան գրադարան-թանգարանում

Հայ դատի քաղաքական եւ կազմակերպական սեմինար-քննարկում Քալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անուան գրադարան-թանգարանում

ԱՄՆ յիսուն նահանգներից Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի դաշնային, նահանգային եւ տեղական ներկայացուցիչները յունիսի 4-ին հաւաքուելու են Կալիֆորնիայի Ռոնալդ Ռեյգանի անուան գրադարան-թանգարանում՝ անցկացնելու Հայ դատի քաղաքական եւ կազմակերպական աշխատանքներին նուիրուած սեմինար-քննարկում։

Սեմինարը ներառելու է քաղաքական խորը քննարկումներ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի գործունէութեան բոլոր ուղղութիւնների եւ ոլորտների վերաբերեալ՝ սկսած համայնքային քաղաքական ներգրաւուածութիւնից մինչեւ հաղորդակցութիւն եւ մեդիայ, ընտրականից մինչեւ օրէնսդրական գործընթացներ։

Սեմինարին մասնակցելու են նաեւ ոլորտային յայտնի փորձագէտներ, որոնք կքննարկէն ԱՄՆ արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւնները Հարաւային Կովկասում, ինչպէս նաեւ Հայ դատի քաղաքական առաջնահերթութիւնների սպասարկման ուղղութեամբ առաջիկայ մարտավարական քայլերը։

Սեմինարի ընթացքում յատուկ ուշադրութիւն է դարձուելու Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի ռազմավարական առաջնահերթութիւնների, ինչպէս նաեւ Կոնգրեսի եւ ԱՄՆ վարչակազմի հիմնական շահագրգիռ կառոյցների հետ դրանց իրականացմանն ուղղուած նպատակային աշխատանքի վրայ։ Մասնաւորապէս՝

– ԱՄՆ-ի շարունակական ճնշումն Ադրբեջանի վրայ՝ դադարեցնելու Արցախի շրջափակումը,
– ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զէնքի վաճառքի եւ անվտանգային աջակցութեան դադարեցում,
– Արցախին ԱՄՆ-ի անյապաղ մարդասիրական օգնութեան տրամադրում,
– Ադրբեջանի կողմից շարունակուող ռազմական յանցագործութիւնների եւ մարդու իրաւունքների խախտումների համար պատասխանատուութեան ենթարկում,
– Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալուած եւ խոշտանգուած հայ ռազմագերիների ազատ արձակում,
– Հայաստանի անվտանգութիւնը որպէս հայ-ամերիկեան երկկողմանի յարաբերութիւնների թիւ մէկ առաջնահերթութեան սահմանում,
– Արցախի Հանրապետութեան ինքնորոշման անքակտելի իրաւունքի ճանաչում։

Անդրադառնալով սեմինարի կազմակերպմանը՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի անդամ Աիդայ Դիմէջեանը նկատել է․ «Այս սեմինարը հնարաւորութիւն կը տայ աւելի հզօրացնել ամերիկահայ համայնքի ակտիւութիւնը տեղական, շրջանային եւ դաշնային մակարդակներում։ Դաշնային մակարդակով միաւորելով Հայ դատի նուիրեալներին՝ ւէտէրաններից մինչեւ յաջորդ սերունդը, հնարաւորութիւն է ընձեռում կենտրոնացնելու մեր համայնքի հաւաքական ջանքերը հանուն Արցախի անվտանգութեան»:

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
19.05.2023թ.

Share