Լոյս է տեսել Երուանդ Փամբուկեանի «Հ.Յ. Դաշնակցութեան Ծածկանուններու Բառարանը

Լոյս է տեսել Երուանդ Փամբուկեանի «Հ.Յ. Դաշնակցութեան Ծածկանուններու Բառարանը

«Լուսակն» հրատարակչութիւնը օրերս լոյս է ընծայել վաստակաշատ պատմաբան Երուանդ Փամբուկեանի «Հ Յ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԾԱԾԿԱՆՈՒՆՆԵՐՈՒ ԲԱՌԱՐԱՆ. անձնանուններ, տեղանուններ, թուանշանային ծածկագրեր» ուշագրաւ աշխատութիւնը, որը միաժամանակ «ՎԷՄ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ» հինգերորդ հատորն է։ Այն ներառում է ՀՅԴ յեղափոխական գործունէութեան առաջին քառասնամեակի ընթացքում ծածկագրուած՝ անհատ գործիչների անձնանունների, նրանց գործունէութեան վայրերի՝ Հայաստանի ու հարակից երկրների տեղանունների, ինչպէս նաեւ գաղտնի նամակագրութեան մէջ օգտագործուող թուանշանային ծածկագրերի աղիւսակները։ Սա մի եզակի աշխատութիւն է, որն իր արտաքուստ ոչ մեծ ծաւալների մէջ իրականում հսկայական տեղեկատուութիւն է պարունակում 19–րդ դարի վերջերի ու 20–րդ դարի առաջին տասնամեակների հայ ազատամարտի ու Հայաստանի առաջին հանրապետութեան պատմութեան վերաբերեալ։ Նրա իւրաքանչիւր տողում առկայ անհատ գործիչների կամ տեղանունների ծածկագրուած անուանումները բացայայտելու եւ ընթերցողի դատին ներկայացուող աղիւսակները կազմելու համար հեղինակից հսկայական ջանքեր ու բազում տասնամեակներ են պահանջուել։ Հիմք ընդունելով ՀՅԴ Կենտրոնական արխիւում պահուող վաւերագրերը, Երուանդ Փամբուկեանն անցել է այդ մեծ տառապանքի միջով եւ այսօր ընթերցողի սեղանին է դրել մի արժէքաւոր աշխատութիւն, որն անկասկած ունենալու է բազում վերահրատարակութիւններ, որովհետեւ մէկ անհատի համար ուղղակի անհնար է ընթերցել ՀՅԴ պատմութեան բոլոր վաւերագրերը ու բացայայտել նրանցում առկայ բոլոր ծածկագրուած անուանումները։

«Վէմ» համահայկական հանդէսի խմբագրակազմի եւ այս վաղուց սպասուող աշխատութիւնն իրենց յետագայ գիտական պրպտումների համար անհրաժեշտ սեղանի գիրք համարող բոլոր պատմաբանների անունից ջերմօրէն շնորհաւորում ենք մեր աւագ գործընկերոջը եւ նրան ցանկանում առողջութիւն ու ստեղծագործական նոր նուաճումներ։ Երուանդ Փամբուկեանի այս եզակի եւ խիստ արժէքաւոր գրքի մասին նախնական պատկերացում կազմելու համար ներկայացնում ենք «Մեր ծածկանունները» առաջաբանը եւ «Մեր ծածկանուններու կազմութեան մասին» ներածական խօսքը:

«Վէմ» հանդեսի խմբագրություն

Share