Սկսե՞լ է

Սկսե՞լ է

Զարեհ Աճէմեան

Ապրիլի 13-ին Հայաստանի Ազգային Ժողովի իր ելոյթում կատարած յայտարարութիւններով Նիկոլ Փաշինեանը այլևս բացայայտ դարձրեց մի քանի իրողութիւններ որոնց մասին ընդդիմութիւնը ամիսներ առաջուանից բարձրաձայնում էր: Նորանոր զիջումներ, Արցախը Ազրբէյջանի կազմում ընդունել, պատերազմի և հազարաւոր կորուստների կանխման կարելիութիւնը և այն իրողութիւնը, որ այս իշխանութիւնները քայլ առ քայլ Հայաստանն ու իր պետականութիւնը տանում եմ ամբողջական պարտութեան և մեր պատմական իրաւունքները զիջելու ամեն պատրաստակամութիւն ունեն արդեն պարզ դարձան վարչապետի հենց իր վկայութեամբ «խոստովանութիւն»ներում:   

Նման յայտարարութիւնների տրամաբանական հետևանքը պիտի լիներ այն, որ ժողովուրդը պէտք է օրը չվերջացած բողոքի ու համաժողովրդական անհնազանդութեան միջոցառումներով  վերջ տար ապազգային կառավարութեան կեանքին: Սակայն մենք արդեն 2018-ից վարժուել ենք անտրամաբանական հետևանքների ու ու ժողովրդական անբնական հակազդեցութիւնների ամբողջ շարանի:

Ակնկալուող ժողովրդական բողոքի ալիքը չբարձրացաւ 2020 թուականի նոյեմբերեան կապիտուլացիայի յայտարարութիւնից յետոյ: Դեռ աւելին ժողովրդական դժգոհութիւնը իրեն չդրսևորեց 2021ի Յունիսի ընտրութիւններին երբ այն կարող էր ամենաքաղաքակիրթ պայմաններում դրսեւորուել նուազագոյն վնասը պատճառելով մեր պետականութեան:

Թէ 2020ի Հայրենիքի փրկութեան շարժման ժամանակ և թէ 2021ի ընտրութիւններին մեր ժողովուրդը թէ հայաստանում և թէ սփիւռքում իր մեծամասնութեամբ որոշեց լուռ մնալ: Որոշեց դեռ նոյնքան մեղադրել «նախկիններին» որքան մեղադրում է «նորերին» ու այդպիսով երբ մեր հազարաւոր նահատակների թափած արիւնը դեռ թարմ էր Հայաստանի ու Արցախի գիւղերում ու քաղաքներում, որոշեց չմասնակցել թէ ամենօրեայ կայացող ցոյցերին, թէ խորհրդարանական ընտրութիւններին:

Միւս կողմից շատերը մեղադրում են ընդդիմութեանը, որ չի կարողանում համախմբել ժողովրդին և չի յաջողում միասնական ճակատ ստեղծելով ուժի օրէնքով վերջ տալ այս իշխանութիւններին: Այս հատուածը նաև մեղադրում է ընդդիմութեան և յատկապէս նրա ղեկավարութեանը վճռական կամ կտրուկ քայլեր չառնելու համար:

Այս ճակատագրական օրերին երբ մեր ժողովուրդը իր Ապրիլեան հաւաքներով Հայաստանից մինչև սփիւռք մի անգամ ևս հաստատեց իր հաւատարմութիւնը իր ազգային իդէալներին դարձեալ ընդդիմութիւնը վերսկսել է ժողովրդին կազմակերպելու իր աշխատանքը:

«Զարթիր Լաո» իմաստալից նշանաբանի կողքին այս օրերին շատ ենք հանդիպում նաև «սկսել է» նշանաբանին ու հարց է առաջանում արդեօք իրապէս «սկսե՞լ է»: Շատերը այս հարցը ուղղում են ընդդդիմութեան ղեկավարներին ու յատկապէս Դաշնակցութեանը իբրև այդ ընդդիմութեան գաղափարական ողնաշարը: Իրապէս սկսե՞լ է, թէ սա ևս մի քանի ժամանակ անց կը մարի հայրենիքի փրկութեան շարժման պէս:

Թէ ընդդիմութեան ղեկավարները ինչպէ՞ս պէտք է պատասխանեն այս հարցին երկրորդական է: Հարցադրումը ոչ թէ պէտք է գայ ժողովրդից ուղղուած ղեկավարներին, այլ պէտք է ուղղուած լինի մեր հաւաքական ինքնագիտակցութեանը իբրև ազգ և իբրև պետականութեան արժանի ժողովուրդ:

Ժամանակն է իւրաքանչիւրս հայելու մէջ նայելով ինքներս մեզ հարց տանք «սկսե՞լ է»:

Մինչև այն ժամանակ որ իւրաքանչիւրս Հայաստանում կամ արտերկրում չորոշենք մասնակցել համաժողովրդական շարժմանը ոչ մի ակնկալիք կարող ենք ունենալ այս կամ այն քաղաքական ուժից:

Բոլորին յայտնի է որ Դաշնակցութիւնը մինչև վերջ մնալու է հրապարակում, դա է թելադրում ՀՅԴ գաղափարական ու քաղաքական ինքնութիւնը, որն անփոփոխ է մնալու, դա է ապացուցում Դաշնակցութեան ողջ պատմութիւնն ու յատկապէս վերջին տարիների ժողովրդահաճոյ հոսանքին դէմ գնալը: Սակայն ժողովուրդը պատրա՞ստ է նոյն վճռակամութեամբ քայլ պահել երկարաշունչ պայքարի հետ: Եթէ իւրաքանչիւրս պատրաստ ենք այո ասել այս հարցումին ապա կարող ենք վստահանալ, որ «Սկսել է»:  

Share