Շրջափակման 100-րդ օրը Ստեփանակերտում ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ ակցիայ է կազմակերպուել

Շրջափակման 100-րդ օրը Ստեփանակերտում ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնութեամբ ակցիայ է կազմակերպուել

Արցախը շրջափակման մէջ է 100 օր։ Թշնամի Ադրբեջանն արդէն 100 օր է, ինչ չի կարողանում հասնել  իր դաւադիր նպատակներին՝ հայաթափել Արցախն ու գրաւել այն։ 2020թ․ դաժան պատերազմից յետոյ թէեւ վիրաւոր, սակայն Արցախի սիրտը բաբախում է, իսկ դա նշանակում է, որ արցախցին պայքարում է։

Սննդի, դեղորայքի, վառելիքի, էլեկտրականութեան ու գազի բացակայութեան պայմաններում է արցախցին ապրում։ 3 պատերազմի բովով անցած, բազմաթիւ զրկանքներ ու դաժանութիւններ տեսած արցախցու կամքն անկոտրում է։ Արցախցին հաւատարիմ է իր ընտրած պայքարի ուղուն։

Եւ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ցեղասպանական քաղաքականութեան 100-րդ օրը Արցախի երիտասարդները եւս մէկ անգամ ցոյց են տալիս իրենց հաստատակամութիւնը՝ այս հողում ապրելու ու արարելու՝ ի հեճուկս համայն աշխարհի եւ բոլոր դժուարութիւնների։

2023թ․ մարտի 21-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել է ակցիայ՝ վերահաստատելու այդ կամքը, արցախցու ձայնը լսելի դարձնելու համայն աշխարհին,  պայքարի վճռականութիւնը արտայայտելու եւ հայ ժողովրդի միասնական կամքն ապացուցելու համար։

Այսօր աշխարհի շատ երկրներում, որտեղ կան դաշնակցական կառոյցներ եւ երիտասարդական, ուսանողական եւ պատանեկան միութիւններ, նմանատիպ ակցիաներ են տեղի ունենում, փաստելով, որ դաշնակցական երիտասարդները դիւանագիտական մակարդակով, հանրային բեմերում չէն մոռացել Արցախը եւ ամէն առիթով միջազգային հարթակներում ներկայացնում են Հայ դատն ու հայկական պահանջատիրութիւնը։ Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը։ Արցախը դիմակայում է եւ իր դիմակայութեամբ թշնամուն ոչ է ասում՝ պարտադրելով յարգանք եւ ակնածանք։

Share