Վերջին 100-ամեայ պատմութեան մէջ պետական մտածելակերպի արմատաւորման լաւագոյն օրինակը Արամ Մանուկեանն էր

Վերջին 100-ամեայ պատմութեան մէջ պետական մտածելակերպի արմատաւորման լաւագոյն օրինակը Արամ Մանուկեանն էր

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի ելոյթը՝ Արամ Մանուկեանի ծննդեան 144-ամեակին նուիրուած միջոցառմանը.

«Այսօր շատ այժմեական է Արամ Մանուկեանին նուիրուած այս միջոցառումը. մեր հասարակութիւնը, մէզանից իւրաքանչիւրը, հայ ժողովուրդն ընդհանրապէս պէտք է իր արժանին մատուցի Արամ Մանուկեանին: Ես կը փորձեմ Արամ Մանուկեանի կերպարի եւ մեր օրերի կապը ներկայացնել: Շատ արդիական է, երբ խօսում ենք պետական գործչի նրա յատկանիշների մասին՝ ուսումնասիրելով նրա կենսագրութիւնը, նրա գործունէութիւնը՝ դա լինի Արեւմտեան Հայաստանում, երբ նա գործչի կարգավիճակով այնտեղ էր, Վանի ինքնապաշտպանութիւնը, այնուհետեւ Հայաստանի հանրապետութիւն, Սարդարապատ:

Պետական մտածելակերպի արմատաւորման լաւագոյն օրինակը մեր վերջին հարիւրամեայ պատմութեան մէջ Արամ Մանուկեանն էր: Եթէ ուսումնասիրեք իր օրագիրը, իր յիշողութիւնները, Արամ Մանուկեանի մասին գրուած վկայութիւնները, ընդամէնը մի քանի տարի առաջ լոյս տեսած լիբանանահայ պատմաբան Երուանդ Փամբուկեանի «Արամի նամանակին»՝ արխիւներից դուրս բերուած այդ հրաշագործ աշխատութիւնը, ապա կարող ենք ծանօթանալ պետական գործչի կերպարին: Ես ինձ իրաւունք եմ վերապահում նրան համեմատելու մեր ժամանակների Արթուր Մկրտչեանի հետ: Երկուսն էլ անկախ հանրապետութեան ծնունդի ժամանակահատուածում շատ կարճ պաշտօնաւարեցին, երկուսն էլ իրենց գծերով շատ նմանութիւններ ունեն՝ ազնւութիւնը, առաջնորդ լինելու հանգամանքը: Շատ է խօսւում «առաջնորդ» գաղափարի մասին: Այս առումով փորձենք մեր օրերը համեմատել Արամի ապրած ժամանակաշրջանի հետ: Ես կ’ուզէնայի Դրոյի հետ միջադէպի օրինակը բերել, թէ ինչպէս է Դրոն, այդ բազմաւաստակ ռազմական, քաղաքական գործիչը փորձում ընդամէնը աւտօտնակից մեքենայ վերցնել եւ աւտօտնակի պետ Խաչիկ Ստեփանեանը մերժում է՝ ապաւինելով Արամին: Արամի եւ Դրոյի ընդյարման պատմութիւնը շատ իւրայատուկ ապացոյց է, թէ ինչպիսի կեցուածք ունէր Արամ Մանուկեանը: Կամ մէկ այլ դրուագ. յատուկ կոմիտէի շրջանում Արամի պաշտօնավարման ժամանակ Չոլախ Գեւորգի կամ Թոփալ Գեւորգի նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքը: Յայտնի դաշնակցական խմբապետ-գործիչը փորձում է իրեն դրսեւորել այլ վիճակով, մէկ-երկու անգամ Արամը ներել էր նրա վարքագիծը, բայց վերջում իր յանձնարարութեամբ Գեւորգին գնդակահարում են: Ես չեմ քարոզում մեր օրերում գնդակահարութիւն, բայց քարոզում եմ, որ ունենանք պետական գործչին վայել կեցուածք:

Առանձնայատուկ տեղ ունէր Արամի վերաբերմունքն իր հակառակորդների, թշնամիների նկատմամբ: Տարբեր դրուագներ կան թէ՛ Վանում, թէ՛ Հայաստանի անկախութեան առաջին օրերին, թեկուզ Խալիլ փաշայի հետ իր յարաբերութիւնները: Խորհրդային պատմագրութիւնը կեղծուած, տարբեր ձեւերով մէզ փորձել է այլ իրականութիւն մատուցել, բայց Խալիլ փաշայի հետ իր յարաբերութիւններում տեսնում ենք, թէ ինչպիսի վերաբերմունք ունէին մեր թշնամիները, հակառակորդները մեր առաջնորդի նկատմամբ: Սա, իհարկէ, այժմեական է: Ինչպիսի յարաբերութիւնների մակարդակ պիտի ունենալ, որ մեր հակառակորդը խոնարհուի, արժանին մատուցի՝ նոյնիսկ Արամի պահանջով իրենց հեռանալուց յետոյ հայկական կողմին զէնք-զինամթերք տրամադրելով:

Շատ է խօսւում Արամ Մանուկեան պետական, քաղաքական, ռազմական գործչի մասին: Չպէտք է մոռանալ, որ Արամ Մանուկեանն առանց իր կուսակցութեան, առանց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան չէր կարող ունենալ այս կերպարը: Երբեմն մենք փորձում ենք մեր կերպարների միայն մի մասը լուսաբանել: Ես պարտաւորուած եմ որպէս ՀՅԴ բարձրագոյն մարմնի անդամ՝ հպարտօրէն ասել, աեօ՛, Արամ Մանուկեանը կուսակցական գործիչ էր, ուսումնասիրեք իր անցած ճանապարհը՝ Վասպուրականում, Կարսի հնոցում, Արեւելեան Հայաստանում, Բաքւում, Գանձակում եւ դուք կը տեսնեք, թէ ինչպիսի գործունէութիւն է ունեցել այդ ազնուագոյն պետական, հասարակական, քաղաքական եւ նաեւ կուսակցական գործիչը: Այսօր այժմեական է դա: Պետք է կարողանալ ամենաիրական պատկերը երեւան հանել, օգտագործել:

Այնուհանդերձ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել եւ ողջունել այս նախաձեռնութիւնը՝ յոյս ունենալով, որ Արամ Մանուկեանի կերպարը ուսումնասիրելով՝ իւրաքանչիւր ոք իր մէջ կարող է տեսնել Արամ Մանուկեանին: Արամ Մանուկեանի թողած ժառանգութիւնը, պատգամը հէնց այն կը լինի, եթէ իւրաքանչիւրս ապրենք այդ ոգով, այդ ոճով եւ գործենք այդպէս»:

Share