Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխօսութեամբ լուծելու համար

Իրանը իր ողջ պոտենցիալը կօգտագործի տարածաշրջանի խնդիրները երկխօսութեամբ լուծելու համար

Իրանի արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից է հարեւանների հետ յարաբերութիւնների զարգացումը․ այս քաղաքականութեան մէջ Իրանի համար կարեւորագոյն նշանակութիւն ունի Հայաստանը։

Երեւանում լրագրողների հետ ճեպազրոյցում այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։ Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը։

«Խորհրդակցութիւնների շրջանակում ես իմ հայ գործընկերոջ հրաւէրով  Հայաստանում եմ, եւ երէկ եւ այսօր մենք արդիւնաւէտ քննարկումներ ենք ունեցել իմ հայ գործընկերոջ, ինչպէս նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ։ Այդ հանդիպումների ընթացքում ընդգծւեց Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում կայուն խաղաղութեան հաստատման գործում։ Եւ մեր հանդիպումների ընթացքում ընդգծել ենք, որ Իրանը միշտ վստահելի գործընկեր է խաղաղութեան եւ անվտանգութեան հաստատման գործում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարի տեղակալը։

Նա յաւելել է, որ տարածաշրջանի երկրներն են, որոնք խաղաղութեան եւ կայունութեան երաշխաւորն են, եւ օտարերկրեայ ուժերի ներկայութիւնը չի կարող այդ կայունութիւնն ու խաղաղութիւնն ապահովել, քանի որ նրանք այլ հեռանկարներ են հետապնդում։

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալին հարց ուղղւեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու, Հայաստանի սուվերեն տարածքի մի մասն օկուպացւած պահելու, ինչպէս նաեւ «Արեւմտեան Ադրբեջան» եւ «Հարաւային Ադրբեջան» կեղծ թէզերը շրջանառելու վերաբերեալ։«Աստւած դիւանագէտներին ստեղծել է, որպէսզի խաղաղ երկխօսութիւնների միջոցով կարողանան հասնել կայունութեան հաստատմանը։ Ես ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ երկխօսութեան տարբերակը կընտրեն հարցերի լուծման համար։ Եւ Իրանը իր ողջ հնարաւորութիւնը եւ պոտենցիալը կօգտագործի խաղաղ երկխօսութիւնների միջոցով հարցերին եւ խնդիրներին լուծում տալու համար»,- պատասխանեց Ալի Բաղերի Քանին։

Share