Արցախի ԱԺ խմբակցութիւնները պահանջում են ՀՀ իշխանութիւններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը

Արցախի ԱԺ խմբակցութիւնները պահանջում են ՀՀ իշխանութիւններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Մի քանի օրից կլրանայ Արցախի Հանրապետութեան 120 հազար բնակչութեանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերեալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարութիւնն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետութիւնն իրեն բռնակցելու մտադրութեան մէջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից եւ ահաբեկչական գործողութիւններից: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչութեան ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականութիւնները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխօսութեան մասին խօսակցութիւնները:

Միեւնոյն ժամանակ, համոզուած ենք, որ ղարաբաղեան հակամարտութիւնը, որպէս միջազգային օրակարգի հարց, պէտք է լուծուի բանակցութիւնների միջոցով համապատասխան միջազգային կառոյցների միջնորդութեամբ ու երաշխիքներով, մասնաւորապէս, այդպիսի լիազօրութեամբ օժտուած Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրաւմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրութեանն ու միջազգային կառոյցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դէմ կիրառուող հումանիտար ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղութեան դարաշրջանի» մասին:

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի խմբակցութիւնները, արտայայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւններից հաւատարիմ մնալ ՀՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցութիւնները վերահաստատում են իրենց հաւատարմութիւնը մեր ժողովրդի կամքն արտայայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդուել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցութիւն
«Միասնական հայրենիք» խմբակցութիւն
«Արդարութիւն» խմբակցութիւն
«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութիւն
«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն» խմբակցութիւն

13 մարտի, 2023թ.
ք. Ստեփանակերտ

Share