Բելգիայի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչներին

Բելգիայի Արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչներին

Մարտի 6-ին Բելգիայի Արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն ընդունել է ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանին, գործադիր տնօրէն Հեղինէ Էվինեանին եւ ՀՅԴ Բելգիայի Հայ դատի յանձնախմբի նախագահ Կարոյ Կարապետին:

Հանդիպման ընթացքում ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի ներկայացուցիչները մանրամասնել են Արցախի բնիկ հայ բնակչութեան նկատմամբ ադրբեջանական կողմից իրականացուող էթնիկ զտումների քաղաքականութիւնը եւ Ադրբեջանի իշխանութիւնների վրայ ճնշում գործադրելու անհրաժեշտութիւնը՝ դադարեցնելու այս խիստ ապակառուցողական եւ ապակայունացնող քաղաքականութիւնը:

ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի Հանրապետութիւնն Արցախի հետ կապող Լաչինի միջանցքի շրջափակման անյապաղ բացման անհրաժեշտութիւնը։ 2020 թուականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրով Ադրբեջանը պարտաւորուել է Լաչինի միջանցքով ապահովել մարդկանց եւ ապրանքների ազատ եւ անվտանգ տեղաշարժը երկու ուղղութիւններով։

ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները ընդգծել են նաեւ Ադրբեջանի կողմից անօրինական գերութեան մէջ գտնուող հայ ռազմագերիներին անյապաղ ազատ արձակելու անհրաժեշտութիւնը։

Որպէս եւրոպական քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւն, որն ունի յանձնախումբ նաեւ Բելգիայում, ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի գրասենեակի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց վճռականութիւնը՝ ամէն ջանք գործադրել նպաստելու Հայաստանի եւ Բելգիայի միջեւ կապերի ամրապնդմանը:

Հանդիպումն անցել է ջերմ հիւրընկալ միջավայրում, ձեռք է բերուել յետագայ համագործակցութեան պայմանաւորուածութիւն։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
11 մարտի, 2023

Share