Ֆինանսների նախախարարութեան ցնցող պատասխանը
Yerkir.am-ը ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղուած գրաւոր հարցմամբ ակնկալել էր տեղեկութիւններ եւ տուեալներ 1991 թուականից մինչեւ 2023 թուականի սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատուածում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) տնտեսական գործունէութեան, առեւտրաշրջանառութեան եւ յարակից ոլորտների արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ մուտքագրուած ուղղակի եւ անուղղակի օգուտների (եկամուտների) վերաբերեալ։
Մասնաւորապէս, խնդրել էինք տրամադրել առկայ վերլուծութիւնները, վիճակագրական տուեալները կամ գնահատականները հետեւեալ կէտերի վերաբերեալ.
- Հարկային եւ բիւջէտային մուտքեր. Արցախում գործող կազմակերպութիւնների (այդ թւում՝ խոշոր հարկատուների, էներգետիկ, հանքարդիւնաբերական եւ այլ ոլորտների) կողմից ՀՀ պետական բիւջէ վճարուած հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների ընդհանուր ծաւալը նշուած ժամանակահատուածում (ըստ տարիների կամ ընդհանրական)։
- Ապրանքաշրջանառութիւն եւ արտահանում. Արցախից ՀՀ մուտք գործած, ինչպէս նաեւ Արցախում արտադրուած եւ ՀՀ տարածքով երրորդ երկրներ արտահանուած ապրանքների ու ծառայութիւնների ծաւալը, որոնք ապահովել են տնտեսական ակտիւութիւն եւ եկամուտներ ՀՀ տնտեսութեան համար։
- Էներգետիկ եւ ռեսուրսային ներդրում. Արցախից Հայաստանի Հանրապետութիւն մատակարարուած էլեկտրաէներգիայի, գիւղատնտեսական ապրանքների եւ հումքային ռեսուրսների տնտեսական արժէքը կամ դրանց ունեցած ազդեցութիւնը ՀՀ տնտեսական ցուցանիշների վրայ։
- Ընդհանուր տնտեսական ազդեցութիւն. Առկայութեան դէպքում՝ նախարարութեան կողմից կատարուած որեւէ ամփոփ վերլուծութիւն կամ գնահատական այն մասին, թէ Արցախի տնտեսութիւնն ու ռեսուրսները որքանով են նպաստել ՀՀ ՀՆԱ-ի աճին եւ պետական բիւջէի եկամտային մասի ձեւաւորմանը նշուած 32 տարիների ընթացքում։
Ֆինանսների նախարարութեան գլխաւոր քարտուղարից ստացուած գրաւոր պատասխանում, որտեղ, ի դէպ, աչալրջօրէն հետեւել են Փաշինեանի ադրբեջանասիրական մղումներին ու խուսափել են օգտագործել «Արցախ» եզրոյթը (գրել են պարզապէս Ղարաբաղ), մերժել են տեղեկութեան տրամադրումը՝ պատճառաբանելով, որ «1991-2023 թուականների ընթացքում Ղարաբաղի տարածքում իրականացուած տնտեսական գործունէութեան, առեւտրաշրջանառութեան եւ յարակից ոլորտների արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ մուտքագրուած ուղղակի եւ անուղղակի եկամուտների (օգուտների) վերաբերեալ առանձնացուած հաշուառում չի իրականացուել։ Հետեւաբար, առկայ չէ այնպիսի ամփոփ տեղեկութիւն, որը հնարաւորութիւն կը տար որոշել նշուած տնտեսական գործունէութեան արդիւնքում ՀՀ պետական բիւջէ մուտքագրուած եկամուտների ընդհանուր ծաւալը»։
Նախարարութիւնից ընդգծել են, «որ նման եկամուտների գնահատումն ինքնին պարունակում է էական մեթոդաբանական բարդութիւններ՝ պայմանաւորուած Հայաստանի Հանրապետութեան եւ Ղարաբաղի միջեւ ձեւաւորուած տնտեսական, հարկային եւ ֆինանսական յարաբերութիւնների առանձնայատկութիւններով։
Մասնաւորապէս, դիտարկուող ժամանակահատուածում Ղարաբաղն ունեցել է Հայաստանի Հանրապետութիւնից առանձին հարկային համակարգ եւ իրականացրել ինքնուրոյն հարկային քաղաքականութիւն։ Աւելին, տարիներ շարունակ Ղարաբաղում գործել են Հայաստանի Հանրապետութեան համեմատ առաւել արտօնեալ հարկային պայմաններ, այդ թւում՝ աւելացուած արժէքի հարկի եւ եկամտային հարկի մասով։ Նման պայմաններում Ղարաբաղը Հայաստանի Հանրապետութիւնում գործունէութիւն իրականացնող որոշ տնտեսվարողների համար դիտարկուել է որպէս հարկային ռեզիդենտութեան առաւել բարենպաստ միջավայր։
Բացի այդ, Հայաստանի Հանրապետութեան եւ Ղարաբաղի միջեւ բացակայել է սահմանային եւ մաքսային հսկողութիւնը, ինչի պայմաններում երկու տնտեսութիւնների միջեւ ապրանքների շրջանառութիւնը չի ուղեկցուել սահմանային կամ մաքսային ընթացակարգերի շրջանակում հարկային եւ մաքսային վճարների առանձին հաշուառմամբ ու գանձմամբ։
Միաժամանակ Ղարաբաղի եւ երրորդ երկրների միջեւ ապրանքաշրջանառութիւնն իրականացուել է Հայաստանի Հանրապետութեան տարածքով եւ պետական սահմանով՝ Հայաստանի Հանրապետութեան հարկային եւ մաքսային իրաւազօրութեան ներքոյ։ Հետեւաբար, այդպիսի գործարքների առնչութեամբ Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէ մուտքագրուած հարկային եւ մաքսային եկամուտները հաշուառուել են ընդհանուր կարգով՝ առանց դրանց առանձնացման՝ ըստ Ղարաբաղի տնտեսական գործունէութեան հետ ունեցած առնչութեան»։
Նախարարութիւնը չի ժխտում, որ Արցախի Հանրապետութիւնից ՀՀ պետական բիւջէն եկամուտներ ունեցել է, պարզապէս, ըստ նախարարութեան, «վերոգրեալ հանգամանքների համակցութիւնը թոյլ չի տալիս Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէի եկամուտներից առանձնացնել Ղարաբաղի տնտեսական գործունէութեան հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող մուտքերը եւ արժանահաւատօրէն գնահատել դրանց ընդհանուր ծաւալը։ Ընդ որում, առանձնացուած հաշուառման բացակայութիւնը չի նշանակում, որ նման տնտեսական գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութեան պետական բիւջէի եկամուտների ձեւաւորման վրայ ազդեցութիւն չի ունեցել, այլ վկայում է այդ ազդեցութեան քանակական գնահատման համար անհրաժեշտ տուեալների բացակայութեան մասին»։
Հետաքրքիր է, որ թէպէտ մենք չէինք խնդրել, բայց նախարարութիւնը մեզ, չգիտես ինչու, ուղարկել է ՀՀ-ից Արցախ ֆինանսական հոսքերի ուղղութեամբ տուեալները, որոնք զարմանալի զուգադիպութեամբ պահպանուել են՝ ի տարբերութիւն Արցախից Հայաստան ֆինանսական հոսքերի մասին տուեալների, որոնք մենք ցանկանում էինք ստանալ։
Այսպէս, նախարարութիւնը մեզ տրամադրել է 1991-2023 թթ. ընթացքում Արցախին յատկացուած բիւջէտային վարկերի մասին տուեալներ՝ բացարձակ թուերի տեսքով։ Չի բացառւում, որ իշխանութիւնները դրանով փորձում են հանրային գիտակցութեան մէջ տպաւորութիւն ստեղծել, թէ, տեսէք՝ ինչ ահռելի գումարներ է ՀՀ-ն վարկերի տեսքով տրամադրել Արցախին, որոնք, ըստ գերատեսչութեան, չեն վերադարձուել։
Տասնամեակների ընթացքում Արցախի Հանրապետութիւնից ՀՀ հոսած եկամուտների վերաբերեալ գոնէ 10 տարուայ կտրուածքով տուեալներ իսկապէ՞ս չկան, թէ՞ միտումնաւոր է դրանք թաքցնում Արցախը թշնամուն յանձնած Փաշինեանի իշխանութիւնը, պէտք է ասեն մասնագէտները։
Մի բան, սակայն, յստակ է՝ Արցախը ոչ միայն հայրենիք է, որն արեամբ էր ազատագրուել, ոչ միայն ՀՀ-ի անվտանգութեան ողնաշարն էր, այլ նաեւ էներգետիկ, հանքարդիւնաբերական, ջրային ռեսուրսների, գիւղատնտեսական արտադրանքի, այգեգործութեան, հսկայածաւալ ցանքատարածութիւնների, կաթնամթերքի, մսամթերքի արտադրութեան եւ տնտեսական այլ ուղղութիւնների անփոխարինելի ռեսուրս, որը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում օտարուեց։
