Ադրբեջանի նպատակը սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանութիւնն է. Արթուր Թովմասեանը հանդէս է եկել յայտարարութեամբ

Ադրբեջանի նպատակը սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանութիւնն է. Արթուր Թովմասեանը հանդէս է եկել յայտարարութեամբ

Այսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմից իրականացուած հերթական ահաբեկչութեան հետեւանքով Արցախի Հանրապետութեան Ներքին գործերի նախարարութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհուել եւ 1 ծառայող ծանր վիրաւորում է ստացել: 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին ասուած է Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասեանի տարածած յայտարարութեան մէջ:

«Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից յայտնում եմ մեր  խորին ցաւակցութիւնը զոհուածների հարազատներին եւ մեր ամբողջ ժողովրդին»,- գրել է Թովմասեանը: Ըստ Խորհրդարանի նախագահի՝  Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ եւ, դրան զուգահեռ, պաշտօնական ապատեղեկատուութիւն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրութեանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ իրականացուող ռասսայական խտրականութեան համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանութիւնը: 

«Կատարուածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան շրջափակմանը զուգահեռ էսկալացիայ սադրելու ադրբեջանական հետեւողական քաղաքականութեան հերթական դրսեւորումն է: Միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից  ուժի կիրառումը  եւ ահաբեկչական գործողութիւնները յաջորդել են ս.թ. փետրուարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատութեան  միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին  ՀՀ պահանջի բաւարարմանը եւ փետրուարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լաւրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտայայտած դիրքորոշմանը»,-  ընդգծել է Թովմասեանը:

Share