Շրջափակման օրերին ՀՕՄ-ը շարունակում է հաւատարիմ մնալ իր առաքելութեանը

Շրջափակման օրերին ՀՕՄ-ը շարունակում է հաւատարիմ մնալ իր առաքելութեանը

«Ապառաժ»-ի հարցազրոյցը Հայ Օգնութեան Միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանի հետ

Աշխարհի տարբեր ծագերում ապրող մեր հայրենակիցների հայեացքն այժմ ուղղուած է երկրաշարժի հետեւանքով ծանր կացութեան մէջ յայտնուած Սիրիայի հայկական համայնքին: Միանալով ՀՕՄ-ի աշխարհասփիւռ միաւորներին եւ ողջ հայութեանն ուղղուած «Ձեռք ձեռքի մեր հայրենակիցների կողքին» կոչին՝ Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորն իր զօրակցութիւնն է յայտնում Սիրիայում ապրող մեր քոյրերին եւ եղբայրներին եւ միանում համահայկական օժանդակութեան աշխատանքներին։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը։

Նա նշել է, որ չնայած շրջափակման ծանր պայմաններին` Արցախի կառավարութիւնը, համագործակցելով Հայ օգնութեան միութեան Արցախի մասնաճիւղի հետ, որոշում է կայացրել միանալ համահայկական օժանդակութեան աշխատանքներին՝ կազմակերպելով դրամահաւաք․ «Միայն մեր համազգային ամուր միասնականութեամբ ու միմեանց սատար կանգնելու անկեղծ ջանքերով է հնարաւոր յաղթահարել ինչպէս բնութեան արհաւիրքները, այնպէս էլ՝ արհեստածին մարտահրաւէրները։ Ձեր նուիրատուութիւնները ՀՀ դրամով կարող եք կատարել «Արցախբանկ»-ում բացուած հաշուեհամարին՝ 22300100156701»։

ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհու խօսքով՝ ՀՕՄ-ը շրջափակման օրերին շարունակում է հաւատարիմ մնալ իր առաքելութեանը եւ փորձում է ամէն կերպ նպաստել սոցիալական, կրթական, առողջապահական եւ այլ ոլորտների զարգացմանը։ «Շրջափակման պայմաններում առաջին հերթին փորձել ենք ուրախացնել երեխաներին։ Քանի որ շրջափակման պայմաններում հնարաւոր չէր մեծ քանակութեամբ նուէրներ ձեռք բերել, օգտուել ենք պահեստներում առկայ խաղալիքներից, հագուստից, որոնք ուղարկում են ՀՕՄ-ի տարբեր մասնաճիւղերը։ Մեր միաւորը ԱՀ Ասկերանի շրջանի Խնապատ, Մարտունու շրջանի Խնուշինակ, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ ու Գառնաքար համայնքների աշակերտների, Ասկերանի շրջանի Այգէստան համայնքի մանկապարտէզի մօտ 500 երեխաների համար ամանորեայ անակնկալ է պատրաստել: Նշուած համայնքների մանուկներն ու պատանիներն արժանացել են նուէրների»,- ասել է Լ․ Մարտիրոսեանը:

Լիլիթ Մարտիրոսեանը խօսել է մէկ այլ ծրագրի մասին, որի օգտակարութեան մասին եւս մէկ անգամ համոզուել են հէնց շրջափակման օրերին, երբ հոսանքի ու գազի յաճախակի անջատումներ էին լինում։

«Արցախի մի շարք համայնքներում 101 արեւային ջրատաքացուցիչներ են տեղադրուել զոհուած, հաշմանդամութիւն ունեցող, բազմազաւակ ընտանիքների համար։ Մի քանի սարքեր դեռեւս պիտի տեղադրուեն, ճանապարհի փակ լինելու պատճառով չէն հասել հասցէատէրերին»,- ասել է Լ․ Մարտիրոսեանը՝ յաւելելով, որ նախատեսւում է ծրագիրը շարունակել։

Յիշեցնենք, որ շրջափակման օրերին ՀՕՄ-ի Հայաստանի շրջանը շուրջ 10 տօննայ պարէնամթերք է յանձնել Արցախի Հանրապետութեան ներկայացուցչութեանը։ Այս մարդասիրական օգնութիւնը ռուս խաղաղապահների միջնորդութեամբ հասցուել է Արցախ:

ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարութեան կողմից այն տեսակաւորւում եւ տրամադրւում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհուած եւ անյայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամութիւն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) եւ նախարարութիւն դիմած սոցիալապէս անապահով ընտանիքներին:

Հայ օգնութեան միութեան Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանը հանդիպում է ունեցել ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նորանշանակ նախարար Արմէն Մանգասարեանի հետ:

Արմէն Մանգասարեանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հետ համագործակցութիւնը՝ նշելով, որ դեռեւս ԱՀ բնակարանային կոմիտէի ղեկավարի պաշտօնում առիթ է ունեցել ծանօթանալու ՀՕՄ-ի գործունէութեանը եւ պրակտիկ ու օպերատիւ գործելաոճին: Նա շնորհակալութիւն է յայտնել այս դժուար օրերին Արցախի կողքին գտնուող բոլոր կազմակերպութիւններին ու կառոյցներին, այդ թւում՝ ՀՕՄ-ին:

Լիլիթ Մարտիրոսեանի առաջարկով՝ Արցախ հասած օժանդակութիւնից կը յատկացուի նաեւ ՀՕՄ-ի Արցախի միաւորին դիմում ներկայացրած սոցիալապէս անապահով ընտանիքներին:

Տաթեւիկ Աղաջանեան

Share