Ո՞վ է պատասխան տալու այս նսեմացնող «ժողովրդավարական» խաբէութեան համար

Ո՞վ է պատասխան տալու այս նսեմացնող «ժողովրդավարական» խաբէութեան համար

Յիշո՞ւմ էք այս մարդուն։ Մոսկուայաբնակ Յովհաննէս Սահակեանն է, որի նկատմամբ յարուցուած հանրային քրէական հետապնդումը դադարեցուել է։ Այս մասին յայտնել է նրա փաստաբան Կարինէ Մարգարեանը։

«Հինգ ամիս տեւած պայքարից յետոյ Յովհաննէս Սահակեանի նկատմամբ յարուցուած հանրային քրէական հետապնդումը դադարեցուեց՝ մեղսագրուող արարքը վերջինիս կողմից կատարուած չլինելու հիմքով»,– գրել է փաստաբանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը ոչ իրաւաչափ է ճանաչել ընտրութիւններին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած տղամարդու ձերբակալութիւնը։

Յիշեցնենք, որ Յովհաննէս Սահակեանը ձերբակալուել էր «Զուարթնոց» օդանաւակայանում յունիսի 7-ին՝ ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր աւելի վաղ օդանաւակայանում նրա տուած կարճ հարցազրոյցը, որի ընթացքում ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրութիւններին մասնակցելու, երեկոյեան կը վերադառնան, «որ կարող ա խառնուի վիճակը, էրեխէքի հետ ենք, չմնանք, էլի, բարդութիւններին»։

Ըստ Քննչական կոմիտէի հաղորդագրութեան՝ Յովհաննէս Սահակեանը ձերբակալուել էր, քանի որ, հաստատապէս տեղեակ լինելով նախապատրաստուող յանցագործութեան մասին, չէր յայտնել ՀՀ իրաւասու մարմիններին։

«Ռուսաստանի հայերի՝ Հայաստանում յունիսի 7-ի ընտրութիւններին մասնակցելը մատի փաթաթան են սարքել․ թէկուզ ոչ մի վիճակագրական տուեալ չկար, որ Ռուսաստանից հայերի հոսք է սկսուել, որ նրանք կը մասնակցեն ընտրութիւններին եւ ընդդիմութեան օգտին կը քուէարկեն, աննախադէպ «պատժիչ» միջոցներ ձեռնարկուեցին։

Պաշտօնապէս յայտարարուեց, որ այդ օրերին Հայաստան եկողներին կը տանեն զինուորական հաւաքների, ու տարան։ Մէկին նոյնիսկ իր հարսանիքի յաջորդ օրը «Զուարթնոց»-ից տարան «բանակ»՝ հարսին դրսում թողնելով։

Որոշ մարդիկ ձերբակալուեցին, ինչպէս վերը նշուած մարդը։ Յետոյ հապճեպ օրէնք ընդունեցին՝ արգելելով արտերկրում ժամանակաւորապէս բնակուող ՀՀ քաղաքացիներին քուէարկել։ Եւ վերջին տեղական ընտրութիւններին հազարաւոր մարդիկ չկարողացան մասնակցել։

Ո՞վ է պատասխան տալու այս նսեմացնող «ժողովրդավարական» խաբէութեան համար»։

Share