Ազատութեան շրջափակում Արցախը չի զգացել եւ չի զգում

Ազատութեան շրջափակում Արցախը չի զգացել եւ չի զգում

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հետ

—Արդէն երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակման մէջ է։ Այս աննախադէպ իրավիճակում ի՞նչ մթնոլորտ է Արցախում եւ ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրութիւնը:

—Անցած երկու ամսուայ ընթացքում կուսակցական մարմինները եւ ԱՀ ԱԺ պատգամաւորները առիթներ ունեցել են անմիջականօրէն շփուելու ժողովրդի հետ եւ ստուգելու ժողովրդի ընդհանուր տրամադրութիւնն ու տրամադրուածութիւնը: Անշուշտ, բաւականին բարդ է իրավիճակը. 2020 թ. նոյեմբերի 9-ից յետոյ պատերազմի ծանր հետեւանքների պայմաններում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, բարոյահոգեբանական եւ ամենակարեւորը՝ անվտանգային առումներով Ադրբեջանը ձեռնարկում է հերթական քայլը, որն ունի յատուկ նպատակ՝ բարոյահոգեբանական ճնշում գործադրել եւ Արցախից ժողովրդին տարհանելու գաղափար սերմանել: Ժողովրդի տրամադրուածութիւնը շատ համահունչ է այն գաղափարներին ու նպատականերին, որոնք մենք նախանշել ենք 1988-ին, այն մօտեցումներին, որ վերջին 30 տարիներին տիրում էր ոչ միայն Արցախում, այլեւ ընդհանրապէս համայն հայ ժողովրդի մէջ: Շատ կարեւոր է, որ Սփիւռքի մեր հայրենակիցներին եւս փոխանցուի այս պատգամը եւ այստեղ տիրող տրամադրութիւնը. Արցախը շարունակում է պայքարը:

—Որքանո՞վ է Արցախի իշխանութիւններին յաջողուել ապահովել կենսագործունէութիւնը, ինչպե՞ս են գործում պետական հիմնարկները, սպասարկման եւ միւս ծառայութիւնները:

—Սա սովորական իրավիճակ չէ, պէտք է հասկանալ, որ գտնւում ենք ոչ միայն պատերազմական, արտակարգ իրավիճակում, այլեւ այնպիսի իրավիճակում, որի մէջ կայինք 90-ական թուականների սկզբին: Յիշէնք, որ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղը ամբողջապէս կտրուած էր մայր հայրենիքից, չկար ցամաքային կապ, մեր կապը մասամբ ապահւուում էր օդային ճանապարհով, աւելի ստոյգ՝ ուղղաթիռներով, իսկ այսօր օդային ճանապարհը փակ է, ցամաքային կապն ամբողջովին արգելափակել են Ադրբեջանի, այսպէս կոչուած, «էկոակտիւիստները» եւ ստեղծել նոր իրավիճակ:
Իշխանութիւնների ձեռնարկած քայլերի շնորհիւ հնարաւորութիւն է ընձեռուել նախ եւ առաջ ճշգրտել մեր ունեցած կարողութիւնները, մեր անվտանգային պարենային պաշարները, ռեսուրսները, ինչպէս նաեւ մշակել բաշխման համապատասխան մեխանիզմներ։ Սահմանած կտրօնային համակարգը մեղմել է ընդհանուր կացութիւնը եւ ստեղծել համակարգուած իրավիճակ: Թեեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի Արցախի գրասենեակի, ինչպէս նաեւ ռուս խաղաղապահների հետ վարած բանակցութիւնների շնորհիւ հնարաւորութիւններ են ստեղծուել, այդուհանդերձ շատ կարեւոր է ժողովրդի կողմից իրավիճակի ընկալման գիտակցութիւնը: Հաւանաբար մեր թշնամիները ակնկալում էին նաեւ ներքին սոցիալական ընդվզումներ, բայց Արցախի ժողովուրդն այս իրավիճակում եւս ի ցոյց դրեց իր իմաստութիւնը եւ այս ծանր պայմաններում խոր գիտակցումով մօտեցաւ իրավիճակին, նոյնիսկ իշխանութիւնների բացթողումներն ու որոշ վրիպումներ աննկատ մնացին: Ստեղծուել է կառավարելի կացութիւն, ընդհանուր մատակարարումները բաւարարում են բնակչութեան գոնէ նուազագոյն կենսական պահանջները:

— Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերեալ, ի՞նչ կարող էր անել եւ ի՞նչ պէտք է աներ Հայաստանի իշխանութիւնը:

—Վերջին չորս տարիներին առիթներ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանի իշխանութիւնների վարած քաղաքականութեանը։ Հետպատերազմեան շրջանում ակնյայտ էր, թէ ինչպիսի քաղաքական գիծ են ընդունել Հայաստանի իշխանութիւնները, ինչի հետեւանքով մենք յայտնուել ենք քաղաքական մեկուսացման մէջ: Անցած 30 տարիներին ԱՀ եւ ՀՀ համատեղ գործունէութեան շնորհիւ մենք կարողացել ենք ստեղծել մէզ համար կենսունակ պայմաններ: Հետպատերազմեան շրջանում առաւել անհրաժեշտ էր, որպէսզի ՀՀ իշխանութիւնները հոգածութիւն տածեին եւ նաեւ նոր քաղաքական վարքագիծ դրսեւորեին Արցախի ապագայի եւ այն հիմնախնդիրների նկատմամբ, որոնք ծառացած են մեր առջեւ: Ցաւօք սրտի, հակառակ գործընթացն է ընթացել եւ ընթանում. Հայաստանի իշխանութիւնները որոշ նիւթական եւ սոցիալական խնդիրների լուծման փաստերը ներկայացնելով որպէս Արցախի ժողովրդին եւ Արցախի ապագային միտուած հիմնական աջակցութիւն ու օժանդակութիւն՝ թիւր տպաւորութիւն են փորձում ստեղծել:

Արցախի հարցով կարեւոր են Հայաստանի իշխանութիւնների կողմից երկու ուղղութեամբ տարուող աշխատանքները՝ քաղաքական եւ անվտանգային: Անշուշտ, անվտանգային հարցերն առաջնային են:

Անվտանգային համակարգի մէջ մենք նախ եւ առաջ դիտարկում ենք Հայաստանի Հանրապետութեանը՝ որպէս Արցախի Հանրապետութեան եւ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորի: Հայաստանը հրաժարուել է անվտանգային երաշխաւորի պարտականութիւնից: Այս մասին պաշտօնապէս չի յայտարարւում, չի բարձրաձայնւում, բայց իրականութիւնն այն է, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտաւորութիւնները, այն, ինչ ակնկալում ենք եւ այն, ինչ մէզ անհրաժեշտ է:

Իհարկէ, կան համագործակցութեան որոշակի դրսեւորումներ եւ համատեղ որոշ քայլեր, բայց սրանք բաւարար չէն, անհրաժեշտ է ամուր եւ միասնական անվտանգային համակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով, որը ստեղծուել էր տասնամեակների տքնաջան աշխատանքի շնորհիւ, աեօ՛, այն այսօր խոցուած է, անդամալոյծ, սակայն կարեւոր է գիտակցել, որ առանց այդ միասնական համակարգի մեր հայրենիքը խոցելի է լինելու: Այստեղ է Հայաստանի իշխանութիւնների հիմնական դերակատարութիւնը: Տեսնում ենք, թէ ինչպէս են իրենց որդեգրած անհասկանալի քաղաքական վարքագծով, հետեւողական քայլերով եւ տարբեր պատճառաբանութիւններով ամբողջապէս փլուզում երկրի անվտանգային համակարգը։

Յաջորդ խնդիրը քաղաքական պաշտպանուածութեան հարցն է, որի կարիքը զգում է Արցախի Հանրապետութիւնը եւ Արցախի ժողովուրդը: Հայաստանի իշխանութիւնները վարչապետի, ԱԳՆ, Անվտանգութեան խորհրդի քարտուղարի կամ խորհրդարանական դիւանագիտութեան մակարդակով չէն ստեղծում այն պայմանները, որոնց միջոցով Արցախը պէտք է հնարաւորութիւն ունենայ ներկայանալ միջազգային բեմահարթակում: Այստեղ եւս նկատելի է Հայաստանի իշխանութիւնների կողմից ոչ միայն պարտադրուած նահանջ, այլեւ միտումնաւոր հետքայլ: Ըստ իս՝ դրա մէջ ակնառու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղակի եւ անուղղակի դերը։

—Ինչպե՞ս եք վերաբերւում Հայաստանի վարչապետի այն յայտարարութիւններին, թէ Ադրբեջանն ու Արցախը միմեանց հետ պէտք է բանակցէն Արցախի հարցի վերջնական կարգաւորման եւ առհասարակ առկայ բոլոր խնդիրների շուրջ:

—1994 թ. զինադադարի ստորագրումից յետոյ բանակցային գործընթացը վարւում էր եռակողմ ձեւաչափի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների շրջանակներում:

Ցաւօք սրտի, յետագայում փոխուեց այս ձեւաչափը, Արցախը դուրս մղուեց բանակցային գործընթացից եւ այն դարձաւ երկկողմ՝ որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցութիւնների գործընթաց:

Այնուհետեւ ականատես եղանք, թէ ինչպէս էր Ադրբեջանը ձգտում Ղարաբաղեան հակամարտութեան էութիւնը փոխել եւ այն դարձնել Հայաստան-Ադրբեջան համակարտութիւն: 2020 թ. պատերազմից յետոյ դա յաջողուեց Ադրբեջանին։ Այնուամենանիւ, խնդիրը Հայաստանի իշխանութիւնների մօտեցումն է, նաեւ այն, թէ ինչպիսի քաղաքական ուղղուածութիւն են որդեգրում Հայաստանի իշխանութիւնները:

2020 թ. հետպատերազմեան շրջանում Հայաստանի իշխանութիւնները, ակնյայտօրէն քաղաքական նահանջ ապահովելով, փորձում են դէմ յանդիման թողնել Արցախին եւ Ադրբեջանին: Ադրբեջանը Արցախի իշխանութիւնների հետ ունեցած կենցաղային, յատկապէս կոմունիկացիաներին վերաբերող որոշակի շփումները փորձում է ներկայացնել որպէս ուղղակի երկխօսութիւն: Ուղղակի երկխօսութիւն կարող է լինել, եթէ քաղաքական հարթութեան մէջ, քաղաքական հարցերի շրջանակներում կայ հաւասարը հաւասարի հետ բանակցութիւն: Այս պայմաններում դժուար է միահաւասար սկզբունք ձեւակերպել եւ դրանով առաջնորդուել: Անգամ Հայաստանը եւ Արդբեջանը այդ սկզբունքով չէն կարողանում փոխյարաբերուել: Այնուհանդերձ ակնյայտ է, թէ ինչպէս է Հայաստանում իշխող համակարգը Արցախին ուղղակիօրէն մղում դէպի Ադրբեջան, ինչը նման է նրան, երբ զոհին ուղղորդում ես դէպի գազանը: Այսօր յայտնուել ենք հէնց այդ զոհի կարգավիճակում: Այդուամենանիւ Ադրբեջանի հետ շփումներին եւ երկխօսելուն երբեք դէմ չենք եղել: Վերջին շրջանում նաեւ ունեցել ենք ներքին քննարկումներ, որոնց ընթացքում արձանագրել ենք, որ երկխօսելը նպատակայարմար է եւ այդ երկխօսութեան մէջ պէտք է դիտարկել ոչ միայն տնտեսական, սոցիալական ոլորտներին առնչուող խնդիրները, այլեւ մեր քաղաքական ապագային եւ մեր կարգավիճակին վերաբերող հարցերը: Մենք՝ որպէս ինքնուրոյն սուբյեկտ, դէմ չենք Արդբեջանի հետ երկխօսելուն, բայց շատ դժուար է այդ երկխօսութիւնը ծաւալել յատկապէս այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանութիւններն իրենց խօսոյթում Արցախը դիտարկում են որպէս Ադրբեջանի մաս: 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայկ. ԽՍՀ Գերագոյն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը, ինչպէս նաեւ 1992 թ. յուլիսի 8-ի Հայաստանի Գերագոյն խորհրդի որոշումները պէտք է լինէն մեր ապագայ կարգավիճակի հիմքը:

— Որքան էլ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանութիւնները ցանկանան համոզել, թէ Արցախի հարցը լուծուած է, շահագրգիռ ուժերն ու նրանց ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ յայտարարում են, որ հարցը փակուած չէ, եւ գոյութիւն ունի Արցախի կարգավիճակի խնդիր: Արցախի շրջափակումը, Ադրբեջանի իշխանութիւնների կողմից պարբերաբար կազմակերպուող զանազան սադրանքներն արդյօք չե՞ն փաստում, որ Ադրբեջանի կազմում արցախահայութիւնը ապագայ չի կարող ունենալ:

— 44-օրեայ պատերազմից յետոյ ադրբեջանական կողմն ակնյայտօրէն որդեգրել է մի քաղաքական գիծ, ըստ որի՝ այլեւս չկայ Ղարաբաղի հիմնահարց, այն լուծուած է, եւ այդ հիմնահարցի շուրջ որեւէ միջազգային քննարկում անիմաստ է: Հայկական կողմը պնդում է, որ այս հիմնահարցը հանգուցալուծուած չէ, ուստի Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու եւ յաւելեալ միջազգային հարթակներ օգտագործելու անհրաժեշտութիւն կայ: Ղարաբաղի հիմնահարցով զբաղուող ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթէ չկայ, այն անդամալոյծ վիճակում է, եթէ չասեմ՝ լուծարուած:

Այդ մասին պարբերաբար որոշ տեսակէտներ են ներկայացնում հէնց համանախագահող երկրների արտաքին գերատեսչութիւնների ներկայացուցիչները, երբեմն նաեւ առաջին դէմքերի մակարդակով լսում ենք տարբեր տեսակէտներ, բայց փաստն այն է, որ Մինսկի խմբի ձեւաչափն այսօր կենսունակ չէ եւ չի կարող ապահովել այն պահանջները, որոնք մենք ակնկալում էինք: Մենք որոշ փորձեր արել ենք՝ օգտագործելու միջազգային տարբեր հարթակները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդը, Եւրախորհրդարանը, Եւրամիութիւնը:

Մենք փորձում ենք աշխարհին ապացուցել, որ Արցախը չի կարող մնալ հայկական, եթէ այս տարածաշրջանում չլինի հայկական պետական համակարգ:

—Այսօր շատ է խօսւում համահայկական միասնականութեան ձեւաւորման, նաեւ հայկական եռամիասնութեան պայքարի նոր փուլ սկսելու մասին: Ո՞րն է այս հարցերի շուրջ Ձեր տեսակէտը, ի՞նչ տրամադրութիւններ կան արցախահայութեան մէջ:

—Ղարաբաղեան հիմնահարցի հանգուցալուծման առումով կարեւոր է ունենալ համահայկական ներքին միասնութիւն, ներքին համախոհ մթնոլորտ, նաեւ ձեւաւորուած միասնական օրակարգ: Հիմնական առանցքը հէնց Արցախն է, Արցախի իշխանութիւնների որդեգրած քաղաքական գիծը եւ մեր համահայկական ներուժը՝ ի դէմս Սփիւռքի: Եռամիասնութեան ձեւաչափը եւ եռամիասնութեան շրջանակում գործելու հնարաւորութիւնները տասնամեակներ ի վեր մէզ տուել են համապատասխան արդիւնքներ թէ՛ քաղաքական ոլորտում եւ թէ՛ տնտեսական կամ սոցիալական տարբեր խնդիրներում: Սակայն ինչպէս տեսնում ենք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից, իսկ առաւել եւս 2020 թ. 44-օրեայ պատերազմից յետոյ խախտուած է այս եռամիասնութիւնը։

Միասնութեան վերականգնման հարցում մեր կազմակերպութիւնը՝ ՀՅԴ-ն, պէտք է առանցքային դեր ունենայ: Շատ կարեւոր են այն ջանքերը, որոնք մենք գործադրում ենք Սփիւռք-հայրենիք միասնութիւնն ու Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը վերակագնելու համար:

Արցախում տիրող ներքին համախոհութեան մթնոլորտը կարող է լաւագոյն օրինակը լինել թէ՛ ՀՀ-ի, թէ՛ Սփիւռքի համար: Արցախում վերջին երկու տարիների ընթացքում այդ ամէնի համար պարարտ հող ենք նախապատրաստել: Ստեղծուած նոր իրավիճակում հետպատերազմեան շրջանի բոլոր մանր խնդիրները մի կողմ դնելով, տարբեր քաղաքական ուժերին համախմբելով եւ իշխանութեանը աջակցելով առաջատարի դեր ստանձնելու հարցում՝ համախոհութեան մթնոլորտ է ապահւուել։ Կարեւոր է, որպէսզի սա գիտակցի իւրաքանչիւր հայ եւ հայկական կառոյց, եւ ի վերջոյ՝ Հայաստանի իշխանութիւնները: Սփիւռքում այդ առումով եւս պարարտ հող կայ, Սփիւռքը թեկուզեւ որոշակիօրէն հիասթափուած եւ յուսալքուած է 2020 թ. պատերազմի ծանր պարտութիւնից յետոյ, այնուամենայնիւ նկատելի է որոշակի աշխուժութիւն եւ ակտիւութիւն: Մենք Արցախից այդ ազդակներն ուղարկում ենք, նախադրեալներ ենք ստեղծում, սակայն մէզ համար գլխաւոր խնդիրը Հայաստանն է եւ Հայաստանում ստեղծուած ներքին քաղաքական մթնոլորտը:

Մենք՝ որպէս ՀՅԴ Արցախի եւ ՀՅԴ համահայկական կառոյց, կարող ենք մեծ դերակատարութիւն ունենալ՝ մեր ընդհանուր ծրագրերով, նպատակներով, նաեւ հաւատարիմ մնալով մեր առաքելութեանը եւ մեր սկզբունքներին: Դաշնակցութիւնը միշտ կարողացել է կարեւորը երկրորդականից զանազանել եւ շատ դէպքերում միաւորողի դեր ստանձնել: Արցախն այս առումով որոշակի քայլեր պիտի նախաձեռնի։

Արցախում ծաւալուած քաղաքական զարգացումները վերջին մի քանի ամիսներին ստեղծում են այդ հնարաւորութիւնը, եւ այս ալիքը, որ նորից բարձրանում է Արցախում, կարող է դառնալ համահայկական միասնութեան հիմքը: Կարեւոր է ի մտի ունենալ այն, որ անցած տասնամեակներին մենք որդեգրել ենք Արցախի եւ Դաշնակցութեան բնական դաշնակիցներ լինելու գաղափարը: Այդ գաղափարը օգտագործելով՝ մենք կարող ենք ներազդել Հայաստանի ներքին կեանքի վրայ, այնտեղ եւս ստեղծել համապատասխան մթնոլորտ, իսկ Սփիւռքը հիմք ընդունելով այս դաշինքը եւ վերոնշեալ երկու կարեւոր ուժերի գործոնը՝ կարող է համապատասխան վարքագիծ դրսեւորել: Ի դէպ, այս ուղղութեամբ մենք ունեցել ենք ներքին քննարկումներ կուսակցութեան շրջանակներում, ինչպէս նաեւ Արցախի իշխանութիւնների, երկու վեհափառների, Հայկական բարեգործական ընդհանուր միութեան ղեկավար կազմի հետ: Մեզ անհրաժեշտ է այս քննարկումներին հաղորդակից դարձնել նաեւ ՀՀ իշխանութիւններին եւ ունենալ որոշակի հանգուցալուծում, որը կարող է լինել համահայկական համաժողովի միջոցով՝ եռամիասնութեան գաղափարի ձեւաչափով: Այդ համաժողովը կարող է լինել եռամիասնութեան վերականգման նոր սկիզբը, ինչպէս նաեւ ճշգրտել մեր հիմնական խնդիրները համատեղ գործունէութեան համար:

-Ուզում եմ անդրադառնալ նաեւ այն զարմանալի փաստին, որ նման դրամատիկ պայմաններում յայտնուած արցախահայութիւնը դրամահաւաք է իրականացնում երկրաշարժից տուժած սիրիահայութեանն օգնելու նպատակով։ Համոզւում ես, որ իսկապէս արտառոց ժողովուրդ ենք, երբ իրար հետ համեմատում ենք հայի այս տեսակը եւ ազգին պառակտած միւս տեսակը, որն այսօր ղեկավարում է Հայաստանը:

—Արցախի ժողովորդը միայն իր համար չէ, որ պէտք է մտահոգուած լինի, Արցախը տարիներ եւ տասնամեակներ զգացել է Սփիւռքի հոգածութիւնն իր նկատմամբ, Արցախը միշտ էլ գիտակցել է, թէ ինչպիսի ծանր պայմաններում են սփիւռքահայ մեր եղբայրները կազմակերպում իրենց նուիրահաւաքները, քաղաքական աջակցութիւն ցուցաբերում Արցախին եւ ըստ իս՝ որեւէ իրավիճակ, որեւէ մթնոլորտ չի կարող ազդել արցախցու հոգեբանութեան եւ վարքագծի վրայ: Աեօ՛, մենք գտնւում ենք շրջափակման մէջ, բայց մեր միտքն ու հոգին շրջափակուած չէն: Շատ կարեւոր է գիտակցել այդ ամէնը եւ փորձել այդ ազատութիւնն արտացոլել եւ տարածել նաեւ այլ միջավայրերում: Հզօր երկրաշարժից յետոյ մեր սիրիահայ եղբայրնեը գտնւում են ծանր վիճակում, ուստի անհրաժեշտ է ձեռք մեկնել նրանց որպէս միասնականութեան դրսեւորում:

Աեօ՛, այստեղ դժուար իրավիճակ է, բայց եղբորդ օգնելու պատրաստակամութիւնը տասնամեակներ ի վեր մենք տեսել ենք եւ այս պայմաններում, անշուշտ, չէինք կարող անտարբեր մնալ: Դաշնակցութեան կառոյցը ՀՕՄ-ի միջոցով հանդէս եկաւ նման նախաձեռնութեամբ, որը բնականաբար ողջունեցին Արցախի իշխանութիւնները: ԱՀ իշխանութիւնների եւ ՀՕՄ-ի համատեղ ջանքերով է իրականացւում այդ նուիրահաւաքը: Հանուն ճշմարտութեան պէտք է ասել, որ Արցախի ժողովուրդը բարձր գիտակցութիւն ցուցաբերելով՝ իր ունեցածից մասնաբաժին է տալիս: Վստահ ենք, որ նման թեկուզ փոքր քայլերով մենք կարող ենք լաւագոյն օրինակը ցոյց տալ ոչ միայն մեր ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Շրջափակումը միայն կարելի է դիտարկել տնտեսական եւ սոցիալական բաղադրիչներով, բայց ազատութեան շրջափակում Արցախը չի զգացել եւ չի զգում, դրա լաւագոյն դրսեւորումներից մէկը սիրիահայութեանը ձեռք մեկնելն է եւ նրանց մեր ունեցածից մասնաբաժին տալը:

Հարցազրոյցը վարեց Տաթեւիկ Աղաջանեանը

«Դրօշակ» թիւ 2, 2023թ

Share