«Առաջին անգամը չէ, որ Արայիկ Յարութիւնեանը որոշումներ է կայացնում, որը Արցախի շահերից չի բխում»․ Դաւիթ Գալստեան

«Առաջին անգամը չէ, որ Արայիկ Յարութիւնեանը որոշումներ է կայացնում, որը Արցախի շահերից չի բխում»․ Դաւիթ Գալստեան

Գազը մինչեւ բանակցութիւնները վերականգնւած էր, իսկ ինչ վերաբերւում է մնացած կէտերին, ըստ օդում կախւած լուրերի, արդէն իսկ Դրմբոնի հանքում որոշակի այցելութիւն եղել է, բայց տեսնում ենք, որ լոյսի եւ ճանապարհի հետ կապւած մեր խնդիրները շարունակում են մնալ եւ ոչ մի յստակութիւն չկայ, թէ ինչ հերթականութեամբ պէտք է այդ կէտերը կեանքի կոչւեն։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի «Արդարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Դաւիթ Գալստեանը՝ անդրադառնալով մարտի 1-ին Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։«Երբ որոշում էր կայացւել, որ չընդունել Ադրբեջանի նախապայմանները, այդ ժամանակ Արայիկ Յարութիւնեանը հրաւիրել էր Անվտանգութեան խորհուրդի ընդլայնւած նիստ, որտեղ ներկայ էին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Այդտեղ որոշում էր կայացւել չգնալ Ադրբեջանի պայմանները կատարելուն, այլ՝ պայքար սկսել, քանի որ հասկանում ենք, որ սա կարող է նախադէպ դառնալ եւ այս ոճով Ադրբեջանը հետագայում այլ պահանջներ ներկայացնի, օրինակ՝ Արցախում ունենալ իրենց մշտական ներկայացուցիչը, էլ չենք խօսում այն մասին, որ կարող է նաեւ պահանջներ ներկայացնել, որ Արցախում պատերազմի մասնակիները պէտք է դատւեն Ադրբեջանի օրէնքներով եւ ծանօթ լինելով Ադրբեջանի ձեռագրին, սա կարող է նախադէպ դառնալ։ Մենք բոլորով համաձայնեցինք, որ այո՛, չենք ընդունում Ադրբեջանի պահանջները»,- ասաց նա։ Պատգամաւորը նշեց, որ ինչ-որ պահից բաներ փոխւեցին, որի մասին քաղաքական ուժերին տեղեակ չեն պահել․

«Մենք տեղեակ չենք եղել, թէ այդ խմբի անդամներն ովքեր են, որ պէտք է ներկայացնեն Արցախը եւ ի՞նչ պէտք է բանակցեն։ Մենք նոյնպէս դրա մասին տեղեկացել ենք մամուլից։ Թէ ե՞րբ եւ ո՞ւմ հետ են որոշել ընդունել Ադրբեջանի պահանջները, մենք տեղեակ չենք, եւ այդ որոշումը կայացնելուց մենք ներկայ չենք եղել եւ մեր կարծիքը այդ ուղղութեամբ իրենց համար հետաքրքիր չի եղել։ Միաժանակ հասկանալի է, որ Ադրբեջանը շատ մեծ ճնշումների տակ է յայտնւել, քանի որ կար միջազգային ատեանների որոշումը՝ ճանապարհը անյապաղ բացելու վերաբերեալ, բայց չգիտես ինչու Արցախի իշխանութիւնները տրւեցին այն գայթակղութեանը, որպէսզի ընդունեն Ադրբեջանի պահանջները։ Պէտք էր միջազգային ատեանների որոշումները բոլոր հարթակներում բարձրաձայնել եւ Ադրբեջանին պարտադրել կատարել պահանջը, դրան զուգահեռ Արցախի նախագահը որոշել է խումբ կազմել եւ ընդունել Ադրբեջանի նախապայմանները։ Մենք տեսանք ադրբեջանական կողմը իրենց մամուլով յայտարարեց, թէ ինչեր են քննարկել, իսկ Արցախի կողմից հերքում չկար մինչեւ մենք չբարձրաձայնեցինք հարցի մասին, իսկ այս հերքումը քիչ է, նրանք պէտք է հրապարակային յայտարարեն, որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչը, ով ապատեղեկատւութիւն է տարածել, չպէտք է այլեւս մասնակցի բանակցութիւններին։ Բայց մենք տեսնում ենք, որ նման յայտարարութիւն չկայ եւ շատ հնարաւոր է, որ նոյն մարդու հետ էլի հանդիպեն եւ էլի ապատեղեկատւութիւններ տարածւեն։ Այս ոճով Արցախում կատարել որեւէ գործողութիւն եւ յոյս կապել այս իշխանութիւնների  հետ, որ իրենք ի զօրու են արցախցու շահը բարձր դասեն իրենց սեփական շահից, ճիշտն ասած, մի քիչ հաւատալի չէ»,- ասաց արցախցի պատգամաւորը։Ադրբեջանական մամուլում  հանդիպման մասին տեղեկութիւն էր տարածւել, ըստ որի՝ ադրբեջանական ներկայացուցիչները հանդիպել են իրենց քաղաքացիների հետ եւ շփւել։ Անդրադառնալով այս հարցին ընդդիմադիր պատգամաւորը նշեց, որ Արցախի իշխանութիւնները պէտք է արձագանգէին սրան եւ ասէին, որ նման վարքագծով բանագնացի կամ ներկայացուցչի հետ մենք այլեւս չենք հանդիպելու․ «Արցախի իշխանութիւնները պէտք է պարտադրեն, որ այդ հանդիպումները  լինեն հրապարակային, եթէ իհարկէ արցախյան կողմը կարող է պարտադրել դա, որպէսզի նման ապատեղեկատւութիւնները կարողանան փաստերով հերքել»,- նշեց նա։

Անդրադառնալավ Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանի պաշտօնանկութեանը` Դաւիթ Գալստեանը նշեց, որ դա կը ձեւակերպենք որպէս հրաման Ալիեւի կողմից, պարտադրանք, թէ՝ ճնշում, ամէն դէպքում Արայիկ Յարութիւնեանը առաջին անգամ չէ, որ որոշումներ է կայացնում, որը Արցախի շահերից չի բխում։Պատգամաւորը նշեց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերով միջկուսակցական մարմին են ստեղծել, որի հիմնական նպատակն է թոյլ չտալ Արայիկ Յարութիւնեանին եւ Արցախի իշխանութիւններին կատարել քայլեր, որոնք վնաս են բերում Արցախի պետականութեանն ու ինքնորոշմանը։

Share