Բուենոս Այրեսի հայութիւնը բողոքի ցոյց է անցկացրել

Բուենոս Այրեսի հայութիւնը բողոքի ցոյց է անցկացրել

Բուենոս Այրեսի հայ համայնքը յունուարի 23-ին ցոյց է կազմակերպել Բուենոս Այրեսի Օբելիսկի մօտ՝ ցոյց տալու Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան պաշարումը եւ 2022 թուականի դեկտեմբերի 12-ից Լաչինի շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծուած հումանիտար ճգնաժամը, գրում է «Diario ARMENIA»-ն:

Այդ օրը ժամը 17:00-ից սկսած, Արգենտինայի բոլոր տարիքի հայ քաղաքացիները հաւաքուել են Հանրապետութեան հրապարակում՝ Արցախի շրջափակումը դատապարտող եւ միջանցքի անյապաղ բացում պահանջող պաստառներով:

«Լաչինի միջանցքը միակ մուտքն է կենսական պաշարների համար, ինչպիսիք են սննդամթերքը, դեղորայքը եւ էներգէտիկ ռեսուրսները՝ հասնելու այնտեղ ապրող 120,000 հայ բնակիչներին (ներառեալ 30,000 երեխաներ եւ 20,000 տարէցներ), որոնք ապրում են այնտեղ», — նշել են կազմակերպիչները: Նրանց խօսքով, «սա Ադրբեջանի եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւի եւս մէկ մանեւր է` իրականացնելու էթնիկ զտումների ցեղասպանական նախագիծ տարածաշրջանի հայ բնակչութեան դէմ»:

«Որպէս Արգենտինայի հայ քաղաքացիներ՝ մենք կոչ ենք անում մեր երկրի ժողովրդին եւ իշխանութիւններին համերաշխութիւն դրսեւորել Արցախի բնակիչների հետ եւ բարձրացնել իրենց ձայնը, համապատասխան պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպութիւնների առջեւ, որպէսզի Ադրբեջանը դադարեցնի անմարդկային վերաբերմունքը»,-յայտարարել են ակցիայի մասնակիցները:

«Միջազգային հանրութիւնը՝ Եւրամիութիւնը, ՄԱԿ-ը, Մինսկի խումբը անգործութեան են մատնուած: Թեեւ Թուրքիայի հետ նաւթի եւ գազի գործարքները կարեւոր են, դաժանօրէն պաշարուած ժողովրդի կեանքը շատ աւելի կարեւոր է: Արգենտինայի մեր կառավարութիւնը նոյնպէս պէտք է իր ձայնը լսելի դարձնի այս առումով»,- «Diario ARMENIA»-ին ասել է Ռոզիտա Եուսեֆեանը:

Share