Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնների կազմակերպութեամբ՝ ՀՀ ԱԱԾ շէնքի դիմաց բողոքի ցոյց իրականացուեց։
Ցոյցի մասնակիցները պահանջում են չարտայանձնել ՀՀ տարածք ներխուժած, երեխաների ու նրանց մօր վրայ յարձակուած ադրբեջանցի զինծառայողին, ենթարկել պատասխանատուութեան, փոխանակել Բաքւում գերութեան մէջ գտնուող մեր հայրենակիցների հետ։
Մասնակիցների ձեռքին՝ «Հայ գերիների վերադարձը՝ առաջնահերթութիւն», «Յաջորդը կարող է լինել ձեր ընտանիքը», «Պետութեան դերը կանխելն է, ոչ թէ արձանագրելը», «Սիւնիք-տուր ադրբեջանցիների համար, հովանաւոր՝ ԱԱԾ» գրութեամբ պաստառներ կային։
ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչութեան անդամ Տարօն Մանուկեանը յայտարարեց, որ մեծ ամօթով են այսօր այստեղ կանգնած, քանի որ կանգնած են ԱԱԾ շէնքի դիմաց, որ պահանջեն՝ մեր սահմանը խախտած ադրբեջանցուն, որն իր երեխաների ներկայութեամբ կրակել է հայ կնոջ վրայ, չարտայանձնեն Ադրբեջանին․ «Յայտնուել ենք մի իրավիճակում, որ ադրբեջանցի զինծառայողը կրակ է բացում հայ մօր վրայ, եւ հնարաւոր է արտայանձնուի՝ որպէս բարի կամքի դրսեւորում, ինչպէս տեսել ենք նախորդ անգամները։ Մեր պահանջը հետեւեալն է՝ նա իրաւունք չունի յանձնուել թշնամուն, միակ նախապայմանը նրա՝ Ադրբեջանին յանձնուելու փոխանակումն է մեր որեւէ հայ զինծառայող գերու հետ։ Այլ պայման մեզ համար անընդունելի է»։
Անդրադառնալով Հիքմեթ Հաջիեւի յայտարարութիւններին՝ ՀՅԴ ԵՄ Կենտրոնական վարչութեան անդամ Ստելլա Յունանեանն ասաց․ «Խօսքս ուղղում եմ Հաջիեւին․ եթէ դուք հայ ժողովրդի հետ խաղաղութիւն կնքելու քայլեր էք անում, ապա բաց թողէք հայ գերիներին։ Հայ երիտասարդութիւնը դա կ՚ընկալի խաղաղութիւն կնքելու լաւագոյն փաստացի ապացոյցը։ Հակառակ պարագայում ձեր բոլոր թեզերը պարզապէս կեղծ են»։
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գառնիկ Դանիէլեանը, լրագրողների հետ զրոյցում անդրադառնալով նրան, որ հնարաւոր է Սիւնիքի Շաքի գիւղում հայ կնոջ վրայ կրակած ադրբեջանցի զինծառայողին արտայանձնեն Ադրբեջանին, ասաց. «Ուզում եմ յիշեցնել ձեզ Սիւնիքում պահնորդական ծառայութիւն իրականացնող անձի սպանութեան գործը, երբ փառք ու պատուով, դափնիներով յանցագործին ճանապարհեցին Ադրբեջան, եւ այնտեղ գրեթէ հերոսացրին այդ անձին, ոնց որ հերոսացնում են Ռամիլ Սաֆարովին եւ իր նմաններին. սրա ամբողջ պատասխանատուութիւնն ընկնում է ՀՀ իշխանութեան վրայ։ Իշխանութիւնների թողտուութեան պարագայում է, որ նման բաներ լինում են, եւ անհետեւանք լինելու պատճառով այս ամէն ինչը կրկնւում է։ Ցաւօք սրտի, այս երեւոյթները շարունակական են լինելու, որովհետեւ մեղաւորները չեն պատժւում, Հայաստանն էլ այնպէս է գործում, կարծես որեւէ մի բան չի կատարուել»։
Դանիէլեանի խօսքով՝ տեղի ունեցածը պէտք է նախ ուսումնասիրուի եւ գնահատական ստանայ Հայաստանի Հանրապետութիւնում, իսկ հետագայ բանակցութիւնների ընթացքում պէտք է հաշուի առնուի նաեւ տուժած ընտանիքի դիրքորոշումը։
«Նա նախ պիտի դատապարտուի Հայաստանում։ Մեր հասարակութիւնը տեղի ունեցածի մանրամասներից տեղեակ չէ։ Գործը ծածկադմփոց է արւում։ Բաւարար հանրային հնչողութիւն ունեցող գործերը հանրային իրազեկում չեն ստանում»,– ասաց Դանիէլեանը։
Խօսելով Հայաստանի անվտանգութեան խնդիրների եւ արտաքին աջակցութեան վերաբերեալ՝ Դանիէլեանը նշեց, որ Հայաստանի անվտանգային հարցերը չի կարող ՌԴ-ն կամ ԱՄՆ-ն լուծել։
«Կան հարցեր, որ մենք պիտի լուծենք։ Ամերիկան չի գալու մեր տեղը մեր հայուհուն պաշտպանի, մեր երեխաներին պաշտպանի։ Այսինքն՝ ո՞վ պէտք է գայ մեզ, մեր տները պաշտպանի։ Առաջին հերթին մենք պէտք է հասկանանք, թէ ինչ խոր ճգնաժամի մէջ ենք»,– նշեց նա։
