Դա էթնիկ զտում է՝ պարզ եւ յստակ, բայց կրկին ականատես եղանք ՄՔԴ-ի անգործութեանը. Վարդեւանեանը՝ ԵԽԽՎ-ում

Դա էթնիկ զտում է՝ պարզ եւ յստակ, բայց կրկին ականատես եղանք ՄՔԴ-ի անգործութեանը. Վարդեւանեանը՝ ԵԽԽՎ-ում

«Ուժեղ Հայաստան» խմբակցութիւնից Ազգային ժողովի փոխնախագահ, Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատուիրակութեան անդամ Արամ Վարդեւանեանը յայտարարել է Միջազգային քրէական դատարանի անգործութեան մասին՝ Արցախում տեղի ունեցած իրադարձութիւնների առնչութեամբ։

Ելոյթ ունենալով ԵԽԽՎ-ում՝ նա 2023 թուականի սեպտեմբերին տարածաշրջանից հայերի բռնի տեղահանումն անուանել է էթնիկ զտում եւ հարց բարձրացրել, թէ արդեօք հէնց դատարանի անգործութիւնը չի՞ սպառնում նրա հեղինակութեանը եւ միջազգային արդարադատութեան սկզբունքներին։

Վարդեւանեանը յիշեցրել է, որ Հռոմի ստատուտը ստեղծուել է միջազգային հանրութեան այն պարտաւորութեամբ, որ մարդկութեանը վերաբերող ամենածանր յանցագործութիւններն անպատիժ չեն մնայ։

Նա ընդգծել է, որ 2020 թուականի սեպտեմբերից մինչեւ 2023 թուականի սեպտեմբերը միջազգային հանրութիւնը պասիւ դիտորդի կարգավիճակում էր Արցախում տեղի ունեցողի նկատմամբ։

Վարդեւանեանը յիշեցրել է, որ ՄՔԴ-ի իրաւազօրութեան տակ ընկնող Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ դատարանի կողմից անհրաժեշտ գործողութիւններ չեն իրականացուել։

«Միջազգային հանրութիւնը պարտաւորուել է, որ ողջ մարդկութեան մտահոգութիւնը յարուցող ամենածանր յանցագործութիւններն անպատիժ չեն մնայ։ Բայց այսօր մենք պէտք է խօսենք ոչ միայն Միջազգային քրէական դատարանին սպառնացող հնարաւոր վտանգների, այլեւ հէնց դատարանի ներսից եկող վտանգի՝ անգործութեան մասին»,– ասել է նա։

Վարդեւանեանն անդրադարձել է նաեւ 2023 թուականի սեպտեմբերի իրադարձութիւններին, երբ Ադրբեջանի յարձակումից յետոյ Լեռնային Ղարաբաղից Հայաստան հարկադիր տեղահանուել է աւելի քան 120 հազար հայ։

«2023 թուականի սեպտեմբերին աւելի քան 120 հազար քրիստոնեայ հայեր բռնի կերպով վտարուել են իրենց տներից։ Դա էթնիկ զտում է՝ պարզ ու յստակ։ Բայց մենք կրկին ականատես եղանք Միջազգային քրէական դատարանի անգործութեանը։ Եւ կարծում ենք, որ նման ընտրողական անգործութիւնն անընդունելի է՝ ո՛չ ՄՔԴ-ի, ո՛չ էլ միջազգային հանրութեան համար»,– ասել է Վարդեւանեանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը հանդէս է գալիս խաղաղութեան եւ երկրների միջեւ խաղաղ յարաբերութիւնների օգտին, սակայն կայուն խաղաղութիւնն անհնար է առանց կատարուած յանցագործութիւնների համար պատասխանատուութեան։

«Մենք հաւատում ենք իրական խաղաղութեանը։ Մենք հաւատում ենք խաղաղութեան մեր երկրների միջեւ։ Բայց ես լիովին տեղեկացուած եմ եւ լիովին վստահ, որ միջազգային հանրութիւնը հասկանում է՝ իրական խաղաղութիւն չի կարող լինել առանց պատասխանատուութեան»,– ասել է պատգամաւորը։

Ելոյթն աւարտելով՝ Վարդեւանեանը միջազգային ինստիտուտներին կոչ է արել առաջնորդուել միասնական սկզբունքներով եւ ընդգծել իրաւունքի գերակայութեան պահպանման անհրաժեշտութիւնը։

Share