Թող իմ գրքերը բացեն, կարդան
Արման Եղոյեանը որոշել է 9-րդ գումարման խորհրդարանում «մտքի փայլատակումների» ռեկորդ սահմանել։ Լոռու մարզը պատմական վրացական տարածք լինելու մասին սկանդալային յայտարարութիւնը դեռ չմարսած՝ Եղոյեանը յայտնուել է նոր սկանդալի կիզակէտում։ Նախօրէին իր ելոյթում նա որոշել է անդրադառնալ հայկական Սփիւռքին։ «Մի տարածուած միֆ կայ ՀՀ-ում՝ Սփիւռքի եւ մեր յարաբերութիւնների վերաբերեալ։ Ասում են՝ ինչքան աւելի ուժեղ է Սփիւռքը, այնքան աւելի ուժեղ է Հայաստանը։ Սա կատարեալ սուտ, միֆ է, որովհետեւ, ըստ սահմանման, զուտ ֆիզիկապէս Սփիւռքը ժամանակի ընթացքում կարող է հզօրանալ միայն ՀՀ-ից նոր արտագաղթի ալիքների հետեւանքով կամ սփիւռքեան այլ գաղթօջախներից ներգաղթի ալիքների հետեւանքով։ Երբեւէ որեւէ հայկական գաղթօջախ չի հզօրացել իր բնական սերնդափոխութեան հետեւանքով»,- իր ելոյթում այսպիսի կարծիք է յայտնել ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Արման Եղոյեանը։
Ապա հետեւութիւն է արել․ «Այն մարդիկ, որոնք ասում են՝ Սփիւռքը պէտք է հզօրանայ, դա նոյնն է, թէ ասեն՝ ՀՀ-ն պէտք է թուլանայ։ Սփիւռքի հզօրանալու այլ ճանապարհ չկայ։ Հակառակը՝ Սփիւռքից մարդիկ պէտք է տեղափոխուեն ՀՀ, ինչի հետեւանքով Սփիւռքը կը թուլանայ, եւ ՀՀ-ն կը հզօրանայ»։
Ձեռքի հետ էլ կպել է Դաշնակցութեանը, սփիւռքեան յայտնի գործիչներին, Հայ դատի գրասենեակին եւ նրա ղեկավարներին։ Անգամ ֆրանսահայ յայտնի գործիչ Մուրադ Փափազեանին, որն իր ողջ կեանքում աջակցել է իր հայրենիքին, ամէն բան արել Հայաստանի համար, իսկ Նիկոլ Փաշինեանին քննադատելու համար զրկուել էր Հայաստան գալու իրաւունքից։ Եղոյեանը, կարելի է ասել, ինքնախոստովանական ցուցմունք է տուել, թէ Մակրոնին Փափազեանը խնդրել է, որ Նիկոլին ասի՝ Հայաստան գալու հնարաւորութիւնը Փափազեանի համար վերականգնեն։ Սա էլ՝ այն մասով, որ Նիկոլ Փաշինեանի անձնական հրահանգով է ոմանց մուտքը Հայաստան արգելափակւում, եւ նա ուղիղ հրահանգաւորում է դատական համակարգին եւ նրանց որոշումներն անձամբ է թելադրում։
Բայց որքան էլ վրդովեցնող է Սփիւռքի մասով Եղոյեանի յայտարարութիւնը, նա ընդամէնը փորձում է հաճոյանալ Նիկոլ Փաշինեանին, որովհետեւ այս յայտարարութիւնները Փաշինեանի՝ Սփիւռքի դէմ տարուող հետեւողական աշխատանքի տրամաբանական շարունակութիւնն են ընդամէնը։
Պատահական չէ, որ 2018-ին, իշխանութիւնը վերցնելուց անմիջապէս մի քանի օր անց, Փաշինեանը յայտարարեց Սփիւռքի նախարարութիւնը լուծարելու մասին, իսկ դրանից յետոյ ուղղակի «պատերազմ յայտարարեց» Սփիւռքում գործող ամենամեծ կուսակցութեանը՝ Դաշնակցութեանը, իսկ Սփիւռքի գործերի գլխաւոր յանձնակատար Զարեհ Սինանեանի միջոցով այս տարիներին զբաղուել է բացառապէս Սփիւռքը պառակտելով, ոչնչացնելով, Հայաստանից օտարելով։ Հասկանալի է, թէ քամիները որտեղից են փչում։
Ադրբեջանն ու Թուրքիան այս տարիներին մի քանի անգամ յայտարարել են, որ հայկական Սփիւռքն իրենց համար մեծագոյն վտանգ է ներկայացնում։ Ցեղասպանութեան ճանաչման հարցը, հայ ռազմագերիների վերադարձի, Արցախի հետ կապուած հարցերն ամենաշատը բարձրաձայնում են Սփիւռքի մեր հայրենակիցները, այլ ոչ թէ ՔՊ-ականները։ Առհասարակ, ցանկացած պետութիւն՝ դրսում Սփիւռք ունենալու դէպքում, մեծապէս օգտւում է իր հայրենակիցների հնարաւորութիւններից, նրանց միջոցով լոբբինգ է անում, տարբեր պետութիւններում հարցեր է կարգաւորում, հզօրացնում է իր դիրքերը, իսկ նիկոլականները՝ ճիշտ հակառակը․ ո՛չ իրենք են կարողանում դիւանագիտական յաջողութիւնների հասնել, ո՛չ էլ օգտագործում են Սփիւռքի կառոյցների եւ հեղինակաւոր անհատների ռեսուրսը։
Սփիւռքի նախկին նախարար Հրանուշ Յակոբեանը, «Հրապարակի» հետ զրոյցում անդրադառնալով Եղոյեանի այն յայտարարութիւններին, թէ Սփիւռքի հզօրացումը թուլացնում է Հայաստանը, ասում է. «Ես չգիտեմ, թէ ով ինչ է ասում, բայց ուժեղ Սփիւռքը ուժեղ Հայաստանի շարունակութիւնն է։ Սփիւռքը մեր ուժն է, այն մեր մրցակցային առաւելութիւնն է, ինչպէս նաեւ՝ մեր ժողովրդական դիւանագիտութիւնն է։ Այն մեր հզօրութիւնն է, որը պէտք է օգտագործենք»։
Յակոբեանին հարցրինք՝ նկատե՞լ է Թուրքիայի, Ադրբեջանի վերաբերմունքը, ինչու չէ՝ վախը հայկական Սփիւռքից։ «Ինչքան Սփիւռքը հզօր լինի, այնքան Հայաստանն աւելի ամուր կը լինի եւ ուժեղ։ Ես չգիտեմ, թէ իշխանաւորներն ինչ են ասում, սակայն մեր մրցակցային առաւելութիւնը մեր Սփիւռքն է։ Ես Սփիւռքի մասին այնքան գրքեր եմ գրել, թող իմ գրքերը բացեն, կարդան։ Ի վերջոյ, Ցեղասպանութեան ճանաչման հարցն էլ մենք վերցրել ենք Սփիւռքից, Սփիւռքն է այդ հարցն օրակարգ բերել»։
Հրապարակ
