«Ի հեճուկս իշխանութիւնների հաւաստիացումների՝ իրական ոչ մի քայլ չի կատարւում մեր հայրենակիցների ազատ արձակման համար»
««Հետաքրքիր զարգացումներից է նաեւ այն, որ այստեղի պաշտպաններից մէկը յայտարարել է, որ չեն ուզում իրենք, որպէսզի գործը հասնի միջազգային դատարան, որովհետեւ մեղադրանքների աւելի քան 95%-ը շինծու է եւ որեւէ ապացոյց չկայ․․․ Եւ իսկապէս, դա այդպէս է․․․»։ Սա հատուած է Բաքւում գերութեան մէջ պահուող Դաւիթ Բաբայեանի ձայնային հաղորդագրութիւնից։ Բաբայեանը նաեւ խօսել է իր եւ մեր այլ գործընկերների մօտ առաջացող առողջական խնդիրների մասին։
Ես տարբեր առիթներով գրել եմ, որ եթէ պաշտօնական Բաքուն որեւէ իրական ապացոյց ունենար մեր հայրենակիցների եւ մեր պետութեան դէմ, ապա ուղղակի կը վազէր միջազգային դատարաններ, այլ ոչ թէ ներքին փակ շինծու դատական տեսարաններ կը բեմադրէր։ Աւելին, Բաքուն երբեք «խաղաղութեան պայմանագրի» հարցում նախապայման չէր դնի՝ յետ քաշել միջազգային իրաւական հայցերը։ Ադրբեջանում հոյակապ գիտեն, որ իրաւունքն ու ապացոյցը մեր ձեռքին է, ուղղակի մենք ունենք անկամ եւ Ադրբեջանի երազանքների ցուցակի իրագործումն ապահովող իշխանութիւն։ Դա մեր մեծագոյն խնդիրն է։
Ցաւով պէտք է նշեմ, որ ըստ իս՝ ի հեճուկս իշխանութիւնների հաւաստիացումների՝ իրական ոչ մի քայլ չի կատարւում մեր հայրենակիցների ազատ արձակման համար։ Եթէ արուէին իրական քայլեր, ապա այդ մարդիկ վաղուց կը լինէին ազատութեան մէջ՝ ի վերջոյ, հէնց օգոստոսի 8-ին նախաստորագրուած պայմանագրի մէկ տարուայ առթիւ․․․
Չէ՞ որ ԱՄՆ նախագահը խոստացել էր այդ հարցը բարձրացնել Ալիեւի առաջ եւ լուծել»։
Գրառումը՝ ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանի ֆէյսբուքեան էջից։
