Լեգիտիմութեան ճգնաժամի մէջ գտնուող ՀՀ գործող իշխանութիւնը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախօսների նկատմամբ իրաւական ամենաթողութիւնը՝ իր նպատակադրումների համար անխնայ օգտագործելով իրաւապահ համակարգը։ Չբաւարարուելով ապօրինի գաղտնալսումներով, ձերբակալութիւններով, կալանաւորումներով եւ բազմաթիւ ապօրինի քրէական հետապնդումներով՝ կամակատար քննչական մարմիններն անցել են նաեւ ընդդիմադիր կուսակցութիւններին նուիրատուութիւն կատարած անձանց հետապնդմանը։
Մասնաւորապէս, արդէն տեւական ժամանակ է, ինչ քննչական մարմինը, ըստ էութեան, ապօրինաբար բերման եւ անօրինական «հարցաքննութեան» է ենթարկում ՀՅԴ անդամների եւ համակիրների, ինչպէս նաեւ պարզ քաղաքացիների, որոնք օրէնքով սահմանուած պահանջներին համապատասխան նուիրատուութիւն են կատարել կուսակցութեանը։ Սա այն դէպքում, երբ մամուլում հրապարակուած բազմաթիւ անհերքելի փաստերը վկայում են, որ հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է ստացել ապօրինի եկամուտներ եւ վարչական ռեսուրսն ընտրութիւնների ընթացքում ամբողջութեամբ ու անթոյլատրելի կերպով ծառայեցրել սեփական կուսակցական շահերին։ Ինչպէս կանխատեսելի էր, այս պարագայում իրաւապահ եւ այլ իրաւասու մարմինները լռում են։
Այս ամէնը գնահատելով որպէս ՀՀ Սահմանադրութեան 8-րդ եւ 46-րդ յօդուածների խախտման, ինչպէս նաեւ ժողովրդավարութեան հիմքերի տապալման ակնյայտ փորձ՝
- Միջազգային կազմակերպութիւններից եւ դիտորդական առաքելութիւններից պահանջում ենք տալ համարժէք, անաչառ գնահատական իշխող վարչախմբի նման գործելաոճին։
- Իրաւապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրէնականութեան դաշտ՝ պահպանելով Սահմանադրութեան եւ «Կուսակցութիւնների մասին» սահմանադրական օրէնքի պահանջները։
- Հանրութեան ուշադրութիւնն ենք հրաւիրում քաղաքական իշխանութիւնների միահեծան նէոբոլշեւիզմի եւ պետական մակարդակով իրականացուող ընտրակոռուպցիայի վրայ։
Յայտարարում ենք, որ ՀՅԴ բազմահազար անդամները, համակիրներն ու աջակիցները չեն ընկրկելու պատժիչ մեքենայի ապօրինութիւնների առջեւ, չեն վախենալու շինծու հարցաքննութիւններից եւ վճռականօրէն շարունակելու են պայքարը գործող վարչախմբի դէմ՝ յանուն իրաւական, ժողովրդավարական եւ անվտանգ Հայաստանի։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին
22 Յուլիսի, 2026 թ.
