Հայ նահատակների լուսանկարները կը տեղադրւեն «Ս. Մարիամ» մետրոկայանում

Հայ նահատակների լուսանկարները կը տեղադրւեն «Ս. Մարիամ» մետրոկայանում

Թեհրանի մետրոպոլիտենի «Ս. Մարիամ» («Մարիամէ Մողադաս») մետրոկայանում վերջերս Իրանի եւ Իրաքի ութամեայ պարտադրեալ պատերազմի ընթացքում զոհւած ասորի նահատակների լուսանկարների տեղադրումը լայն արձագանգ էր գտել նաեւ թեհրանահայ համայնքում (Տես թերթիս 2026-ի ապրիլի 20-ի համարը)։

Թէեւ պատերազմի բոլոր նահատակների յիշատակը յաւերժացնելու եւ նրանց սխրանքը արժեւորելու նախաձեռնութիւնը գնահատելի է, այնուամենայնիւ հայ համայնքի ներկայացուցիչների ուշադրութեան կենտրոնում էր այն հանգամանքը, որ նոյն վայրում ներկայացւած չեն իրանահայ նահատակները։ Հարցը յատկապէս զգայուն է այն պատճառով, որ «Ս. Մարիամ» մետրոկայանը գտնւում է քաղաքի այն հատւածում, որտեղ բնակւում են բազմաթիւ հայեր եւ անմիջապէս յարակից է Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուն։ Բացի այդ, իրանահայ համայնքը Իրանի եւ Իրաքի պատերազմի տարիներին ազգային փոքրամասնութիւնների մէջ նւիրած նահատակներով գերազանցում է բոլորին: 

Այս առիթով որոշ ժամանակ առաջ Իրանի Իսլամական խորհրդարանի իրանահայ պատգամաւորներից Արա Շահվերդեանն «ԱԼԻՔ»-ին տեղեկացրել էր, որ Թեհրանի Նահատակների հիմնադրամի պատասխանատուների հետ ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք է բերւել համաձայնութիւն, ըստ որի՝ հիմնադրամը պատրաստակամութիւն է յայտնել նաեւ իրանահայ նահատակների լուսանկարները տեղադրել մետրոկայանում։

Աշխատանքների ընթացքի մասին «ԱԼԻՔ»-ը հետաքրքրւեց նաեւ Թեհրանի հայոց թեմի Նահատակների եւ անձնուրացների հարցերով պատասխանատու Արտուշ Իսկանդարեանից։ Նրա փոխանցմամբ՝ Արա Շահվերդեանի գրասենեակի դիմումից յետոյ հաւաքագրւել են իրանահայ նահատակների լուսանկարները, որոնք համապատասխան վերամշակումից յետոյ՝ շուրջ 80 նահատակի լուսանկար, արդէն յանձնւել են պատգամաւորի գրասենեակին՝ Նահատակների հիմնադրամին փոխանցելու համար։

«ԱԼԻՔ»-ի հետ հերթական զրոյցում Արա Շահվերդեանը յայտնեց, որ լուսանկարներն անմիջապէս յանձնւել են Նահատակների հիմնադրամին։ Նրա խօսքով, ներկայում ընթանում են դրանց տպագրման եւ համապատասխան ձեւաւորման (պասպորտացման) աշխատանքները, որպէսզի առաջիկայում դրանք պատշաճ կերպով տեղադրւեն «Ս. Մարիամ» մետրոկայանի միջանցքներում։

Այսպիսով, ակնկալւում է, որ մօտ ապագայում մետրոկայանի պատերին, ասորի նահատակների լուսանկարների կողքին, իրենց արժանի տեղը կը զբաղեցնեն նաեւ Իրան-Իրաք 8-ամեայ պարտադրեալ պատերազմի իրանահայ նահատակների պատկերները՝ ամբողջացնելով այդ տարիների նահատակների յիշատակի խորհրդանշական պատկերը։

Share