Քաղաքական Իրաւունքների Հայկական Կենտրոնի գնահատմամբ՝ խորհրդարանի կազմը չի ձեւաւորուել ընտրական օրէնսգրքին համապատասխան
Քաղաքական Իրաւունքների Հայկական Կենտրոնի գնահատմամբ՝ 2026 թուականի Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի ընտրութիւնների արդիւնքում խորհրդարանի կազմը չի ձեւաւորուել ՀՀ Ընտրական օրէնսգրքի պահանջներին համապատասխան։
Այս գնահատականը հիմնուած է ոչ միայն նախընտրական շրջանում արձանագրուած մարդու իրաւունքների կոպիտ խախտումների, ընտրովի քրէական հետապնդումների, վարչական լծակների չարաշահման, այլ նախեւառաջ 2026 թուականի Յունիսի 14-ին Կեդրոնական ընտրական յանձնաժողովի եւ Յուլիսի 4-ին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վրայ, որոնք, ըստ Կեդրոնի, ուղղակիօրէն հակասում են Ընտրական օրէնսգրքի պահանջներին եւ էականօրէն փոխում են օրէնսդիր իշխանութեան կազմը՝ ամրագրելով մէկ կուսակցութեան գրեթէ բացարձակ իշխանութիւնը՝ առանց արտացոլելու ընտրողների կամքը։
Նախընտրական եւ հետընտրական շրջանում ընտրախախտումների առնչութեամբ ուժային կառոյցների գործողութիւնները, ըստ գնահատականի, եղել են հայեցողական եւ խտրական։ Թէեւ առկայ էին իշխանութիւնների օգտին կատարուած համանման ընտրախախտումների յստակ եւ արժանահաւատ վկայութիւններ, Հակակոռուպցիոն կոմիտէի գործողութիւններն ուղղուած են եղել բացառապէս ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների եւ աջակիցների դէմ։
Ըստ Եւրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական բանտարկեալի սահմանման (Բանաձեւ 1900 (2012), դ չափանիշ), քաղաքական բանտարկեալ է համարւում նաեւ այն անձը, որը քաղաքական դրդապատճառներով ազատազրկուել է խտրական եղանակով՝ համեմատած այլ անձանց հետ։
Այս հիմնաւորմամբ եւ իշխանութեան աջակիցների անպատժելիութեան պայմաններում, Կեդրոնի գնահատմամբ, քաղաքական բանտարկեալի կարգավիճակին համապատասխանում են բոլոր այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու աջակիցները, որոնք ազատազրկուել են ընտրովի քրէական հետապնդումների հետեւանքով։
