Ինչո՞ւ Ադրբեջանում չեն խօսում Արծուաշէնը մեզ վերադարձնելու մասին. ադրբեջանագէտ
Քանի օր է՝ ադրբեջանական մեդիա տիրոյթում փնտրում եմ յայտարարութիւններ, նիւթեր, որտեղ ասում են՝ Արծուաշէնը հայկական տարածք է, դա ՀՀ տարածք է, պէտք է ետ տալ Արծուաշէնը․ գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը։
«Ի «զարմանս» ինձ՝ ոչ մի նման տեքստ չկայ, փոխարէնը կայ խինդ, ուրախութիւն, հրճուանք ՀՀ ղեկավարի պաշտօնում նստած իրենց թեկնածուի տեքստերի վերաբերեալ, ով ջանք ու եռանդ չի խնայում ՀՀ տարածքում «ադրբեջանական» հողեր փնտրելու հարցում։
Փաշինեանի ու «Քանդենք պետութիւն» քաղաքական ուժի հարցում ինձ համար վաղուց ամէն ինչ պարզ է, ոչ միայն ինձ համար, վստահ եմ։ Իմ գնահատմամբ՝ իրենք ադրբեջանական շահերի սպասարկմամբ են զբաղուած, ցաւալի է դա, բայց իրենք դա վաղուց էլ չեն թաքցնում։ Մեր քննարկուելիքը պէտք է լինի այլ հարցի շուրջ՝ ինչ անել, ինչպէս անել, որ կանխել նոր տարածքների յանձնումը, ինչ անել, որ թոյլ չտալ Ալիեւի թելադրանքով ՀՀ-ում առհասարակ սահմանադրական հանրաքուէի անցկացումը։ Մենք այդ վտանգաւոր զարգացումները կանխելու հնարաւորութիւնն ունենք, մեր քննարկումը դրա մասին պէտք է լինի։ Ոչ թէ «վայ-վայ» կանչենք կամ քննարկենք, թէ ինչպէս են կործանում երկիրը, այլ ԿԱՆԽԵՆՔ։
Ի վերջոյ՝ թէ՛ խորհրդարան անցած, թէ՛ չանցած քաղաքական ուժերը հաւաքական առումով աւելի մեծաթիւ ձայներ են տարել, քան «Քանդենք պետութիւնը» ուժը։ Ուրեմն այդ խնդիրը՝ կանխելու նոր տարածքների յանձնումը, միանգամայն լուծելի է, եթէ աշխատանք տարուի՝ յամառ, խելացի, կամային, եթէ դրա մէջ ոչ թէ ամէն մէկն իր «փայ»-ը ման գայ, այլ ասի՝ սա մեր պետութեան հարցն է, սա բացարձակ առաջնահերթութիւն է, ուրեմն պէտք է մի կողմ թողնել ամբիցիաները ու խելք խելքի տալ։
Ադրբեջանը ոչ Արծուաշէն է մեզ տալու, ոչ էլ ՀՀ օկուպացուած տարածքներից է դուրս գալու, բոլորն էլ դա լաւ հասկանում են, ուստի ոչ թէ պէտք է մենք մեր ուղեղում պատրաստուենք Ալիեւի թեկնածուի հերթական զիջումներին, այլ պատրաստուենք այդ զիջումները կանխելուն։ Դրա հնարաւորութիւնը կայ, ուղղակի պէտք է աշխատել․․․»,— գրել է նա։
