«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եւ սխալւում է Նիկոլ Փաշինեանը, երբ ասում է, թէ Արցախը հայկական հող չէ»։ Այս մասին, ըստ «Հայլուր»-ի, յայտարարել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տէր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը։
«Հայաստանի իշխանութիւնները սխալ ուղու վրայ են Հայ Առաքելական Եկեղեցու հետ յարաբերութիւններում։ Հայաստանի իշխանութիւնների՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պաշտօնանկ անելու ձգտումը վտանգաւոր եւ ապակառուցողական միտում է։ Հայ Առաքելական Եկեղեցին շուրջ 1,700 տարուայ պատմութիւն ունի, եւ նման քաղաքականութիւնը նրա նկատմամբ անթոյլատրելի է։ Եկեղեցին անկախ կառոյց է»,– ասել է Սրբազան Հայրը։
Նա յաւելել է, որ ակնկալում են, թէ Հայաստանի իշխանութիւնները կը սկսեն երկխօսութիւն Եկեղեցու հետ։
«Նրանց վարքագիծը բացասաբար է ազդում Սփիւռքի վրայ։ Մինչ օրս Հայաստանի ղեկավարութեան կողմից բարի կամքի որեւէ դրսեւորում չենք տեսել»,– նշել է Սրբազանը։
