Գրիշ Դաւթեան
Գրական ակնարկ

Իսպանալեզու աշխարհում հռչակուած այն բանաստեղծուհին է, որ, գրաւած լինելով իսպանախօս ժողովուրդների սրտերը եւ արժանացած լինելով բազմաթիւ մրցանակների ու մեծարանքների, նախ թարգմանաբար, ապա արդէն հեղինակաբար հնչեց նաեւ հայերէն։ Նրա բանաստեղծութիւնները, որոնք նախ ստեղծուել էին իսպաներէն, ապա նաեւ անգլերէն, հետագայում ծնուեցին նաեւ հայերէնով։ Դա մեծ տեղաշարժ էր հեղինակի եւ հայ ընթերցողի փոխյարաբերութեան մէջ։ Ըստ այդմ, այդ գործընթացը սկսեց տեղի ունենալ ոչ թէ թարգմանչի միջնորդութեամբ, այլ ուղղակի՝ հեղինակային հայերէնով, որպէս ինքնուրոյն ստեղծագործութիւն։ Թէ տուեալ ստեղծագործութիւնը իր նախնական մտապատկերային եւ բառամտածողութեան վիճակում ո՞ր լեզուով է ստացել իր սաղմնային գոյառոյթը, արդէն էական չէ. դրա բացայայտումը կը դառնայ ընդամէնը մանրամասնութիւն։ Բուն խնդիրը ստեղծագործութիւնն է։ Ալիսիա Կիրակոսեանը իր հեղինակային անհատականութեամբ պատկանում է արգենտինական, ամերիկեան եւ հայկական եռամշակոյթներին։
Քսաներորդ դարի եօթանասունական թուականներից ի վեր, իսպանալեզու աշխարհում արդէն լայն ճանաչում նուաճած, նա ներխուժեց հայոց բանաստեղծութեան գեղաշխարհը՝ Հայաստանից մինչեւ Սփիւռք, թէեւ հայաստանաբնակ չէր։ Այդ ճանապարհին վճռորոշ դեր ունեցան հայրենի բանաստեղծ Վահագն Դաւթեանի բարձրարժէք թարգմանութիւնները։ Մի շարք ակնյայտ տուեալներով Ալիսիա Կիրակոսեանը ժամանակակից հայ գրականութեան մէջ վաստակել է իր արժանի եւ անզիջում տեղը։ Նրա իսպաներէն բանաստեղծութիւնների գրքերից մէկի շապիկը ձեւաւորել է աշխարհահռչակ նկարիչ եւ քանդակագործ Փապլօ Փիքասօն։
Ալիսիա Կիրակոսեանը իր բանաստեղծական խոհաշխարհով ընկալում է կեանքը տիեզերական ընդգրկումով, որի մէջ խորանում է իր մարդկային սահմանափակ փորձառութեան պարոյրով, հարցադրումներով, բողոքներով, խոստովանութիւններով, աղօթքների ու աղերսանքների շշուկներով, վախերի ու ցաւերի տառապանքներով, երազների ու բաղձանքների մաղթանքներով, անընդհատ ամրացող հաւատքով, միաժամանակ նաեւ խորհրդածութիւնների ու վերլուծութիւնների մարգարտաշարով։ Սա բանաստեղծական մենախօսութեան մի խոհական պայքար է՝ կեանքի խորքերից մինչեւ աստուածային ամբողջութիւնը։ Ստեղծագործողի հասունութիւնը եւ ընթերցողին շահելու կարողութիւնը դառնում են նրա ստեղծագործական գերագոյն նպատակը։
Նրա բանաստեղծական մտածողութիւնն աւելի արագ է սուրում, քան ժամանակը, որ կարծես քարշ է գալիս նրա յետեւից։ Նրա մտորումները թեւեր ունեն. թռչում են։ Նախ զգում եւ մտապատկերում է, ապա բառակերտում է՝ ստեղծագործութեան վերածելով կեանքի իր ալիսիական արտացոլումը՝ մանրից մինչեւ տիեզերական ընդգրկում։
Ալիսիա Կիրակոսեանը բազմաշերտ անհատականութիւն ունի։ Իր ներհայեցողութեամբ նա կարծես բաժանւում է մի քանի էութիւնների. մէկը դիտում է իր ներաշխարհը, միւսը հենց այդ ներաշխարհն է, իսկ երրորդը՝ անկախ դիտորդը, մտնում է երկխօսութեան այդ գոյութիւնների հետ։ Այսպիսով, նա մէկ կեանքին պարգեւում է բազմակի գոյութիւն՝ գեղարուեստական ընկալման մէջ ստեղծելով գերտարածականութիւն։ Հէնց այսպէս էլ ծնւում է նրա գերտարածական բանաստեղծութիւնը։
Նրա ստեղծագործութիւնների գեղարուեստական եւ մտապատկերային համակարգը ինքնատիպ է։ Գերտարածական համեմատութիւններով եւ բնորոշումներով նրան կարելի է հոգեհարազատ համարել Գրիգոր Նարեկացուն՝ արդիական ընկալմամբ։ Որպէս ստեղծագործող՝ նախ ընկալում է աշխարհը, կուտակում իր մէջ, ապա ներհայեցողութեամբ արտացոլում բանաստեղծութեան մէջ՝ հաւատալով, որ այն կեանքի կենդանի պատկերագիրն է։ Նա բառը ընկալում է բոլորովին այլ խորքով ու իմաստային ընդգրկումով՝ որպէս հաղորդակցութեան միջոց կեանքի, գերկեանքի եւ հոգեւոր տիեզերքի միջեւ։ Հաւատում է հոգու անմահութեանը, վերմարդկային գոյութեանը՝ Շամիրամից մինչեւ Կլէոպատրա… մինչեւ Ալիսիա Կիրակոսեան։
Նա առանձնակի հմայուած է մայրութեան աշխարհով։ Նրա մայրերգութիւնը պարզապէս մայրութեան օրհներգ չէ, այլ նաեւ մօր՝ զաւակի հանդէպ սիրոյ ու նուիրումի, մայր լինելու հրաշքի փառաբանութիւն, ներկայացուած նոր մտապատկերային ընկալմամբ։
Իբրեւ սփիւռքահայ՝ առանձնայատուկ վերաբերմունք ունի ազգային ու հայրենական սրբութիւնների նկատմամբ, որոնց հետ իր կապը գալիս է դարերի խորքից։ Նա օրհնում է այդ վերահանդիպումը՝ հին հարազատի ջերմութեամբ, գերտարածական վերամարմնաւորմամբ։
Նրա բանաստեղծութիւնները յաճախ չեն աւարտւում աւանդական եզրափակումով, այլ ձուլւում են անվերջութեան ու անսահմանութեան հետ՝ աստղերով ընդմիջուած տարածութիւնների մէջ։ Դրանք ներշնչուած են խորհրդաւոր ներքին լոյսով եւ դիպչում են ընթերցողի այնպիսի զգացումներին, որոնք սովորաբար պահւում են սրտի ամենախոր գաղտնարանում։
Ժամանակին Ալիսիա Կիրակոսեանը ըստ արժանւոյն ներկայացուել եւ առաջադրուել է նաեւ Նոպէլեան մրցանակի։ Եթէ երբեւէ արդարութիւնն ու ճշմարտութիւնը լիովին համընկնեն, ապա կարելի կը լինի հաւատալ, որ նման մրցանակները տրւում են բացառապէս արժանիքին՝ անկախ քաղաքական կամ դիւանագիտական նկատառումներից։
Լոս Անջելեսում, կեանքի 78-րդ տարում, մահացաւ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեանը։ Նա ծնուել էր 1936 թուականի Յուլիսի 13-ին Արգենտինայի Քորտովա քաղաքում։ Ստեղծագործել է իսպաներէն, իտալերէն, ապա նաեւ հայերէն եւ անգլերէն։ Ծնուել էր վանեցի Գուրգէն Կիրակոսեանի ընտանիքում։
Սովորել է Պուէնոս Այրէսի Ազգային համալսարանի իրաւաբանական բաժնում։ Տասը տարի խաղացել է արգենտինական թատրոնում՝ որպէս դերասանուհի։ 1971 թուականից բնակուել է Միացեալ Նահանգներում եւ եղել ԱՄՆ-ի իսպանախօս գրողների միութեան պատուաւոր նախագահը։
Նրա պոէզիայի հիմնական թեմաներն են սէրը, մայրութիւնը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը։
Իսպաներէն եւ իտալերէն լոյս տեսած ժողովածուներից են՝ «Մէկ օր, հինգ ձայն» (1966), «Էութիւն եւ կէտադրութիւն» (1967), «Փետրօ Ամոր» (1969), «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մէջ» (1970), «Հայաստանեան ապրումներ» (1970), «Երկունքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից յետոյ եւ նամակ առ Հայաստան» (1972), «Մայրութեան քերթուածներ» (1989)։
Նրա «Փետրօ Ամոր» պիեսը բեմադրուել է Պուէնոս Այրէսի «Փայրօ» թատրոնում։
Հայերէն լոյս են տեսել «Արմատ եւ էութիւն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Ամբողջական երկեր» (2005), որոնց մէջ ընդգրկուած են նաեւ «Հարցազրոյց Աստծու հետ» եւ «Սիրոյ մէկուկէս հազարամեակ» ստեղծագործութիւնները։
Եռալեզու հրատարակուել են «Բանաստեղծութիւն եւ գերտարածութիւն» (1994) եւ «Խաղաղութիւն քուանտային» (2005) ժողովածուները։ Անգլերէն հրատարակուել են «Սէր եւ մայրութիւն բառերից անդին», «Մտորում բառից անդին», «Արմատ բառից անդին» եւ «Բեմ՝ երկնքի համար» (բոլորը՝ 1992)։
Կիրակոսեանը գերտարածական կոչուող բանաստեղծական շարժման հիմնադիրն է։ Իր տեսութիւնը հրապարակել է 1992 թուականին՝ իսպաներէն, հայերէն եւ անգլերէն։ Նրա պոէզիան բնորոշւում է անհատի ներաշխարհի պատկերներով, արդիական լեզուամտածողութեամբ եւ բանաստեղծական վերաիմաստաւորումների ինքնատիպութեամբ։ Իր վերջին շրջանի ստեղծագործութիւններում անդրադարձել է դարավերջի Հայաստանի պատմական իրադարձութիւններին։
Իսպաներէնի է թարգմանել Րաֆֆու «Խենթը» վէպը։ Բազմիցս այցելել է Հայաստան։ Արժանացել է Խաչատուր Աբովեանի անուան մրցանակին, իսկ 2007 թուականին ընտրուել է Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատուաւոր դոկտոր։
Նրա դուստրը՝ Լարան (ծնուած 1973 թուականին), անգլերէն ստեղծագործող բանաստեղծուհի է։
