Սեւ ամպեր «Ֆլայուան Արմենիա» աւիաընկերութեան գլխին

Սեւ ամպեր «Ֆլայուան Արմենիա» աւիաընկերութեան գլխին

Սեւ ամպեր են կուտակուել մոլդովական Fly One աւիաընկերութեան գլխին, որը հայկական «Ֆլայուան Արմենիա» աւիաընկերութեան 46 %-ի փայատէրն է։ Մոլդովական փոխադրողին ստիպում են փոխել իր սեփականատէրերին։

Յիշեցնենք, որ «Ֆլայուան Արմենիան» հիմնադրուել է 2021-ի մարտին, իսկ թռիչքները մեկնարկել է նոյն տարուայ դեկտեմբերից։ Փոխադրողի 46 %-ն ի սկզբանէ պատկանել է մոլդովական Fly One-ին, իսկ մնացած 54 %-ին տիրապետել են ԱԺ իշխանական նախկին պատգամաւոր, գործարար Խաչատուր Սուքիասեանի շրջապատի մարդիկ։ Ներկայում նախկին պաշտօնեայի եղբայրներից Էդուարդ Սուքիասեանն է «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատէրը, իսկ մնացած 4 %-ը պատկանում է աւիաընկերութեան գլխաւոր տնօրէն Արամ Խաչատրեանին։

Նկատենք, որ «Աւիացիայի մասին» օրէնքի համաձայն՝ օդանաւ շահագործողի վկայական (ՕՇՎ՝ առեւտրային գործունէութեան իրաւունք տուող հիմնարար փաստաթուղթ է քաղաքացիական աւիացիայում) ունեցող աւիաընկերութեան առնուազն 51 %-ը պէտք է պատկանի ՀՀ քաղաքացիների կամ Հայաստանում գրանցուած իրաւաբանական անձանց։ Ինչպէս տեսանք, «Ֆլայուան Արմենիայի» 54 %-ն ի սկզբանէ պատկանել է ՀՀ քաղաքացիների։

Ովքե՞ր են Fly One-ի տէրերը

Ինչ վերաբերում է մոլդովական աւիաընկերութեանը, ապա այն հիմնադրուել է 2015-ի սեպտեմբերին եւ մոլդովական քաղաւիացիոն իշխանութիւնների կողմից ՕՇՎ ստացել 2016-ի մարտին։ Fly One-ը դուստր աւիաընկերութիւններ ունի Հայաստանում, Ռումինիայում, Ուզբեկստանում։

Դրա 40 %-ը պատկանում է Մոլդովայի արդարադատութեան նախկին (2015-2017 թթ.) նախարար Վլադիմիր Չեբոտարի կնոջը՝ Մարիա Չեբոտարին, իսկ 10 %-ը՝ նախկին պաշտօնեայի քրոջը՝ Մարիանա Տաբույկեին։

Վ. Չեբոտարը 2006-2011 թթ. աշխատել է Մոլդովայի ազգային աւիափոխադրող Air Moldova-ում, 2011-2013 թթ. էլ ղեկավարել է Մոլդովայի քաղաւիացիայի գերատեսչութիւնը։ 2013-2015-ին Չեբոտարն այդ երկրի տրանսպորտի եւ ճանապարհային ենթակառուցուածքների փոխնախարարն էր, իսկ 2015-2017-ին՝ արդարադատութեան նախարարը։ Հէնց նախարար աշխատելու տարիներին էլ նա իր մերձաւորների ու գործընկերների հետ հիմնել է Fly One մասնաւոր աւիաընկերութիւնը, որն սկսել է մրցակցել Air Moldova-ի հետ։ 2019-2021 թթ. Վ. Չեբոտարը Մոլդովայի խորհրդարանի պատգամաւոր էր։

Վլադիմիր Չեբոտար

Fly One-ի մնացած 50 %-ը պատկանում է այդ երկրի քաղաւիացիայի գերատեսչութեան նախկին (2015-2016 թթ.) ղեկավար Միրչա Մալեկայի ընտանիքին։ 10 %-ը գրանցուած է հէնց Մալեկայի անունով, իսկ 40 %-ը՝ նախկին կնոջ՝ Ինա Մալեկայի (ժամանակին այս 40 %-ի տէրը Միրչա Մալեկայի աներն էր՝ Տուդոր Կարաբաջակը)։ Մինչեւ քաղաւիացիայի ոլորտը ղեկավարելը՝ 2013-2015 թթ., Մալեկան եղել է Air Moldova աւիաընկերութեան գլխաւոր տնօրէնը, իսկ դրանից առաջ՝ ֆինանսական տնօրէնը։ Նա եւ Վ. Չեբոտարը հին ծանօթներ են։

Հատկանշական է, որ 2016-ի յունիսին Մալեկան հրաժարական է տուել քաղաւիացիայի ղեկավարի պաշտօնից երկրի այն ժամանակուայ վարչապետ Պաւել Ֆիլիպի յորդորով։ Լրագրողական հետաքննութիւնը ցոյց էր տուել, որ Fly One մասնաւոր ընկերութիւնում Չեբոտարների ընտանիքի իրական գործընկերը նախկին աներոջ՝ Տուդոր Կարաբաջակի միջոցով հէնց Միրչա Մալեկան է։ Վարչապետ Ֆիլիպը խոստովանել էր, որ շահերի բախում կայ, ինչին հետեւել էր Մալեկայի հրաժարականը։ Նոյնիսկ տուեալներ կային այն մասին, որ Մալեկան ցանկանում է սահմանափակել ազգային փոխադրող Air Moldova-ի թռիչքային ուղղութիւնները, ինչից օգտուելու էր նորաստեղծ Fly One-ը։ Ազատուելով «պաշտօնական կապանքներից»՝ 2017-ի մարտին Մալեկան դարձել էր Fly One-ի գլխաւոր տնօրէն, իսկ հետագայում՝ նաեւ 10 %-ի սեփականատէր։

«Ֆլայուան Արմենիայի» 50 %-ի սեփականատէր Էդուարդ Սուքիասեանը, ՀՀ քաղաւիացիայի կոմիտէի նախկին նախագահ Տաթեւիկ Ռեւազեանը, Միրչա Մալեկան

Նշենք, որ Air Moldova-ն 2018-ին մասնաւորեցուեց, իսկ 2023-ի մայիսին ֆինանսական դժուարութիւնների պատճառով դադարեցրեց թռիչքները։ Աւելի ուշ ընկերութիւնը զրկուեց ՕՇՎ-ից, սնանկ ճանաչուեց եւ յայտնուեց լուծարման վարոյթում։

Ինչ վերաբերում է Միրչա Մալեկային, ապա նա 2021-2022 թթ. նաեւ «Ֆլայուան Արմենիայի» գլխաւոր տնօրէնն էր։ Հատկանշական է, որ ՀՀ իրաւաբանական անձանց ռեգիստրում մինչ օրս հէնց Մալեկան է ներկայացուած իբրեւ «Ֆլայուան Արմենիայում» մոլդովական Fly One-ին պատկանող 46 %-ի իրական շահառու սեփականատէր, այնինչ, ինչպէս ասացինք, մոլդովական փոխադրողը 50-50 համամասնութեամբ պատկանում է Չեբոտար եւ Մալեկա ընտանիքներին, այլ ոչ թէ միայն վերջինիս։

Ի՞նչ խնդրի առաջ է կանգնել Fly One-ը

Այս տարուայ յունիսին յայտնի է դարձել, որ Մոլդովայի պետական անվտանգութեան համար կարեւորութիւն ունեցող ներդրումների ուսումնասիրման խորհուրդը (CEIISS) որոշում է կայացրել Fly One-ի վերահսկողութեան փոփոխութիւն կատարելու մասին։ Աւիափոխադրողին իր սեփականատէրերի շարքում փոփոխութիւններ անելու համար 90 օր ժամանակ է տրուել։

Նման որոշում կայացուել է 11 ամսուայ ուսումնասիրութիւնից յետոյ, որի ընթացքում Մոլդովայի իշխանութիւնները վերլուծել են Fly One-ի գործելակերպն աւիափոխադրումների ոլորտում։

Ուսումնասիրութեան ընթացքում Խորհուրդը բազմիցս տեղեկատուութիւն եւ փաստաթղթեր է պահանջել Fly One-ի եւ դրա դուստր ընկերութեան՝ «Ֆլայուան Արմենիայի» միջեւ ֆինանսական գործարքների, ներդրումային կառուցուածքի եւ շահառու սեփականատէրերի մասին։ Սակայն պահանջուած տեղեկատուութեան մի մասը տրամադրուել է «ոչ ամբողջ ծաւալով»։

Ուսումնասիրուել է նաեւ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» հետ փոխկապակցուած անձանց ու միջազգային պատժամիջոցների տակ գտնուող անձանց միջեւ կապերի առկայութիւնը։ Այս հանգամանքը ներառուել է այն տարրերի շարքում, որոնք գնահատուել են Խորհրդի կողմից որոշում կայացնելիս։

Խորհուրդն ընդգծել է, որ Fly One-ի հանդէպ նման միջոցի կիրառումը նպատակ ունի պաշտպանել պետանվտանգութեան շահերը ռազմավարական նշանակութիւն ունեցող ոլորտում եւ ապահովել ներդրումային օրէնսդրութեանը հետեւելը։

«Ընկերութեան ուղեւորների եւ առեւտրային գործընկերների համար ոչ մի անմիջական փոփոխութիւն չի լինի։ Fly One-ը շարունակում է իրականացնել կանոնաւոր չուերթեր եւ կատարել իր պարտաւորութիւնները ուղեւորների, գործընկերների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ»,— յայտարարել է CEIISS-ը։

Ի՞նչ կապ ունի օլիգարխ Պլախոտնյուկը

Հաշուի առնելով միջազգային պատժամիջոցների տակ գտնուող անձանց հետ Fly One-ի եւ «Ֆլայուան Արմենիայի» ղեկավարութեան ենթադրեալ կապերի ուսումնասիրութիւնը, ինչի մասին յայտարարել է CEIISS-ը, մոլդովական լրատուամիջոցներն անմիջապէս յիշել են այդ երկրի ամենահարուստ մարդկանցից մէկին՝ օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկին, որի մերձաւոր շրջապատից էր Վլադիմիր Չեբոտարը։ Աւելին՝ երկուսն էլ եղել են Մոլդովայի դեմոկրատական կուսակցութեան անդամ, ու եթէ Պլախոտնյուկը ժամանակին այս կուսակցութեան նախագահն էր, ապա Չեբոտարը կուսակցական ղեկավարներից մէկն էր (2019-ից լինելով խորհրդարանի պատգամաւոր Դեմկուսից՝ Վ. Չեբոտարը մի քանի այլ կուսակիցների հետ 2020-ին լքել է Դեմկուսն ու հիմնել առանձին պատգամաւորական խումբ, իսկ աւելի ուշ նոր կուսակցութիւն գրանցել)։

Թէ կոնկրետ ինչպիսի կապեր կամ բիզնես շահեր ունի Պլախոտնյուկը Fly One-ում, դժուար է ասել։

Ներկայում մոլդովացի օլիգարխը գտնւում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Կանադայի պատժամիջոցների տակ։ Տարիներ առաջ նրա նկատմամբ Մոլդովայում քրէական հետապնդում էր սկսուել, մեղադրանք էր առաջադրուել մի շարք յօդուածներով, այդ թւում՝ փողերի լուացում, յանցաւոր կազմակերպութեան ստեղծում, խարդախութիւն։ Պլախոտնյուկի նկատմամբ միջազգային հետախուզում էր յայտարարուել։ Նա Մոլդովայից հեռացել էր 2019-ին, ընդ որում՝ եղել էր ԱՄՆ-ում, Թուրքիայում, թուրքական վերահսկողութեան տակ գտնուող Հիւսիսային Կիպրոսում։ 2025-ի յուլիսին մոլդովացի օլիգարխին ձերբակալել էին Յունաստանում, իսկ սեպտեմբերին արտայանձնել Մոլդովա։

2026-ի ապրիլին մոլդովական դատարանը 19 տարուայ ազատազրկման դատապարտեց Վ. Պլախոտնյուկին՝ նրան մեղաւոր ճանաչելով յանցաւոր խմբաւորում ղեկավարելու, փողերի լուացման ու խարդախութեան մէջ։ Դատարանը նաեւ որոշել է օլիգարխից աւելի քան 1,1 մլրդ լեյ արժէքով (մօտ 64 մլն դոլար) ակտիւներ բռնագանձել։

Վլադիմիր Պլախոտնյուկը՝ դատարանում

Պլախոտնյուկը հեռակայ քրէական հետապնդման է ենթարկուել նաեւ Ռուսաստանում, չնայած Արեւմուտքում նա համարւում է ռուսամէտ գործիչ, աւելին՝ Կանադան նրան ներառել է «ռուսաստանեան կոլաբորացիոնիստների» ցուցակ։ Պատժամիջոցների տակ յայտնուածների այս ցուցակում այն ֆիզիկական ու իրաւաբանական անձինք են, ովքեր, ըստ Կանադայի, կապուած են Ռուսաստանի հետ։

«Молдавские Ведомости»-ն գրել է, թէ «Ֆլայուան Արմենիան» ստեղծուել է Ուկրաինայի դէմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից (24.02.2022 թ.) յետոյ, սակայն, ինչպէս նշեցինք վերեւում, հայկական փոխադրողը հիմնադրուել է 2021-ի մարտին, իսկ թռիչքներն սկսել է նոյն տարուայ դեկտեմբերին՝ ռուս-ուկրաինական պատերազմից առաջ։ Այդուհանդերձ, ճիշտ է մոլդովական լրատուամիջոցի այն դիտարկումը, որ պատերազմից յետոյ Fly One-ը եւ «Ֆլայուան Արմենիան» Քիշնեւից Մոսկուա եւ հակառակ ուղղութեամբ ուղեւորներ են տեղափոխում Երեւանի միջոցով։ Յաւելենք, որ «Ֆլայուան Արմենիայի» ռուսաստանեան ուղղութիւնների ցանկը չի սահմանափակւում Մոսկուայով, ինչը նշանակում է, որ Մոլդովայից կարելի է Ռուսաստանի տարբեր քաղաքներ մեկնել Երեւանի միջոցով (մոլդովական աւիաընկերութիւնները Ռուսաստան չեն մեկնում, ռուսականներն էլ չեն թռչում Մոլդովա)։

Մի փոքր շեղուելով՝ նկատենք, որ 2025 թ. հայաստանցի լրագրողներին հանդիպած մոլդովացի բարձրաստիճան պաշտօնեան, պատմելով Մոլդովայի ընտրութիւններում ռուսական միջամտութեան փորձերի մասին, յայտնել էր, որ Ռուսաստանից Մոլդովա էր տեղափոխուել կանխիկ գումար, որը, ըստ մոլդովական կողմի, կիրառուել է կամ պէտք է կիրառուէր տարբեր ընտրական գործընթացներում ընտրողներին կաշառելու համար։ Աղբիւրի փոխանցմամբ՝ կանխիկ գումարը Մոլդովա էր հասել 2 հիմնական ուղղութեամբ՝ Ստամբուլի ու Երեւանի օդանաւակայանների միջոցով։

Միայն 2024 թ., ըստ մեր զրուցակից պաշտօնեայի, Ռուսաստանից 1,1 մլն եւրոյին համարժէք կանխիկ գումար էր տեղափոխուել Մոլդովա։ Իսկ այն բանից յետոյ, երբ մոլդովացի իրաւապահները սկսել էին խափանել կանխիկի «մատակարարման շղթաները», փոխանցումներն սկսել էին արուել կրիպտոարժոյթով։

Չեբոտարը հերքում է

Եթէ Միրչա Մալեկան մոլդովական Fly One-ի 10 %-ի սեփականատէրն ու գլխաւոր տնօրէնն է, ապա Վլադիմիր Չեբոտարն այս ընկերութեան տնօրէնների խորհրդի նախագահն է։ CEIISS-ի վերոնշեալ որոշումից յետոյ Չեբոտարը մոլդովական Jurnal TV-ին յայտնել է հետեւեալը. «Մենք ցուցաբերել ենք համագործակցելու, պարզաբանումներ տալու եւ անհրաժեշտ տուեալներ տրամադրելու պատրաստակամութիւն։ Ցաւօք, երկխօսութիւնը միակողմանի էր։ Իշխանութիւնները հարցնում են, թէ ովքեր են Fly One-ի վերջնական շահառու տէրերը։ Միանգամայն պարզ է, թէ ովքեր են շահառուները։ Նրանց մասին յայտարարուել է տարիներ շարունակ։ Գործընթացը միշտ էլ բացարձակ թափանցիկ է եղել»։

Այսպիսով՝ Չեբոտարը հերքել է, որ իր եւ Մալեկայի ընտանիքներից բացի կամ դրանց փոխարէն այլ շահառու սեփականատէր կայ։

Թէ ինչով կաւարտուի Մոլդովայի իշխանութիւնների եւ Fly One-ի սեփականատէրերի այս առճակատումը, ցոյց կը տայ ժամանակը։ Չի բացառւում, որ հետագայ զարգացումներն ուղիղ կամ անուղղակի ազդեցութիւն ունենան նաեւ «Ֆլայուան Արմենիայի» վրայ։

hetq.am

Share