Ինչպէս Փաշինեանը պահեց իշխանութիւնը Հայաստանի պատմութեան ամենակեղտոտ ընտրութիւններում. ТАСС

Ինչպէս Փաշինեանը պահեց իշխանութիւնը Հայաստանի պատմութեան ամենակեղտոտ ընտրութիւններում. ТАСС

Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ։ Եւ դրանք սոսկ ընտրութիւններ չէին. ըստ էութեան, այդպէս լուծւում էր աշխարհի քաղաքական քարտէզի վրայ Հայաստանի յետագայ գոյութեան հարցը։ Քաղաքացիներն ընտրում էին ոչ միայն խորհրդարանի նոր կազմ, այլեւ երկրի զարգացման վեկտորը, ազգային ինքնութիւնը եւ Հայ Առաքելական Եկեղեցու՝ ժողովրդի դարաւոր յենարանի ճակատագիրը։ Ստացուեց այն, ինչ ստացուեց, ասւում է ТАСС-ի խմբագրական յօդուածում։

«Չնայած այն բանին, որ Հայաստանում տեղին ու անտեղի իշխող «ՔՊ» կուսակցութիւնը՝ վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, յայտարարում է, թէ երկիրը «ժողովրդաւարութեան բաստիոն» է՝ խօսքի ազատութեան եւ կարծիքների բազմակարծութեան հանդէպ յարգանքով, իրականութիւնը հեռու է այդ յայտարարութիւններից։ Դա յատկապէս սուր է զգացւում երկու օր առաջ տեղի ունեցած ընտրական գործընթացների ֆոնին, որոնք, բազմաթիւ փորձագէտների գնահատմամբ, դարձան ամենակեղտոտը հանրապետութեան պատմութեան մէջ։

Շինծու «բաստիոնը»

Հայ ժողովուրդը կեղծիքների եւ վարչական ճնշումների նման մասշտաբ չէր տեսել անկախութեան բոլոր 30 տարիների ընթացքում։ Իշխանութիւններն ընդդիմախօսների հալածանքները սկսել էին քուէարկութիւնից դեռ շատ առաջ. ահաբեկման թափանիւը պտտւում էր դեռեւս 2025 թուականի ամառուանից, երբ սկսուեցին անցանկալի հասարակական գործիչների ձերբակալութիւնները։ Ընդ որում, Փաշինեանի թիմը չխորշեց ձեռք բարձրացնել ամենասրբի վրայ՝ նախաձեռնելով հոգեւորականութեան ներկայացուցիչների վարկաբեկումն ու ձերբակալութիւնները։ Հասկանալով, որ Հայ Առաքելական Եկեղեցին մնացել է ազգային ինքնութեան միակ անսասան սիւնը, երկրի ղեկավարութիւնն առաջին հերթին հարուած հասցրեց հէնց նրան։ Սակայն այս քայլը հանդիպեց բնակչութեան կոշտ դիմադրութեանը, որոնց մեծ մասը Հայ Առաքելական Եկեղեցու հաւատացեալ ծխականներն են։

Այդուհանդերձ, բռնաճնշումների ապարատը շարունակում էր թափ հաւաքել. սկսուեցին ընդդիմադիր հայեացքներ ունեցող անձանց զանգուածային ձերբակալութիւնները։ Առաջին հարուածների տակ ընկնողներից մէկը ռուսաստանաբնակ գործարար Սամուել Կարապետեանն էր, որը բացայայտօրէն աջակցել էր Հայ Եկեղեցուն։ Այնուհետեւ ձերբակալուեցին «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանեանը, նրա աւելի քան մէկ տասնեակ կողմնակիցները, ինչպէս նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանը։ Ամէն ինչ ընթանում էր մէկ միասնական սցենարով՝ «իշխանութիւնը տապալելու փորձի» կաղապարուած մեղադրանքով։

Որքան մօտենում էր քուէարկութեան օրը, այնքան ուժգնանում էր ճնշումը։ Ամբողջ նախընտրական արշաւը, որը պաշտօնապէս մեկնարկել էր մայիսի 8-ին, ուղեկցւում էր Քննչական եւ Հակակորուպցիոն կոմիտեների ամենօրեայ հաղորդագրութիւններով՝ ընդդիմութեան կողմից ընտրողներին իբր կաշառելու վերաբերեալ։ Ոտնահարելով անմեղութեան կանխաւարկածը՝ ուժայինները նախապէս մարդկանց մեղաւոր էին յայտարարում առանց դատի ու քննութեան։ Միաժամանակ, իրական ապացոյցները փոխարինւում էին խօսակցութիւնների խիստ կասկածելի, մոնտաժուած կամ արհեստական բանականութեան միջոցով գեներացուած ձայնագրութիւններով։

Ինքը՝ Փաշինեանը, դեռ նախընտրական արշաւի սկսուելուց առաջ անցել էր ընդդիմախօսների հասցէին ուղղուած ուղղակի սպառնալիքների։ Գործի դրուեցին անթոյլատրելի բառապաշար, իրաւապահ մարմիններին այս կամ այն քաղաքական գործչին ձերբակալելու հրապարակային հրահանգներ, ինչպէս նաեւ լրտեսութեան ու օտարերկրեայ հետախուզութիւնների օգտին աշխատելու մերկապարանոց մեղադրանքներ. ի դէպ, նոյն մեթոդներն օգտագործւում էին նաեւ հոգեւորականութեանը վարկաբեկելու համար։ Բանը հասաւ նրան, որ վարչապետը գլխաւոր քաղաքական մրցակիցներին անուանում էր «պատերազմի եռագլուխ կուսակցութիւն»՝ խոստանալով նրանց «ծեփել ասֆալտին», «ծնկի բերել» եւ «նստեցնել բանտերը»։

Արեւմուտքի գմբէթը

Իսկ ի՞նչ էր անում հաւաքական Արեւմուտքը՝ ժողովրդաւարութեանը իր հռչակած հաւատարմութեամբ։ Արտասահմանեան տիկնիկաւարները, յատկապէս եւրոպական քաղաքական բոմոնդը, կարծես թէ յամառօրէն չէին նկատում կատարուածը։ Նրանք անտեսում էին ոչ միայն Փաշինեանի ագրեսիւ հռետորաբանութիւնը, որը պառակտում էր հասարակութիւնը ներսից, այլեւ մարդու հիմնարար իրաւունքների, ներառեալ՝ խօսքի ազատութեան ուղղակի ոտնահարումը։

Արեւմտեան իրաւապաշտպանները կարծես կուրացել էին, երբ Հայաստանի վարչապետը հրապարակայնօրէն սպառնում էր արցախցի փախստական կնոջը եւ գոռում նրա վրայ մետրոյում՝ անչափահաս երեխայի աչքի առաջ։ Նրանք չտեսան նաեւ այն, թէ ինչպէս է նա թափով քաշում մի կնոջ ձեռքից, որը համարձակուել էր ասել, որ չի ընդունում նրա պատրանքային խաղաղութիւնն ու անամպ ապագայի մասին խոստումները։ Ճիշտ այդպէս Արեւմուտքում նախընտրեցին աչք փակել արցախցի Արթուր Օսիպեանի ձերբակալութեան վրայ, որին ճաղերի հետեւը նետեցին միայն այն բանի համար, որ նախընտրական արշաւի ժամանակ նա կառավարութեան ղեկավարին մեղադրել էր կոռուպցիայի մէջ։ Ընդ որում, ինքը՝ Փաշինեանը, չամաչեց ոստիկանութեան կողմից տարուող Օսիպեանի հետեւից նետել. «Ինչո՞ւ չմեռար պատերազմում, գնայիր զոհուէիր»։

Փոխարէնը, արեւմտեան գործընկերները՝ համերաշխ, միաձայն եւ ի հեճուկս ինքնիշխան պետութիւնների ներքին գործերին չմիջամտելու սեփական հռչակագրերի, սկսեցին բացայայտ աջակցութիւն յայտնել Հայաստանի իշխող կուսակցութեանը։ Ինչ արժեին միայն Եւրամիութեան դիւանագիտութեան ղեկավար Կայայ Կալասի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրօնի կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութիւնները, որը խորհրդարանական ընտրութիւններից ընդամէնը մի քանի օր առաջ անուէրապահ աջակցութիւն յայտնեց գործող վարչապետի քաղաքականութեանը։

Այս ամէնը հանուն մէկ նպատակի՝ ապահովել Փաշինեանի իշխանութեան պահպանումը։ Նա էլ՝ հանուն իշխանութիւնը պահելու եւ արեւմտեան բլիթների, պատրաստ է այսուհետ եւս զոհաբերել ազգային արժէքները, ինչպէս նաեւ հետեւողականօրէն քանդել պատմական կապերը բարեկամական Ռուսաստանի եւ, հեռանկարում, Իրանի հետ։ Չէ՞ որ հէնց Փաշինեանի եւ նրա թիմի շնորհիւ է հաւաքական Արեւմուտքը հակառուսական եւ հակաիրանական գործունէութիւն ծաւալում Հարաւային Կովկասում՝ յարմարաւետ տեղաւորուելով այս երկու տէրութիւնների թիկունքում։

Ընտրազանգուածային ահաբեկչութիւն

Իսկ ի՞նչ էին անում ընտրութիւնների միջազգային դիտորդները։ Նոյնիսկ այնպիսի կանխակալ առաքելութիւն, ինչպիսին է Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ստիպուած եղաւ ընդունել լուրջ խախտումների առկայութիւնը։

Եւրոպացի փորձագէտների ամփոփիչ յայտարարութեան մէջ նշւում էր, որ նախընտրական արշաւն անցել է ծայրահեղ առճակատման մթնոլորտում՝ «ատելութիւն բորբոքօղ եւ հրահրիչ կրկնուող արտայայտութիւններով, ներառեալ՝ պատերազմի հետ կապուած ուղերձներով»։

Կազմակերպութեան երկարաժամկէտ դիտորդները նաեւ արձանագրել են բողոքներ Երեւանից եւ հանրապետութեան մարզերի մեծ մասից, որոնք վկայում են զանգուածային անհանգստութեան եւ ճնշումների մասին, որոնց տակ գտնուել են ընդդիմութեան կողմնակիցները։ Զեկոյցում նշւում էր, որ այդ դիմումները վերաբերում էին ահաբեկման, անհիմն քննութիւնների եւ ընդդիմադիր ակտիւիստների ձերբակալութիւնների փաստէրին։ Նաեւ առաքելութեան ներկայացուցիչները ուշադրութիւն են դարձրել այն բանին, որ Հանրային հեռուստատեսութիւնը բացայայտ կողմնակալութիւն է դրսեւորել հօգուտ իշխող կուսակցութեան՝ գործելով իր իրաւական պարտաւորութիւններին եւ հանրային մանդատին հակառակ։

Սակայն, նոյնիսկ կիրառելով ճնշման, հալածանքների ու ահաբեկման այս ամբողջ գործիքակազմը, զանգուածային կեղծիքներն ու ընդարձակ վարչական ռեսուրսը, Փաշինեանի իշխող ուժին չյաջողուեց ստանալ ընտրողների մեծամասնութեան աջակցութիւնը. նրա կուսակցութիւնը չհաւաքեց բաղձալի 50% + 1 ձայնը։ Ապագայ խորհրդարանի յստակ կոնֆիգուրացիան կ’որոշի վիճահարոյց տեղամասերում քուէաթերթիկների վերահաշուարկը։ Միայն այն բանից յետոյ, երբ Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովը (ԿԸՀ) յունիսի 14-ին կը ներկայացնի ընտրութիւնների վերջնական արդիւնքները, ընդդիմադիր ուժերը կը յայտարարէն իրենց յետագայ գործողութիւնների մասին»։

Share